ՄԵՐ ԴԱՎԻԹԸ
Հայկ Ավոյանը իմ ֆեյսբուքյան ընկերներից է: Երբ նա ինձ զանգեց, ես պատրաստվում էի հոդվածի վերածել նկարիչ Վահե Բաղումյանի հետ մեր հարցուպատասխանը: Միտքս սևեռված էր նրա անհամար ծաղիկների վրա, որոնք, հեղինակի բառերով ասած, ծաղկելու են ամեն տարի՝ հիշեցնելու հայրենի հողի գրկում ամփոփված քաջերին ու նրանց անմահ սխրանքը, ինչ գնով էլ լինի՝ ոտքի կանգնելու ու առաջ շարժվելու մեր պարտքը:
-Ես ուզում եմ ձեզ պատմել մի հրաշալի տղայի մասին, որը զոհվեց հայրենիքը պաշտպանելիս: Նա իմ հորեղբոր որդին էր… ու հիմա չկա: Նա սեր, բարություն, ազնվություն էր տալիս իր շրջապատի մարդկանց, ապրում էր, աշխատում, երազում… Ես ձեզ կպատմեմ, դուք էլ ձեր ընթերցողներին պատմեք: Թող շատերն իմանան, որ Դավիթ անունով մի լավ տղա բանակ էր եկել Թալինի Զարինջա գյուղից ու ընկավ ռազմի դաշտում: …Ե՞րբ կարող եք լսել ինձ: Ե՞րբ զրուցենք:
-Հենց հիմա էլ կարող ենք,- ես ծալում, մի կողմ եմ դնում պատերազմի ցավն ու մեր զարթոնքի հույսը ծաղիկների մեջ գաղտնագրած նկարչի մասին պատմող թղթերը:
-Դուք զինվորական համազգեստով նկարներ ունեիք,- հիշում եմ հանկարծ:
-44-օրյա պատերազմի ժամանակ պայմանագրային էի, դիրքի ավագ: Ես ու Դավիթը տարբեր ճակատներում էինք կռվում, ու չէի կարող պաշտպանել նրան…
Այնքան տխուր է ասում, որ ակամա մխիթարանքի խոսքեր եմ որոնում.
-Պատերազմը ոչ մեկին չի խնայում:
Մի պահ երկուսս էլ լռում ենք:
-Արդար, աշխատավոր գյուղացու որդի էր Դավիթը,- Հայկ Ավոյանը սկսում է պատմել,- ծնողները անասուն էին պահում, հող էին մշակում, որ մեծացնեն երկու որդիներին ու աղջկան՝ Սլավիկին, Դավիթին ու Գրետային: Դավիթը մանկուց էր տարբերվում իր հասակակիցներից: Մենակ դուրս էր գալիս 4-5 հոգու դեմ, ծեծվում էր, բայց չէր զիջում: Վախ չուներ, ավելի ճիշտ՝ տղամարդկային արժանապատվությունը էնքան մեծ էր, որ վախին տեղ չէր թողել: Իր սկզբունքների համար մինչև վերջ կռիվ էր տալիս: Չէր հարմարվում, չէր նահանջում:
Դպրոցական տարիքից օրավարձով աշխատում էր համագյուղացիների հողամասերում, որ թեթևացնի ծնողների հոգսը: Դպրոցից գալիս էր տուն ու անմիջապես գնում էր աշխատելու:
Դավիթն ազնիվ էր: Երբեք չէր ստի, ինչ էլ պատահեր, որքան էլ մեծ լիներ պատժվելու վտանգը: Եթե ծխել էր, խոստովանում էր ու գլուխը բարձր սպասում իր պատժին: Չգիտեր՝ ինչ է խորամանկելը:
Զարմանալի հատկանիշներ ուներ. ազդեցության չէր ենթարկվում, վեր էր մանր ու մեծ տարաձայնություններից: Անկախ այն բանից, թե գերդաստանում ով ում հետ էր խռով, իր ծնողները ումից էին նեղացած, ինքը հաշտ ու հարգանքով էր բոլորի հանդեպ: Ու բոլորը սիրում էին Դավիթին:
…Այնպիսի զգացողություն ունեմ, ասես Հայկ Ավոյանը նկարում է, իսկ ես փակ աչքերով տեսնում եմ, թե ինչպես է ամբողջանում պատկերը՝ գիծ առ գիծ, գույն առ գույն:
-Իսկ ինչպի՞սին էր Դավիթի արտաքին տեսքը,- հարցնում եմ:
-Սիրուն էր,- ասում է Հայկը,- բարձրահասակ, թիկնեղ, ձիգ, գեղեցիկ դիմագծերով: Կռվարար, աննահանջ տղան մի ուրիշ քնքշանքով էր վերաբերվում իրենից 10 տարով փոքր քրոջը: Բառերով չեմ կարող նկարագրել: Բայց միևնույն ժամանակ խիստ էր ու պահանջկոտ. քույրը պիտի անթերի լիներ՝ իր պատկերացրած չափանիշներով:
-Բռնկո՞ւն էր,- մտովի շտկում եմ իմ մտապատկերում մարմին առնող կերպարը:
-Բռնկվում էր անարդարության, ստի, շահախնդրության, շողոքորթության, ստորության հանդիպելիս: Հունից դուրս էր գալիս: Բայց քեն չէր պահում: Հաջորդ պահին կարող էր ինքնամոռաց օգնել նրան, ում վրա բարկացել էր, ում հետ վիճել էր: Առհասարակ, ուրիշի հոգսերը սեփականի պես հոգալը Դավիթի ամենավառ հատկանիշն էր: Դպրոցում ուսուցիչներն ու ընկերները շատ էին սիրում Դավիթին:
Հորեղբորս տղայի պատիվն իր համար վեր էր ամեն ինչից: Ե՞րբ էր հասցրել այդքան հղկվել, բարձրանալ… 18 տարեկան էր ընդամենը: Դեկտեմբերի 29-ին զորակոչվեց, ծառայության անցավ հետախուզական վաշտում:
– Ինչպե՞ս էր անցնում ծառայությունը:
– Դավիթին հետախուզական վաշտ էին տարել իր հոգեբանական ու ֆիզիկական ամրության համար: Պարզ չէ՞, որ նա Հայրենիքի լավագույն զինվորներից մեկը պիտի լիներ:
44-օրյա պատերազմում կռվեց մինչև հոկտեմբերի 11-ը: Զարինջա գյուղի բնակիչները պուրակ են կառուցել գյուղում Դավիթի հիշատակի համար:
…Ես ուզում եմ, որ դուք պատմեք ձեր ընթերցողներին Դավիթի մասին: Ես մտածում եմ, որ այս պատմությունը լսելուց հետո յուրաքանչյուր հայի կյանքում, վարքի մեջ ինչ-որ բան կփոխվի: Դու չես կարող ապրել առաջվա պես, երբ գիտես, որ մի հրաշալի տղա՝ ուժեղ, ազնիվ, պատվախնդիր, բարի, աշխատասեր… մի անչափ սիրուն կյանք կար ու չկա, որ մենք հպարտ ապրենք ու Հայրենիք ունենանք: …Նա պարզապես Մեր Դավիթն էր:
-Հիմա արդեն՝ նաև մեր Դավիթը:
Հայկը անջատում է հեռախոսը, ու իմ համակարգչի էկրանին կրկին հայտնվում են քառօրյա պատերազմին մասնակցած երիտասարդ նկարիչ Վահե Բաղումյանի ծաղիկները՝ որպես մեր աննահանջ զարթոնքի խորհրդանիշ:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #14 (1479) 12.04.2023 - 18.04.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում