Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ



ՄԱՇՏՈՑՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸՀայոց պատմության իմացությունը պարտադիր է ամեն հայի եւ, մասնավորապես, հայ զինվորի համար, որը նույն այդ պատմությունը կերտած եւ կերտող ժողովրդի պաշտպանության, իր երկրի անվտանգության ապահովման մեծ եւ պատասխանատու ծառայության մեջ է։ Այս առումով ոչ միայն հետաքրքիր, այլեւ ուսանելի է իմանալ, ճանաչել այն մեծագույն հայերի անձն ու գործը, որոնք բացառիկ դերակատարություն են ունեցել մեր ազգային ճակատագրում, ոչ միայն իրենցով նշանավորել են իրենց իսկ ապրած դարաշրջանը, այլեւ ուղիներ հարթել գալիք ժամանակների համար, շրջադարձային քայլ ապահովել իրենց ծնող  ժողովրդի կյանքում եւ դրանով իսկ դարձել անզուգական, եզակի։

Այս համարից սկսում ենք «Տասը մեծագույն հայեր» շարքը՝ առաջնորդվելով հիշյալ սկզբունքով։ Հասկանալի է՝ հայոց մեծերի «ցուցակագրում» գոյություն չունի, եւ տասը թիվն այստեղ կարելի է համարել հայեցողական՝ կախված ընթերցողի ըմբռնումներից, սեփական կարծիքն ունենալու նրա իրավունքից։

Շարքն սկսում ենք սուրբ Մեսրոպ Մաշտոցով։

 

1962 թ. մայիսի 26-ին համայն հայությունը մեծաշուք հանդիսավորությամբ նշեց իր երախտավոր զավակներից մեկի՝ հայ գրի եւ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը։ Օրը պատահականորեն չէր ընտրված՝ Ավարայրի ճակատամարտի օրն էր, եւ խորհրդանշական այս համընկնումը ոչ միայն խոր իմաստ եւ բովանդակություն էր հաղորդում ողջ տոնակատարությանը, այլեւ, առաջին հերթին, Մաշտոցի բուն գործին, որն իրավամբ պետք է կոչել սխրագործություն, մեր առաջին մատենագիրների խոսքով՝ «սքանչելագործություն»։

Անշուշտ,  այստեղ կարեւոր իրողություն պետք է դիտել այն, որ Ավարայրի ճակատամարտում Վարդանանց հետ կռվում էին Մաշտոցի աշակերտներից շատ շատերը, եւ ճակատամարտի ոգին ու մեծ նահատակը՝ սպարապետ Վարդան Մամիկոնյանը, որը հայ գրի ստեղծման ջերմեռանդ պաշտպան ու ջատագով Սահակ Պարթեւի թոռն էր, մեկն էր նրանցից, ովքեր անմիջականորեն Մաշտոցի «ձեռքի տակ» սովորել էին հեգել «այբ-բեն-գիմը»։ Այնուհանդերձ, կար առավել կարեւոր մի իրողություն, որի գնահատականը տվեց Պարույր Սեւակը Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված հանդիսությանը կարդացած իր զեկուցման մեջ. «Ավարայրի ճակատամարտը, եթե կուզեք, ըստ էության, տեղի ունեցավ ոչ թե 451-ին, ոչ թե Տղմուտ գետակի ափին, այլ մոտավորապես կես դար առաջ, Գողթան գավառի այն քարանձավներում, որտեղ Մաշտոցը, իր աշակերտի վկայությամբ՝ «Տրտում հոգսերով պաշարված ու թակարդված՝ մտածմունքների ծովն էր ընկած, թե ինչպիսի ելք գտնի իր եղբայրների ու ազգականների համար, երբ նա վերջնականապես վճռել էր հոգալ իր ժողովրդի փրկության գործը»։

Փորձենք մանրամասնել այս խոսքը՝ հասկանալու համար Մաշտոցի գործի բացառիկությունն իր նշանակությամբ։

