Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՌուսաստան

Ռուսաստանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահող երկիր: Խորհրդի անդամներից յուրաքանչյուրը մեկ ամիս նախագահում է ռոտացիայի սկզբունքով: Թեեւ Ուկրաինայի իշխանությունները փորձել են համոզել չեղարկել որոշումը, սակայն ապարդյուն, մասնավորապես, ամերիկյան կողմը հայտարարել է, որ չի կարող խոչընդոտել Ռուսաստանին՝ խորհրդի մշտական անդամին, զբաղեցնել նախագահի պաշտոնը ըստ ՄԱԿ-ի կանոնադրության։

Նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր տարբերակը։ Փաստաթուղթը սահմանում է Ռուսաստանի Դաշնության միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, ինչը նաեւ ճանապարհային քարտեզ կլինի ՌԴ ԱԳՆ-ի եւ այլ գերատեսչությունների համար։ Փոփոխությունները նախաձեռնվել են «միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորը ձեւափոխությունների պատճառով»։ Նոր տարբերակում հատուկ նշվել է՝ Ռուսաստանը հատկապես կարեւորում է Չինաստանի եւ Հնդկաստանի հետ կապերի համակողմանի խորացումը եւ համակարգումը:

ՌԴ ԱԳՆ. «Ֆինլանդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի։ Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել ռազմատեխնիկական եւ այլ բնույթի պատասխան միջոցներ՝ սպառնալիքները  վերացնելու համար»:

Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի  հետեւանքով մահացել է ռուսաստանցի ռազմական բլոգեր Մաքսիմ Ֆոմինը, որը հայտնի էր Վլադլեն Տատարսկի կեղծանունով։ Բացի այդ, տուժել է ավելի քան 40 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն սպանության քրեական գործը վերաորակավորել է ահաբեկչական գործողության։ Նախնական տվյալներով պայթյունի կազմակերպիչները ուկրաինական հատուկ ծառայություններն են։ Ընդ որում, ՌԴ պետական քաղաքականությունը հանրայնացնող եւ հատուկ ռազմական գործողությանն աջակցող անձանց թիրախային ոչնչացման արդեն երկրորդ դեպքն է արձանագրվում հենց ՌԴ տարածքում։

ՌԴ կառավարությունը կպարզեցնի ոչ բարեկամական երկրներից հայրենակիցների՝ Ռուսաստանում վերաբնակվելու կարգը հատուկ պետական ծրագրով, ասել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Շրի Լանկայի իշխանությունները երաշխիքներ են տվել պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան նավերն ու օդանավերը չձերբակալելու մասին։ 2022 թ. հունիսին Կոլոմբոյում ձերբակալվել էր «Աէրոֆլոտի»  Airbus A330 օդանավը։ Ավելի ուշ դատարանը թույլատրեց օդանավի վերադարձը Ռուսաստան, սակայն «Աէրոֆլոտը» դադարեցրել էր Շրի Լանկա թռիչքները։ Այժմ օդահաղորդակցությունը վերսկսվել է։

Ուգանդայի նախագահի որդին՝ գեներալ Մուհուրի Կայներուգաբան հայտարարել է, որ երկիրը բանակ կուղարկի Մոսկվան պաշտպանելու, ինքն էլ չի վախենում, եթե այդ խոսքերից հետո իրեն «պուտինիստ» անվանեն։ Ավելի վաղ նա ասել է, թե Ռուսաստանի վրա հարձակումը իր երկիրը կդիտարկի որպես հարձակում Աֆրիկայի վրա:

2023 թվականի ապրիլի 1-ից հուլիսի 15-ը ռուսական բանակ պարտադիր ժամկետային ծառայության կզորակոչվի 147 000 մարդ։

Չինաստանի բանակը պատրաստ է համագործակցել ռուսական բանակի հետ ռազմավարական հաղորդակցության եւ համակարգման հետագա ամրապնդման համար երկու երկրների ղեկավարների համաձայնությունն ամբողջությամբ իրականացնելու, ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւ. «Ռամշտայն» կոալիցիայի մաս կազմող շուրջ 50 երկիր աջակցում է Կիեւի ռեժիմին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի պետությունների տարածքում ակտիվորեն ուսուցանվում են ուկրաինացի զինծառայողներ։

