ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՈԳԵՇՆՈՐՀ Տ. ՄՈՎՍԵՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ Հարություն առավ»:
(Ղուկ. 24:5-6)
Սիրելի սպաներ և զինվորներ,
Ավետարանական այս կենսաբեր ավետիսով ենք դիմավորում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոներից երկրորդն է և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթանակը մահվան հանդեպ։ Ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Մահը կուլ գնաց հաղթանակին: Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա. Կորնթ. 15.54-55)։
Սուրբ Հարության տոնը՝ հաղթանակի տոն է, հաղթանակ մեղքի և մահվան հանդեպ, հրավեր՝ Քրիստոսով նոր կյանք սկսելու:
Այս մտորումով պետք է ընթանանք առաջ՝ դիմագրավելու այն բոլոր փորձություններին ու մարտահրավերներին, որոնք գալիս են մեզ հանդիման: Ժամանակակից, փոփոխվող աշխարհում Ավետարանը չի կորցրել իր արդիականությունը, և Աստված շարունակ մեզ հորդորում է հետևել հաղթանակած Քրիստոսին, հեռու մնալ մեղքից, ձերբազատվել բացասական երևույթներից, որոնք խաթարում են մեր կյանքը, նորովի նորոգել մեր իրականությունը՝ հիմնված ճշմարիտ հավատքի, եղբայրասիրության և հայրենասիրության բարձր արժեքների վրա:
Աստվածորդու Հրաշափառ Հարության տոնի ուրախ ու հուսաբեր առիթով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, ԶՈՒ Հոգևոր առաջնորդության ու գնդերեցների անունից շնորհավորում և իմ օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ բերում Հայոց Բանակի սպաներին, զինվորներին, պայմանագրային ու քաղաքացիական ծառայողներին: Հանապազ աղոթում եմ, որ Հարուցյալ Քրիստոս Իր Սուրբ Աջով միշտ պահպանի Հայաստանն ու Արցախը, Հայոց Բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին, անսասան պահի հայրենի մեր սահմանները։
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻԻՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ
Խորագիր՝ #13 (1478) 0504.2023 - 11.04.2023, Հոգևոր-մշակութային