ԿՅԱՆՔ, ԼՈՒՅՍ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Կապիտան Գայանե Իսկանդարյանը կարողացել է իրականացնել իր՝ առաջին հայացքից անհամատեղելի թվացող երազանքները: Նկարելու անհագ ցանկությունն ու զինվորական համազգեստ կրելու սևեռուն նպատակը Գայանեն միավորել է ՊՆ «Հայկական բանակ» հանդեսի նկարիչ-ձևավորողի աշխատանքում:
– Սիրելի Գայանե, եկեք հասկանանք, թե ի՞նչ ակունք ունեն Ձեր երկու նախասիրությունները՝ նկարելն ու զինվորական գործով զբաղվելը:
– Հայրս նկարիչ-քանդակագործ էր: Ես շատ փոքր էի, երբ նա մահացավ: Կարծում եմ՝ նկարչության հանդեպ սերն ու շնորհը հորիցս եմ ժառանգել: Իմ մանկական առաջին հիշողությունը կապված է հենց նկարչության հետ: Հիշում եմ՝ այցելեցինք Գյումրիի թանգարաններից մեկը, որտեղ զարդանախշ կահույք էր դրված: Երբ վերադարձանք տուն, ես առանձնացա ու սկսեցի նկարել տեսածս: 4-5 տարեկան էի այդ ժամանակ: Հայրս ինքնամփոփ, գերզգայուն մարդ է եղել, մյուսներից տարբերվել է իր ապրումների խորությամբ ու արվեստագետին բնորոշ նրբազգաց հոգով: Մայրս դա կապել է նկարչության հետ: Ու երբ ես սկսեցի նկարել, նա որոշեց, որ պիտի կանխի «աղետը»: …Նա ինձնից խլեց բոլոր գունավոր մատիտներս ու ներկերս՝ բառացիորեն ինձ զրկելով նկարելու հնարավորությունից: Մինչ օրս պահպանվել է մայրիկիս ընկերուհիներից մեկի տանն արված մի լուսանկար: Ես ալբոմ եմ տեսել այդտեղ ու նկարվել եմ՝ ալբոմը ամուր գրկած, երջանկությունից փայլող դեմքով: Միայն դպրոցում ես հնարավորություն ունեցա մատիտներ և նկարելու այլ պարագաներ ձեռք բերել: Նկարում էի անհագ ու ամեն ինչ՝ ծաղրանկարներից մինչև գեղանկարներ:
Արցախյան առաջին պատերազմին մասնակցել է նաև մորեղբայրս: Իմ մանկության մյուս ամենավառ հուշը կապված է քեռուս ու նրա ընկերների հետ: Նրանք վերադառնում էին ռազմաճակատից ու հավաքվում մեր տանը: Բոլորն էլ զինվորական համազգեստով էին ու պատմում էին պատերազմից: Ես անկյուն քաշված լսում էի նրանց, ու իմ հոգում ծնվում էր մի ամուր վճիռ՝ մի օր ես էլ պիտի զինվորական համազգեստ կրեմ և ծառայեմ մեր Հայրենիքին: Քեռիս ինձ փամփուշտից սարքած խաչ էր նվիրել, որը կրում էի սրբության պես:
– Մայրդ չընդդիմացա՞վ, երբ որոշեցիր նկարչական կրթություն ստանալ:
– Դպրոցական տարիներին արդեն այնքան էի տարված նկարչությամբ, որ մայրս ինձ խանգարելու փորձ անգամ չարեց: Ավելին՝ տեսնելով նկարելու հանդեպ իմ անսահման սերն ու ձգտումը, նա խրախուսեց նկարչուհի դառնալու որոշումս: Ես իմ բոլոր ձեռքբերումների համար պարտական եմ մորս:
Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանում սովորող իմ բոլոր համակուրսեցիները նկարչական դպրոց էին ավարտել, ես ստիպված էի սկսել զրոյից: Սակայն ուսումնարանն ավարտեցի գերազանցությամբ:
– Աշխատասիրությո՞ւնը օգնեց, թե՞ տաղանդը:
