Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է



ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ՄԵՐ ԲԱՆԱԿՆ ԷՀայրենական մեծ պատերազմի պատմական հաղթանակում հայ ժողովուրդն ահռելի ներդրում է ունեցել, ինչի մասին փաստում են ոչ միայն վիճակագրությունն ու բազում հերոսապատումները, այլև հենց իրենք՝ Մեծ Հայրենականի կենդանի հայ լեգենդները: Ցավոք նրանց թիվը տարեցտարի պակասում է, իսկ ովքեր մեր կողքին են, արդեն տոնում են իրենց մեկդարյա հոբելյանը, ինչպես ջրազատցի Վարոս Ավետիսյանը:

100-ամյա վետերանի ծննդյան օրը «Զինուժ մեդիայի» ստեղծագործական խումբը այցելեց նրան: Վարոս պապը մեր թղթակից Ներսես Իվանյանի հետ կիսվեց անցած փառավոր մարտական ուղու մասին հիշողություններով:

Տան շեմին մեզ դիմավորեց հենց ինքը՝ պատերազմի վետերանը: Այդ տարիքում դեռևս շարժումների առույգությունն ու խոսքի պարզությունը պահպանած Վարոս պապը ութսուն տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունները վերապատմելիս հաճելիորեն զարմացրեց բացառիկ հիշողությամբ: Ծավալված պարզ ու անկեղծ զրույցը Վարոս պապին նորից տարավ այն հեռավոր քառասունականները…: Հանկարծ նա վեր կացավ բազմոցից, մոտեցավ  հյուրասենյակի պահարանին, զգուշորեն դուրս հանեց խնամված մի տոպրակ ու դրեց սեղանին:

-Այստեղ պատերազմի ժամանակ ստացած իմ բոլոր պարգևներն են,- ասաց նա: Տասնյակ մեդալների մեջ ինչ-որ բան էր փնտրում: Եվ երբ գտավ, պարզեց մեզ ու  հպարտորեն շարունակեց.

-Այս «За Отвагу» մեդալն ինձ համար ամենաթանկն է, ստացել եմ ստորաբաժանումն առանց կորստի Թերեք գետն անցկացնելու համար:

Վերհիշելով երկրորդ համաշխարհայինի դրվագներն ու կորցրած մարտական ընկերներին՝ Վարոս պապը շարունակում է.

-Շատ քիչ ազգերի ներկայացուցիչներ են հայերիս նման մարտնչել: Հրամանատարները մեզ մատով էին ցույց տալիս և ասում. «Նրանցից օրինակ վերցրեք»: Այս բառերը լսելիս անասելի հպարտությամբ էր սիրտս լցվում:

Պատերազմական օրերից ամենաշատը տպավորվել է Հովհաննես Բաղրամյանի հետ ունեցած հանդիպումը:

ՄԵՐ ՀՈՒՅՍՆ ՈՒ ՀԱՎԱՏԸ ՄԵՐ ԲԱՆԱԿՆ Է-Հավաքեց հայերիս, զրուցեց, քաջալերեց և ասաց. «Հայի պատիվը բարձր պահեք: Գիտեմ, որ բարձր է, ավելի բարձրացրեք»,- մեծ զորավարի խոսքն է վերհիշում վետերան պապիկը:

Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենի օջախ՝ Վարոս Ավետիսյանը զբաղվել է մանկավարժությամբ, երկար տարիներ Ջրազատ համայնքի դպրոցականներին ուսուցանել է հայոց պատմություն և ռազմագիտություն առարկաները։

Արցախյան ազատամարտի տարիներին շտապել է Երասխավան, ուժերի ներածին չափով օգնել է ռազմաճակատ մեկնող կամավորականներին։ Այդ բախտորոշ օրերից 30 տարի անց էլ, փողոցում հանդիպելով հայկական բանակի զինվորականներին, չի կարողանում թաքցնել հիացմունքի ու հպարտության զգացումը։

Ապրիլի 3-ին՝ Վարոս պապի ծննդյան օրը նրան անակնկալ էր սպասվում: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վաստակաշատ վետերանը պարգևատրվեց հայկական բանակի 30-ամյակի մեդալով:

-Նմանօրինակ ուշադրության և գնահատանքի դրսևորումն անգին է, առավել ևս իմ տարիքում,- ասաց Վարոս պապն ու հղեց իր նվիրական մաղթանքը՝ ունենալ ուժեղ ու կարգապահ բանակ:

-Մեր հույսն ու հավատը մեր բանակն է,- ասում է հարյուրամյա Վարոս պապը:

ՆԵՐՍԵՍ ԻՎԱՆՅԱՆ

Խորագիր՝ #14 (1479) 12.04.2023 - 18.04.2023, Բանակ և հասարակություն


14/04/2023