387 թվականին Հայաստանը բաժանվեց երկու հզոր ախոյանների՝ Հռոմեական կայսրության (հետագայում՝ Բյուզանդիա) եւ Պարսկաստանի միջեւ։ Դա այդ աշխարհակալ երկրների միջեւ մղվող երկարատեւ պատերազմների տխուր հետեւանքն էր, նրանց ռազմական եւ քաղաքական խաղերի համար մշտական թատերաբեմ դարձած Հայոց երկրի դառը ճակատագիրը։ Այլեւս չկար Արշակունյաց թագավորությունը, որը որպես կենտրոնական իշխանություն` միավորում էր երկրի տարանջատ ուժերը, հայրենիքին դավաճանել, թշնամու կողմն էին անցել մի շարք ազդեցիկ նախարարներ, քրիստոնյա Բյուզանդիան ոչ միայն հրաժարվել էր օգնության ձեռք մեկնել իր հարեւան հավատակից ազգին, այլեւ ինքն էր դարձել հակառակորդ կողմ, եւ մասնատված Հայաստանի կործանումը թվում էր մոտալուտ ու անխուսափելի։ 5-րդ դարի պատմիչ Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ տվել է այդ ժամանակաշրջանի իրական պատկերը. «…Եվ երկու թագավորները՝ Հունաց եւ Պարսից, իրար հետ խորհուրդ արին եւ համաձայնության եկան։ Նրանք հարմար համարեցին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենց միջեւ։ Նրանք ասում էին. «Մեր երկուսիս միջեւ ընկած է այս հզոր եւ հարուստ թագավորությունը, լավ կլինի, որ այս միջոցով թուլացնենք ու խանգարենք նրան իր Արշակունի թագավորներով, հետո կաշխատենք նրանց էլ կրճատել, աղքատացնել եւ մեր ծառայությանը ենթարկել, որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրացնել»։

Թշնամյաց խոսքը, ցավոք, նաեւ բռնակալի գործ էր, եւ Հայաստանի բաժանումից շատ չանցած՝ երկիրը կանգնեց իր քաղաքական եւ ազգային ինքնուրույնության վերջնական կործանման անդունդի եզրին։ Ի՞նչ անել։ Ահա այս հարցն էր, որ դարձավ 4-րդ դարի վերջի եւ 5-րդ դարի հայ իրականության մեջ ծավալվող փոթորկահույզ իրադարձությունների առանցքը։ Այս հարցն էր, որ տալիս էին հայրենիքի ճակատագրով մտահոգ շատ շատերը եւ սպասում պատասխանի։ Մաշտոցը, բարեբախտաբար, այդ հարցի պատասխանն ուրիշներից սպասողների մեջ չէր։ Հրաշալի է Սեւակի ձեւակերպումը. «Տարոնի Հացեկացում ծնված այդ մարդը չեկավ մեկով էլ  ավելացնելու հարցնողների անպակաս քանակը։ Նա եկավ, որ պատասխանը գտնի»։

Եվ գտավ. «Ի՞նչ անել» տանջալից հարցին նրա պատասխանը միակն էր եւ եզակի, ինչպես ճշմարտությունն ինքը, այն է՝ հայրենիքի փրկության ելքը ժողովրդի ազգային ինքնության պահպանումն է, նրա ինքնաճանաչողության բարձրացումը, կրոնը, լեզուն, հավատալիքները օտար ազդեցությունների ամենակուլ երախից պաշտպանելը, իսկ դա կարելի եւ պետք է անել սեփական գիր ու դպրություն ունենալու միջոցով։ Գալով նման վճռի, Խորենացու խոսքով ասած՝ «հնարքը գտնելով», Մաշտոցը լուծում էր ոչ այնքան մշակութային-հոգեւոր, որքան քաղաքական խնդիր, որով նրա պատվելի անձը պարզապես գիր ստեղծողից վերածվում էր խորաթափանց քաղաքագետի, եւ արած գործն էլ դառնում էր քաղաքագիտական խոշորագույն հաղթանակ։

