Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ



ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ-Հավսա՛ր, զգա՛ստ,- լսվում է սպայի հրամանը:

Մեր այցի պահին զորամասում պարապմունքներ են, որոնց մասնակցում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները:

Շարքային Արմենակ Սարդարյանը այս ծրագրի առաջին մասնակիցներից է։ Ուժերի առավելագույն լարումով պատրաստվում է առաջիկա քննություններին, վարժվում, օրեցօր հմտանում՝ գիտակցելով իր առջև դրված պատասխանատվությունը։

Պայմանագրային զինվորական ծառայության նոր ձևաչափն ընտրած զինծառայողներից յուրաքանչյուրի մոտ նկատելի է լավ մասնագետ դառնալու և բանակի մարտունակությունն ամրապնդելու պատրաստակամությունը։

Հանգստի պահին զրուցում ենք նրանց հետ:

-Դժվարություններից չեմ նեղվում, եթե որոշել եմ, ուրեմն՝ որոշումս անբեկանելի է,- ասում է Արմենակը:

-Անցնում ենք լուրջ  վերապատրաստում: Ամեն օր մարզվում ենք, սովորում: Գիտակցում ենք մեր հանձն առած գործի պատասխանատվությունը,- շարունակում է ծրագրի մյուս մասնակից Դավիթ Դավթյանը:

«Պաշտպան հայրենյացը» շատերին է գրավել իր առավելություններով ու տրամադրվող սոցիալական արտոնություններով։ Հայրենիքի պաշտպանության գործին զինվորագրվելու նոր ծրագրի հիմքում մրցակցային բարձր նշաձող է դրված, որին հասնելու համար պետք է անդադար սովորել ու ձեռք բերել անհրաժեշտ հմտությունները։

Ուսումնական փուլի ավարտին քիչ ժամանակ է մնացել։ Մի քանի շաբաթից տղաները կհանձնեն ատեստավորման քննություններ մասնագիտական, ֆիզիկական ու կրակային պատրաստությունից, ուստի, հայրենյաց պաշտպանների օրակարգի կարևոր բաղկացուցիչն է դարձել ստուգարքի փորձնական փուլը՝ նկատվող թերություններն արագ շտկելու համար։

-Ծառայողական առօրյան հագեցած է՝ ուսումնական կենտրոնում գործնական հմտություններն ենք ամրապնդում նաև «Մայլս» համակարգի միջոցով։ Պետք է այնքան լավ պատրաստվեմ, որ քննությունները գերազանց հանձնեմ,- վստահ տոնով ասում է Գագիկ Բարսեղյանը:

Ուսումնական անգնդակ փամփուշտներով անձնակազմը կատարում է առաջադրված կրակային խնդիրները։ Խաղարկային վարժանքի նպատակը մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների արագ ու ներդաշնակ գործելու կարողությունները զարգացնելն է։

Սա  տղաների «Մայլս» համակարգով գործնական վարժանքի առաջին փորձն էր, որի արդյունքները կվերլուծվեն, և թերությունները կշտկվեն։ Առջևում ուսումնական նոր վարժանքներն են՝ ինտերակտիվ լուծումներով՝ միտված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի գլխավոր նպատակի իրագործմանը՝ բարձրացնելու զինվորական ծառայության գրավչությունը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/04/2023