– Ես շատ եմ կարևորում աշխատասիրությունը, նպատակին հասնելու ձգտումը: Սրանք հատկանիշներ են, որոնք մեծ մասամբ ծնվում են պարտաճանաչության, բարեխղճության հետ: 18 տարեկանից աշխատել եմ ուսմանը զուգահեռ, որպեսզի թեթևացնեմ մորս հոգսը: Բարձր առաջադիմությամբ եմ սովորել նաև Գեղարվեստի ակադեմիայում: Ուսանողական տարիներին հաջողությամբ մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, ցուցահանդեսների: Առհասարակ, անհանգիստ մարդ եմ, անընդհատ ինչ-որ բան եմ պրպտում: Ինչ ասես չեմ սովորել՝ գորգագործություն, հելունագործություն, տիկնիկագործություն և այլն: Հիմա ուսումնասիրում եմ ճարտարապետություն:
…Շրջում եմ Հայաստանով մեկ, լուսանկարում մեր մոռացված ճարտարապետական նմուշները և իմ ուժերի ներածին չափով հանրահռչակում դրանք:
– Իսկ ինչպե՞ս եկաք բանակ. մի հայտնի խոսք հիշեցի՝ երբ դու ինչ-որ բան շատ ես ուզում, նույնիսկ տիեզերքն է օգնում քեզ:
– Իմ ընկերներից մեկն աշխատում էր «Հայկական բանակ» հանդեսում՝ որպես նկարիչ-ձևավորող: Նա որոշեց գնալ արտերկրում ուսանելու և իրեն փոխարինող էր փնտրում: …Ես անմիջապես համաձայնեցի: Հիմա ես իմ երկրի բանակի զինվորական համազգեստն եմ կրում ու ձևավորում եմ «Հայկական բանակ» հանդեսը, նաև ցուցապաստառներ, ձեռնարկներ, աշխատանքային տետրեր և այլն: Ամենակարևորն այն է, որ ես բանակի մի մասնիկն եմ ու օգտակար գործ եմ անում բանակի համար: Այս տարի նկարիչների միությունում մասնակցել եմ երկու ցուցահանդեսի և պատրաստվում եմ մասնակցել «Հայոց սպարապետները» թեմայով համաբանակային նկարչական մրցույթին: Ամենայն հավանականությամբ, կնկարեմ Վարդան Մամիկոնյանին և ևս երեք մեր հաղթական սպարապետներին:
– Վստահ եմ՝ 44-օրյա պատերազմի օրերին նկարել եք:
– Պատերազմի ժամանակ ծնվեցին մի քանի գրաֆիկական գործեր՝ «Ավետում», «Սպասում» և «Զրույց» վերնագրերով:
– Ի՞նչն էիք ավետում, ինչի՞ն էիք սպասում և ինչի՞ մասին էր ձեր նկարչական զրույցը:
-Այդ երեք հարցին մեկ բառով կպատասխանեմ՝ Հաղթանակի, որը պատկերված էր լույսի կերպարով:
Իսկ հետո ես սկսեցի ծաղիկներ նկարել: Մինչ այդ երբեք ծաղիկ չէի նկարել ու հանկարծ ծաղիկներ նկարելու անհագ ցանկություն ունեցա…
– Մարտիրոս Սարյանը Եղեռնի ժամանակ ծաղիկներ էր նկարում: Դուք ինձ հանդիպած չորրորդ նկարիչն եք, որ պատմում է պատերազմը խորհրդանշող ծաղիկների մասին:
– Ես կասեի՝ ծաղիկներ՝ ի հեճուկս պատերազմի, որպես պատերազմի մերժում, որպես կյանքի ու բնության ներբող:
– 2021 թվականին Դուք մասնակցեցիք մի ցուցադրության, որը կրում էր «Կյանքի գույները» անվանումը:
– Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ իմ կտավներում գերակշռում են կարմիրը, դեղինն ու կապույտը՝ կյանքի, լույսի ու խաղաղության գույները: Դա այն է, ինչ ես ուզում եմ իմ երկրի համար:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (1479) 12.04.2023 - 18.04.2023, Ազգային բանակ, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում