ՄԱՀՎԱՆԸ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ
Մեր ժամանակակիցների մեծամասնությունը կարծում է, թե կամիկաձեները համաշխարհային թատերաբեմ իջան Երկրորդ համաշխարհայինի ընթացքում, Ճապոնիայի և ԱՄՆ-ի մղած կատաղի մարտերի ժամանակ: Իրականությունն այլ է. «կամիկաձե» հասկացությունը երևան է եկել դեռևս 13-րդ դարում և բառացի նշանակում է «աստվածային քամի»: Սրա ծագումը կապվում է մի բացարձակ անհավանական պատմության հետ, որն առնչվում է վայրագ Չինգիզխանի թոռներից մեկի` Բաթու խանի հարազատ եղբայր Քուբիլայի հետ (23.IX.1215-18.II.1294):
1274 թվականի մոնղոլական 40000-անոց հեծելազորը 900 նավով ներխուժեց Ճապոնիա: Մոնղոլները ռազմական առումով գերազանցում էին ճապոնացիներին. նրանք ավելի լավ էին զինված, առավել կազմակերպված էին, գերազանց տիրապետում էին հեծյալ գրոհների մարտավարությանը և վարպետացել էին ռազմական խորամանկություն կիրառելու հարցում: Մոնղոլները շատ արագ էին տեղաշարժվում, մարտի ժամանակ կարող էին սահուն վերադասավորվել և հաղթական պատերազմների հսկայական փորձ ունեին: Բացի այդ, նրանք սպառազինված էին ժամանակի նորագույն զինատեսակներով. հզոր նետող սարքեր, բեկորային նռնակներ և անգամ հրազենի առաջին նմուշներ (Եվրոպայում վառոդն ու հրազենը կհայտնվեն անհամեմատ ավելի ուշ):
Չի կարելի ասել, թե սամուրայները զավթիչներին կարող էին հակադրել միայն խիզախությունը, քաջությունն ու կատարյալ տիրապետումը սառը զենքին: Ամենևին ոչ` սամուրայները գերազանց արշավորդներ էին, թրամարտի վարպետ, անգամ հեծյալ դիրքից նետահարում էին դիպուկ: Նրանք մարտնչում էին մահապարտի պես, բայց մինչև ատամները զինված թշնամու հետ ընդհարվելիս մեծ կորուստներ էին կրում: Մոնղոլների կիրառած միջոցները ճապոնացիների համար անընդունելի էին, և սամուրայները դրանք «անպատվաբեր» էին համարում, քանի որ զավթիչները կրակի էին մատնում բնակավայրերը, սմբակակոխ անում արտերը, անխնա ոչնչացնում էին խաղաղ բնակիչներին և առանց երկմտելու կարող էին ցանկացած ստորության դիմել, եթե դա անգամ դույզն-ինչ կնպաստեր իրենց հաղթանակներին:
Բացի այդ, մոնղոլները կիրառում էին նետաձգության մի նոր մարտավարություն, որ բացարձակապես անսովոր էր ճապոնացիների համար: Նշանառու նետահարման փոխարեն մոնղոլները նետերի հեղեղ էին թափում սամուրայների վրա` պատճառելով մեծագույն կորուստներ: Եվ եթե աստվածային միջամտությունը չլիներ, սամուրայները պարտություն էին կրելու:
Սակայն պատմությունը «եթե»-ներ չի ընդունում. բոլորի համար անսպասելի` հզոր թայֆունը կործանեց մոնղոլական նավատորմը: Մայրցամաքից եկող աջակցությունից զրկվելով` մոնղոլական բանակն այլևս չկարողացավ դիմակայել սամուրայների կատաղի ճնշմանը և դաժանաբար ոչնչացվեց:
