«ՏԱՔ ԳԼԽԱՐԿՆԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ՝ ՏԱՔ ՍՐՏԵՐԻՑ»
ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները մասնակցել են «Աուտիզմ ազգային հիմնադրամի» կազմակերպած «Տաք գլխարկներ զինվորներին՝ տաք սրտերից» միջոցառմանը, որի ժամանակ ներկայացվեցին կենտրոնի սաների ստեղծագործական աշխատանքներն ու ձեռքբերումները: Միջոցառման ընթացքում սպաներին հանձնվեց ծնողների եւ կենտրոնի աշխատակիցների օգնությամբ հատուկ կարիքներ ունեցող դեռահասների գործած 120 գլխարկ՝ սահմանապահ զինվորներին փոխանցելու համար:
ԶՈՒ ԲՀԱ վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Ադամյանը և ավագ սպա, փոխգնդապետ Արմինե Հովհաննիսյանը նվերները հանձնեցին ցուրտ բնակլիմայական պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող և 2022 թվականի արդյունքներով զորատեսակի լավագույնը ճանաչված զորամասի զինծառայողներին:
Չուշացավ նաև զինվորների պատասխանը: Այս գեղեցիկ նախաձեռնությունից անակնկալի եկած՝ նրանք իրենց ձեռքով գրված ջերմ և սիրառատ շնորհակալական նամակները խնդրեցին փոխանցել կենտրոնի սաներին:
Օրերս «Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնում հանդիսավոր պայմաններում նամակները փոխանցվեցին երեխաներին, իսկ տնօրինությունը՝ ի դեմս կենտրոնի երիտասարդների ծրագրի ուսումնական մասի ղեկավար Ինեսա Հարությունյանի, պարգևատրվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի շնորհակալագրով:
ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում