ԱՊՐԵԼՈՒ ՄԵՐ ԲԱՆԱՁԵՎԸ
Աշոտ Ռուդոլֆի Չախոյանը ծնվել է 1972թ.։ Ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցը։ 1991թ. ընդունվել է «Գալիք» համալսարանի իրավագիտության եւ մենեջմենթի բաժինը։ 1993-ի գարնանը՝ հաջողակ գործարարի իր գործունեությունը Մոսկվայում թողած՝ վերադարձել է հայրենիք եւ ծառայության անցել Հատուկ նշանակության գնդում։
Մասնակցել է Խնձորեսկի, Կոռնիձորի պաշտպանական, Մարտակերտի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994-ի հունվարի 31-ին Քարվաճառի բարձունքներից մեկում Աշոտը զոհվեց՝ փրկելով ընկերների կյանքը։ Զորամասում ստեղծվել է նրա անունով «Փառքի անկյուն», նրա անունը գրվել է «Հավերժ ապրողների» անվանացանկում։
ՀՀ նախագահի 1997թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով սերժանտ Աշոտ Չախոյանը պարգեւատրվել է «Արիության» մեդալով։
Կոտայքի մարզի Ալափարս գյուղը ողողվել է հազարերանգ գույների, լույս ու ստվերի խաղով։ Ծառերի տերեւները թեթեւ քամուց, անգամ աննշան շշուկից հանդարտ իջնում են հողին։ Տները թաքնվել են հսկա ծառերի հովանու տակ։ Գյուղի Զորավար Վարդան եւ Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորաններում լռությունը խոսում է վառվող մոմերի լեզվակներով։ Օրն իր մեջ խորհուրդ ունի՝ անքննելի, հոգեհարազատ։ Գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը կոչվում է հայոց նորաստեղծ բանակի առաջին զինվորներից մեկի՝ Աշոտ Չախոյանի անունով։ Աշոտն այս գյուղում չի ծնվել։ Հեռավոր Մակու քաղաքից նրա նախնիները եկել-հաստատվել են այստեղ։ Ավարայրի Սուրբ Վարդանի մատուռից մի քար են բերել, որն այսօր դրված է Գրիգոր իշխանի կառուցած Զորավար Վարդան եկեղեցում։
Ինչպես վկայում են ալափարսցիները, Սուրբ քարն իր մեջ զորություն ունի։ Արցախյան պատերազմի տարիներին Ալափարսի բազմաթիվ հայորդիներ ոտքի ելան՝ պաշտպանելու հայրենի սահմանները։ Հարազատ Սահակյանը, Արթուր Բեքարյանը, Համլետ Չիլյանը զոհվեցին։ Կամո Սարիբեկյանի ճակատագիրն էլ անհայտ է մինչ օրս։ Դպրոցի ՆԶՊ սենյակը կոչվում է Հարազատ Սահակյանի անունով, իսկ Արթուր Բեքարյանին, Համլետ Չիլյանին, Կամո Սարիբեկյանին հատկացված են առանձին ցուցատախտակներ, որոնցից աշակերտները ծանոթանում են հերոս տղաների կյանքին՝ ծնունդից մինչեւ հերոսացում։
…Զորավար Վարդան եկեղեցուց սկսվեց հայրենասիրական այս միջոցառումը։ Աշոտի մայրը՝ տիկին Գոհար Մարտիկյանը, երգեց «Տեր, ողորմեան»։ Հոգեզմայլ երաժշտություն եւ հոգեթով կատարում։ Այնուհետեւ Աշոտի եղբորորդին եւ հորեղբոր թոռը, որոնք կրում են Աշոտ Չախոյան անուն-ազգանունը, կտրում են ժապավենը, եւ ներկաները մտնում են լսարան, որտեղ Աշոտը մեծադիր լուսանկարից նայում է իր պարզ ու վճիտ հայացքով։ Վառվում են մոմերը, եւ դպրոցականներ Թագուհի Ասլանյանը, Վախթանգ Ներսիսյանը, Վարսիկ Գեւորգյանը, Սոնա Զաքարյանը, Արմինե Սահակյանը երդվում են սիրել հայ լեզուն, մշակույթը, լավ սովորել հայոց պատմությունն ու տիրապետել ռազմական գործին։ Սիրել հայրենիքն այնպես, ինչպես Աշոտ Չախոյանը։