Քուբիլայ խանը ցասման մեջ էր: Չինգիզխանի արյունարբու ժառանգների համար անընդունելի էր տարերքի քմահաճությամբ կրած պարտության հետ հաշտվելը, առավել ևս դառն վիրավորանքն անպատիժ թողնելը: Դրա համար 7 տարի անց, արդեն իբրև Չինաստանի կայսր, նա հավաքեց առավել հզոր մի բանակ և մեծ նավատորմ: Եվ այժմ բացարձակ առասպելական մի բան կատարվեց. թայֆունը կրկին խորտակեց Քուբիլայի նավատորմն ու դրա հետ մեկտեղ` 107 հազար զինվոր: Ուստի ամենևին էլ զարմանալի չէ, որ ճապոնացիները թայֆունն անվանեցին «աստվածային քամի» և սկսեցին այն ազգի փրկիչ համարել:
♦♦♦
Թե՛ Միջին, թե՛ Նոր դարերում սամուրայները բազմիցս կյանքի գնով սխրանքներ են գործել, սակայն նրանց «կամիկաձե» չեն կոչել: Նմանատիպ օրինակներ կան նաև այլ ժողովուրդների պատմություն մեջ, սակայն Ճապոնիան բացառիկ դեպք է: Եվ ամենից առաջ որովհետև այդ երկրի մշակույթն անզուգական է: Դրա ամենաակնառու ապացույցն է Բուսիդոն (Bushido-բուսի` զինվոր, սամուրայ, դո` ուղի: Բացի այս` «դո»-ն թարգմանում են նաև «պարտք» և «բարոյականություն» ձևերով)` սամուրայների վարվեցողության պատվո վարքականոնը, որ մշակվել է ավելի քան 1000 տարի առաջ: Իր բազմադարյա ուղու ընթացքում Բուսիդոյի օրենքները բազմիցս վերաշարադրվել են, բայց գլխավոր սկզբունքն անփոփոխ էր մնում. «Դուք կարող եք կորցնել ձեր կյանքը, բայց պատիվը` երբեք»: Աշխարհում չկա ուրիշ մի երկիր, որտեղ այդ աստիճան սրդողած են վերաբերվում պատվին, և նույնքան արհամարհական` մահվանը:
Բուսիդոյի մասին մոտավոր պատկերացում կազմելու համար կարելի է մի քանի տող բերել սամուրայ, պատմագիր, փիլիսոփա, բարոյագետ Դայդոջի Յուզանի (1639-1730) «Ռազմական արվեստի նախագիտելիք» գրքից:
«Իսկական քաջությունն այն է, որ ապրում ես, երբ տեղին է ապրելը, և մեռնում ես, երբ տեղին է մեռնելը»:
«Անգամ առօրյա գործերում պետք է հիշել մահվան մասին և բառն այդ պահել սրտում»:
«Հավատարմություն, արդարություն և խիզախություն. այս սյուների վրա պիտի հիմնվի սամուրայը»:
«Պատերազմի ժամանակ սամուրայի հավատարմությունն արտահայտվում է նրանով, որ առանց երկյուղի գնում է թշնամու նետերին և նիզակներին ընդառաջ` անգամ կյանքը զոհաբերելով, եթե պարտքն այդ է պահանջում»:
«Բազեն, անգամ սովատոչոր վիճակում, նետված հատիկներ չի հավաքում: Նույնկերպ և սամուրայը. ատամնաչոփիկ գործածելով պետք է ցույց տա, թե կուշտ է, նույնիսկ եթե ոչինչ չի կերել»:
«Զուտ վայրենի ուժով օժտվածն արժանի չէ սամուրայի կոչմանը: Անգամ չխոսելով գիտական կրթության մասին, զինվորը պետք է ազատ ժամանակն օգտագործի քերթողական արվեստի վարժություններ կատարելով և հմտանա «թեյի արարողության» մեջ»:
«Սամուրայը նախևառաջ պետք է մշտապես հիշի, որ ինքը պարտավոր է մեռնել: Սա է նրա գլխավոր գործը»:
♦♦♦
Ճապոնացիների ազգային բնավորության հիմքում ընկած են անվախ սամուրայների սկզբունքները, նրանց մշակույթը, նրանց բարոյականությունն ու աշխարհայեցողությունը: Իսկ իրենք` սամուրայներն իրավունք ունեին ցանկացած պահի իրենց համար մահն ընտրել, եթե ինչ-որ պատճառով չէին կամենա ապրել, կամ այդպիսի կյանքն անպատվաբեր կհամարեին: Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ ինքնասպանությունը ծանրագույն մեղք է, Ճապոնիայում այն երբեք այդպես չի ընկալվել: Ահա 1333 թվականի մի ժամանակագրություն.