ԱՄՆ-ը դադարեցնում է Ռուսաստանի հետ միջուկային ուժերի մասին տվյալների փոխանակումը՝ ի պատասխան պայմանագրին մասնակցությունը կասեցնելու Մոսկվայի որոշմանը։ 2011-ի փետրվարին ստորագրված, 2021-ի սկզբին երկարաձգված եւ 2026-ին ավարտվող պայմանագիրը սահմանափակում է ռազմավարական միջուկային մարտագլխիկների քանակը երկու երկրների սպառազինությունում եւ սահմանում է պայմանագրի համապատասխանության ստուգման մեխանիզմներ:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը միջուկային ոլորտում՝ ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել են շարունակել շփումները, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Ապրիլի 3-4-ը Մոսկվայում քառակողմ խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարների մակարդակով։ Քննարկվել են այդ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջիկա հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր։

 

Թուրքիա

Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը այլեւս չի կարողանա այցելել թուրք պաշտոնյաներին, մայիսի 14-ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպելու պատճառով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը պաշտպանելու մասին հայտնել է Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը։

Էրդողանը Արեւմուտքին թույլ չի տա երկիրը ներքաշել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Նա նաեւ հայտարարել է Թուրքիա Վլադիմիր Պուտինի հնարավոր այցի մասին։ Ապրիլի 27-ին նախատեսվում է միջուկային վառելիքի բեռնում ռուսական ընկերության կառուցած «Աքքույու» ատոմային էլեկտրակայան։

 

Իրան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը այցելել է Մոսկվա, բանակցություններ վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Իրանն 8 տարվա ընդմիջումից հետո առաջին դեսպանն է նշանակել։ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ադրբեջանական լրատվամիջոցներն Իրանին մեղադրել են պատգամավոր Ֆազիլ Մուստաֆի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ։

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը միջազգային դատարան կդիմի իսրայելական վարչախմբի ագրեսիվ գործողությունների համար։ Իրանը նաեւ իրավունք է վերապահում պատասխանելու Իսրայելին։ Մարտի 31-ին եւ ապրիլի 2-ին Սիրիայի վրա իսրայելական հարձակման արդյունքում Իրանի երկու ռազմական խորհրդական է զոհվել։

Իրանում պատրաստվում են տիեզերք արձակել «Զաֆար 2» նոր արբանյակը, ինչը կհամարվի երկրի տիեզերական արդյունաբերության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը նշել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ տարածաշրջան տեղափոխված սիրիացի ահաբեկիչների առկայությունը խնդիր է եւ Իրանը չունի որեւէ հիմնավոր ապացույց տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։ Նա նաեւ հավելել է, որ տարածաշրջանում պետական սահմանների փոփոխություններն անօրինակ են։ Իրանը հարգում է հարեւան երկրների սահմանները եւ թույլ չի տա որեւէ փոփոխություն։

 

Ադրբեջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ։ Քննարկվել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները։

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը հայտարարել է, որ եթե այս գարնանը ադրբեջանական հարձակում չլինի, ապա կարելի է ասել, որ ԵՄ առաքելությունը հաջողել է։

Իրանը սպառնում է տարածաշրջանին եւ անկայունություն է ստեղծում Մերձավոր Արեւելքում, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ երկու երկրները պետք է համատեղ գործեն Իրանի դեմ։

Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին էլ Ադրբեջանի իշխանություններից պահանջել է բացատրել հակաիրանական համագործակցությունն Իսրայելի հետ, ինչից հետո Ադրբեջանում հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար։

Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանական հրապարակումների եւ հոդվածների պատճառով։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել բողոքի նոտան։

Բաքվի ու Թեհրանի միջեւ հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում շարունակվել է «իրանական լրտեսների» փնտրտուքը, արդեն ավելի քան 400 կրոնական գործիչ եւ ակտիվիստ է ձերբակալվել:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին եւ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Տարածաշրջան


06/04/2023