Միջոցառումը շարունակվում է դպրոցի դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա։ Ներկա էին Աշոտի մարտական ընկերները՝ մայորներ Հերբերտ Վարդանյանը, Կարեն Գարսեւանյանը, Սերգեյ Մանուկյանը, Իսահակ Չիտչյանը, Պողոս Թումանյանը, ինչպես նաեւ Չարենցավանի զինկոմ մայոր Վարդան Վիրաբյանը, զորակոչային բաժնի պետ մայոր Արտեմ Անտոնյանը, գյուղապետ Վարդան Վարդանյանը, Կոտայքի մարզի կրթության բաժնի ավագ մասնագետ Մինաս Պետրոսյանը։
Դպրոցի ուսուցչուհի Ժաննա Մկրտչյանը կարդում է Աշոտին նվիրված իր բանաստեղծությունը.
Դու Վահագնի նման վիշապների՛ն շանթող,
Վահագնատի՛պ տղաս՝ վիշապներին քաղող։
Աշխարհ էիր եկել երազելու համար,
Արարելո՜ւ համար եւ սիրելո՜ւ համար …
Աշոտի հայրը՝ Ռուդոլֆը, պատմելով իր գյուղի, նախնիների մասին, ասում է.
-Երբ եղա մեր ազատագրված տարածքներում, սփոփվեցի, հոգիս խաղաղվեց։ Աննկարագրելի հպարտություն ապրեցի, որը մեզ պարգեւել են մեր տղաները, իմ Աշոտը…
-Ես հավատում եմ հրաշքի։ Իրոք մահ չկա։ Նրանք, ովքեր գրավում են բարձունքներ՝ իրենք են դառնում բարձունք,- ասաց Կոտայքի մարզի կրթության աշխատակիցը։
Աշոտի մայրը՝ տիկին Գոհար Մարտիկյանը, դպրոցի գրադարանին նվիրեց իր «Ապրելու բանաձեւը» գրքի հատորները, որոնք նվիրված են մեր ազատամարտի հերոսներին.
-Մեր ապրելու, հարատեւելու հիմնական բանաձեւը մեր միասնականությունն է, այդ գիտակցությամբ ապրող ամեն ոք պետք է իմանա, որ մեր երկրի դեմ ցանկացած ոտնձգություն ուղղված է բոլորիս դեմ։ Թշնամու ճանապարհը փակողներից մեկն էլ Աշոտն էր, իմ որդին, որի համար հայրենիքը վեր էր ամեն ինչից։
Դահլիճում հնչում է փոքրիկ երգիչ, ազատամարտիկ Մանվելի որդու՝ Թովմաս Թովմասյանի «Զարթիր լաոն»։
«Կարին» երգի-պարի ազգային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան) իր կատարումներով է՛լ ավելի է ոգեշնչում ներկաներին։ Ազատամարտիկ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի, Մկրտիչ Մկրտչյանի, ռեժիսոր, կոնսերվատորիայի դասախոս Արսեն Ղազարյանի սրտահույզ երգն ու անաղարտ խոսքը ողջ դահլիճը լսում է ոգեւորությամբ, անդադար ծափերով…
Այս հրաշալի միջոցառման համար գովեստի են արժանի բոլորը՝ գյուղապետը, մարզի մշակույթի բաժնի աշխատակիցները, դպրոցի ուսուցչական կազմը (տնօրեն Վ. Կակոյան), հատկապես զինղեկ ավագ լեյտենանտ Գուրգեն Նազարյանը եւ իրենց անշահախնդիր մասնակցությունը բերած Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Ղազարյանը…
ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր