ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ՝ ՏՏ ՈԼՈՐՏ
Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամ զինվորները հնարավորություն ունեն նոր մասնագիտություններ ստանալ տեղեկատվական տեխնոլոգիաների/ՏՏ/ ոլորտում: 2021-ին մեկնարկած «Վիրավոր և հաշմանդամ զինվորների համար տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ» ծրագրի իրականացումն ստանձնել է «Մտքի զարկ» հասարակական կազմակերպությունը:
-Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջում բուժակի որակավորում ստանալուց հետո անցել եմ ծառայության: Ծառայությանս ժամանակահատվածը համընկավ պատերազմին: Պատերազմում վիրավորվեցի ու տեղափոխվեցի Երևան: Ֆիզիկապես առողջանալուց բացի պետք է մտածել նաև հոգեպես վերականգնվելու և ավելի լավ ապագա կառուցելու մասին: Որոշեցի հմտանալ ՏՏ ոլորտում: Դասընթացները բավական բարդ, բայց հաղթահարելի են, քանի որ հստակ նպատակ ու ցանկություն ունեմ»,- պատմում է Ալբերտ Մեյրոյանը: «Մտքի զարկ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Լիլիթ Սահակյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում տղաները կարող են նաև ավելի լավ վաստակել:
– Պատերազմում վիրավորվելուց հետո մասնակցել եմ այս ծրագրին: Այն հաջողությամբ ավարտելուց հետո արդեն երեք ամիս է աշխատում եմ,- պատմում է Հարություն Գևորգյանը:
Ծրագիրն արդեն տվել է մոտ երեք տասնյակ շրջանավարտ, որոնց մի մասը պատրաստվում է անցնել աշխատանքային փորձաշրջան, իսկ շատերն էլ արդեն աշխատում են:
ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Բանակ և հասարակություն