Մաշտոցը խորությամբ ըմբռնեց ժամանակի գլխավոր պահանջը՝ ազգային ինքնության եւ միասնության պահպանման համար պետք է երկու հզոր երաշխիք։ Դրանցից մեկը հայ մշակույթն էր՝ որպես հոգեւոր մեծագույն արժեք, մյուսը հայ եկեղեցին՝ որպես հայության ուժերը միավորող, կազմակերպող անփոխարինելի գործոն։ Մաշտոցյան գրերն էին, ահա, որ եկան ամրապնդելու, զորացնելու այդ երաշխիքները՝ դնելով սկիզբը հայալեզու դպրության, որով կրթվելու, լուսավորվելու էր հայ մանուկը՝ կարդալով եւ գրելով իր սքանչելի մայրենիով, ապա եւ հայ եկեղեցին իրապես հայանալու էր՝ իր պատերի ներսից դուրս մղելով հունարենն ու ասորերենը, եւ դառնալով ազգային-հոգեւոր կյանքի կազմակերպման հզոր ուժ։ Ոչ թե պարզապես քրիստոնյա, այլ հայ քրիստոնյա. այս սկզբունքով եկեղեցում այլեւս հնչելու էին հայերեն ժամերգություններ, քարոզներ եւ աղոթքներ, հայերենի էին փոխադրվելու եկեղեցական արարողությունների գրքերը, կանոնները եւ եկեղեցական հայրերի թղթերը։ Սրանով ստեղծվում էին ազգային ինքնության ու հավատի պահպանման այն ազդակները, որ հայ զինվորին առաջնորդելու էին Ավարայրի ճակատամարտում, եւ միանգամայն ճիշտ է ասել, որ Վարդանանց հետ կռվել են նաեւ հայոց գրերը, եւ, ուրեմն, կռվել է նաեւ ինքը՝ Մաշտոցը։

Մաշտոցը ոչ միայն եկեղեցական, այլեւ պետական խոշոր գործիչ էր իր աշխարհայացքով, կենսագրությամբ եւ հստակ գործերով։ Թեեւ տարբեր վարկածներ կան, այնուամենայնիվ, հայագիտության մեջ ընդունված է այն տեսակետը, որ մաշտոցյան գրերը Հայաստան են մուտք գործել 406 թվականին։ Մաշտոցը սովորել է իր ծննդավայր Տարոնի հունալեզու դպրոցներից մեկում, ինչպես իր աշակերտ եւ առաջին կենսագիր Կորյունն է գրում «Վարք Մաշտոցի» երկում՝ «Մանկության տարիներից վարժվելով հելլենական դպրության մեջ»։ Կա ենթադրություն, որ այստեղ նա սովորել է նաեւ ռազմական արվեստ, ինչպես ընդունված էր ժամանակին։ Եղել է բացառիկ ընդունակությունների տեր պատանի, եւ դա էլ նրան ստիպել է թողնել հայրենի Տարոնն ու մտնել ավելի լայն ասպարեզ՝ տեղափոխվելով Վաղարշապատ, որը Հայաստանի քաղաքական եւ մշակութային կյանքի կենտրոնն էր։ Այստեղ էլ նա պետական ծառայության է ընդունվում հայոց Արշակունիների արքունիքում, ինչը պատահականություն համարել չի կարելի՝ գյուղացի մի պատանու հենց այնպես արքունական ծառայության չէին վերցնի։ Ուշագրավ է Կորյունի վկայությունը. «…Եկել-հասել էր մեծ Հայաստանի Արշակունի թագավորների դուռը, կացել էր արքունի դիվանատանը՝ դառնալով արքայի տված հրամանի կատարողը… Նա տեղյակ եւ հմուտ էր աշխարհական կարգերին, իր զինվորական արվեստով սիրելի էր դարձել իր զորականներին»։

Չունենալով ոչ մի հիմք կամ վկայություն՝ պատմաբան Հակոբ Մանանդյանը հայտնել է այն կարծիքը, թե Մաշտոցը ծառայել է արքունի դիվանատանը իբրեւ զինվոր ու հասարակ դպիր»։ Այս տեսակետը, կարելի է ասել, հիմնավորապես ժխտել է հայագիտությունը այն պարզ պատճառաբանությամբ, որ աշխարհական կարգերին տեղյակ հմուտ անձը, իր զինվորական արվեստով զորականներին սիրելի դարձած մարդը արքայական դիվանատանը չէր կարող լինել սոսկ «զինվոր եւ հասարակ գրագիր»։ Սա, ըստ էության, ժխտում է հենց Խորենացին իր մի վկայությամբ. Պարսից արքայի կողմից հայոց Վռամշապուհ թագավորը մեկնում է Միջագետք` պարսկաբյուզանդական հերթական ընդհարումները դադարեցնելու եւ խաղաղություն հաստատելու առաքելությամբ։ Մաշտոցն այդ ժամանակ հեռացել էր արքունիքից եւ Գողթն գավառում զբաղվում էր գիտությամբ ու լուսավորությամբ։ Այնպես որ՝ նա արքայական պատվիրակության մեջ լինել չէր կարող, բայց, ահա թե ինչ վիճակում էր հայոց արքան Խորենացու վկայությամբ. «…Նա քիչ նեղություն չէր կրում քարտուղարի պատճառով, որովհետեւ այն օրից, ինչ Մեսրոպն արքայական դռնից հեռացավ, ոչ մի ճարտար դպիր գտնել չէր կարողանում…»

Ակնհայտ է, որ արքունիքից Մաշտոցի հեռանալով` Վռամշապուհ թագավորը զրկված է եղել ոչ թե պարզապես «զինվորից ու հասարակ» գրագրից, այլ հմուտ քաղաքագետից ու դիվանագետից, մեծ հեղինակություն վայելող զինվորական պետական գործչից, այլապես դրա համար «նեղություն չէր կրի»։

Կարծում ենք՝ անվիճելի պետք է համարել այն, որ արքունիքում գրաված զինվորական-պետական բարձր դիրքն էլ Մաշտոցին հնարավորություն է տվել մոտիկից առնչվելու երկրի գործերին, հասու լինելու տիրող իրավիճակին եւ, ձեւավորվելով որպես պետական մտածող մեծ քաղաքացի եւ ջերմ հայրենասեր, արդեն այդ տարիներից սկսած խորհելու հայրենիքի փրկության մասին եւ, ի վերջո, գտնելու միակ ելքը՝ հայը պետք է ունենա իր գիրը, այբուբենը, դպրությունը՝ որպես ինքնության անջնջելի կնիք, նա պետք է հասնի ինքնաճանաչման` ուծացման, ոչնչացման վտանգի դեմ դնելով իր հզոր հոգեւոր ուժը, իր հավատը։

Գրերի գյուտից հետո Մաշտոցի ողջ գործունեությունը ծառայեց հենց այդ նպատակին։ Սկսվեց մեսրոպյան շարժումը, որի առաջին ձեռնարկումը դպրոցներ բացելն ու հայ մանուկներին կրթելը, լուսավորելն էր մայրենի լեզվով, եւ Մաշտոցն էր, որ դարձավ հայոց դպրոցի հիմնադիրն ու առաջին ուսուցիչը։ Տիտանական աշխատանք, որը պահանջում էր աջակիցներ ու հովանավորներ։ Այդպիսիք, բարեբախտաբար, գտնվեցին։ Նրանք ժամանակի երեւելի դեմքերն էին՝ հայոց Վռամշապուհ արքան եւ հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը։

Առաջին հայկական դպրոցը, բնականաբար, բացվեց մայրաքաղաք Վաղարշապատում, եւ շրջանավարտները՝ որպես ուսուցիչներ, մեկնում էին գավառներ՝ տեղերում բացելու նոր դպրոցներ։

Կրթական գործն սկսվել է հենց երկրի ավագանուց եւ զորաբանակից, այսինքն՝ քաղաքական եւ ռազմական վերնախավից, ինչը պատահական չէր՝ ե՛ւ Մաշտոցն ու Սահակ Պարթևը, ե՛ւ Վռամշապուհ արքան լավ հասկանում էին, որ երկրում լուսավորություն տարածելու եւ դրանով իսկ ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու համար նախեւառաջ լուսավորյալ պետք է լինի երկրի ղեկավար ուժը։

Կորյունի վկայությամբ՝ կատարվել էր «աշխատանքի բաժանում». Սահակը լուսավորություն պետք է տարածեր «կայենականների մեջ» (հնում «կայեն» նշանակել է «կայան»), այսինքն՝ զորակայաններում, զինվորների մեջ, Մաշտոցը՝ «հեթանոսների սփյուռքում», այսինքն՝ ծայրագավառներում, որտեղ հեթանոսությունը դեռեւս ուժեղ էր։

Հայագիտության մեջ կա այն կարծիքը, թե հատկապես զորակայաններում լուսավորության տարածումը կարեւորվել է Վռամշապուհ արքայի, Մաշտոցի եւ Սահակի համատեղ որոշմամբ, եւ այստեղ իր դերն է խաղացել նախկին զինվորական Մաշտոցի խոսքը՝ զինվորների կրթությունն ազգային լեզվով բանակի հզորացման անփոխարինելի միջոց է։

Գրերի գյուտով երկրում սկսվեց եռանդուն թարգմանչական շարժում, որի գլուխ կանգնած էր Մաշտոցը՝ հայ առաջին թարգմանիչը, եւ նրա կողքին իր աշակերտներն էին՝ Ղեւոնդը, Հովհան Եկեղեցացին, Եզնիկ Կողբացին, Հովսեփ Վայոցձորեցին եւ շատ ուրիշներ։ Հատկանշական է, որ առաջինը ձեռնարկելով Աստվածաշնչի թարգմանությունը` Մաշտոցը, որպես սկիզբ, ընտրեց նրա հատվածներից մեկը` Սողոմոնի առակների գիրքը, որը կրոնական-միստիկ բովանդակություն չունի, այնտեղ գերազանցապես աշխարհիկ իմաստաբանություններ եւ ասույթներ են, եւ հայերեն թարգմանված առաջին նախադասությունն էլ այդպիսին էր. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Սա հենց այն միտքն էր, որ Մաշտոցը դրել էր իր կրթական-լուսավորական գործունեության հիմքում։

Աստվածաշնչի մաշտոցյան թարգմանությունը օտարները համարեցին «Մայր ամենայն թարգմանությանց», իսկ գրերի գյուտից կարճ ժամանակ անց հրապարակ եկած հայ դասական գրականության առաջին մատյանները` Կորյունի, Ագաթանգեղոսի, Եղիշեի, Բուզանդի, Խորենացու պատմական երկերը, Կողբացու «Եղծ աղանդոց» փիլիսոփայական-աստվածաբանական քննախոսությունը, Մանդակունու հռետորական «Ճառքը» եւ այլն, այսօր էլ զբաղեցնում են աշխարհի գիտնականների միտքը՝ որպես եզակի սկզբնաղբյուր հատկապես Արեւելքի պատմության կնճռոտ հարցերն ուսումնասիրելիս։

Մաշտոցը նաեւ հայ առաջին լեզվաբանն էր։ Նա ուսումնասիրեց ժամանակի հայտնի այբուբենները՝ հունական, ասորական, պարսկական, արամեական եւ գտավ, որ դրանցից եւ ոչ մեկը պիտանի չէ հայոց լեզվի հնչյունական համակարգն արտահայտելու համար։ Ուստի, պետք է ստեղծել բոլորովին նոր այբուբեն եւ ոչ միայն նոր, այլեւ ինքնուրույն՝ խորապես ազգային այբուբեն՝ նույնիսկ կետադրական տառաձեւերով, նշաններով։ Եվ ֆրանսիացի մեծ լեզվաբաններից մեկը՝ Մեյեն, գրերի գյուտից 1500 տարի անց պետք է փաստեր. «Հայկական այբուբենի համակարգը գլուխգործոց է»։

Մաշտոցը նաեւ հայկական թվարկության այբբենական համակարգի ստեղծողն էր (թվերը՝ նաեւ տառերով) մեծ երաժիշտ էր ոչ միայն եղանակներ հորինելու փաստով, այլեւ այն պարզ իրողությամբ, որ հայոց լեզվի հնչյունները հստակորեն տարբերակել, նրբորեն որսալ կարող էր միայն երաժշտական սուր ականջ ու լսողություն ունեցող մարդը։

Մաշտոցը հանճար էր, եթե արտահայտվենք պատկերավոր` իր անձով եւ գործով նա եղավ մեծ Սկիզբ, բայց եւ դարձավ մեծ Շարունակություն, եւ դրանում է նրա բացառիկությունը։

ՆՈՐԱՅՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Պատմության էջերից


06/04/2023