«Ողջ մնացած վասալները նետվեցին դեպի միջին դարպասները` գոչելով. «Մեր տերն իրեն զրկեց կյանքից: Թող բոլոր նվիրված ենթակաները հետևեն նրա օրինակին»: Այնուհետև նրանք հրկիզեցին դղյակը, շարք կանգնեցին ծխի մեջ և պատռեցին իրենց փորերը: Չկամենալով պատվազուրկ լինել, 300 այլ մարտիկներ կտրեցին իրենց փորն ու անցան հանդերձյալ աշխարհ»:
Կարող է տպավորություն ստեղծվել, թե սամուրայները շատ քաջ էին, բայց և տգետ, որ չկարողացան կյանքին հրաժեշտ տալ ավելի արագ և հուսալի միջոցով: Սակայն դա ընդունելի չէ. սամուրայները մարդակազմություն լավ գիտեին և կարող էին դանակի մի հարվածով արագորեն հեռանալ կյանքից: Բայց, իրենց աշխարհընկալման համաձայն, դա կլիներ չափազանց պարզ, չափազանց հեշտ, ուստի և իսկական սամուրայի համար անընդունելի ճանապարհ: Իսկական սամուրայը պետք է ցուցադրի իր արհամարհանքը ոչ միայն մահվան, այլև ցավի հանդեպ: Հենց դրա համար էին նրանք կիրառում հարակիրին (Hara-kiri կամ Seppuku-ստամոքսի հատում)` ինքնասպանության առավել ցավոտ եղանակը:
Սամուրայների համար խնդիրը ոչ թե ապրել կամ չապրելն էր (նրանք ի սկզբանե ընտրել էին մահվան ճանապարհը), այլ կյանքից արժանավայել և «առանց դեմքը կորցնելու» հեռանալը, այն է` հարակիրին կատարել սառնարյուն և աներեր, հնարավորինս անձայն` առանց հառաչանքի:
Հենց սեփական մահվան հանդեպ վերաբերմունքից է բխում ճապոնացիների արտառոցությունը, որը չգիտակցելով անհնար է հասկանալ ո՛չ սամուրայներին, ո՛չ այն ճապոնացիներին, որոնք սամուրայ չեն եղել և ո՛չ էլ` այդ ազգի խառնվածքը:
Հարակիրին տարածված էր ոչ միայն միջին դարերում, այլ նաև ավելի ուշ, նույնիսկ երբ անձնասպանությունն օրենքով արգելված էր: Երբեմն անընկճելի ոգու և մահն արհամարհելու կամքի ցուցադրման միտումն այնպիսի չափերի էր հասնում, որ սամուրայները վտանգում էին իրենց տոհմի և անգամ իրենց խավի գոյությունը: Հայտնի օրինակ է այն դեպքը, երբ միաժամանակ հարակիրի արեց 870 մարդ:
Սյոգուն Տոկուգավան (shogun` բանակի առաջնորդ, սպարապետ: Ներկա աստիճանակարգով սյոգունը հավասարեցվում է գեներալիսիմուսի աստիճանին: Այս պաշտոնն զբաղեցնում էին Տոկուգավա տոհմի ժառանգները) լրջորեն մտահոգված էր այս խնդրով, որովհետև հարակիրիի պատճառով զրկվում էին հավատարիմ ծառաներից: 1663 թվականին Տոկուգավան հրամանագիր ստորագրեց, համաձայն որի` խստիվ արգելվում էին ջունսի (օիբարա, ցույֆուկու` սեփական կյանքի զոհաբերություն` տիրոջ մահվանից հետո) ինքնասպանությունները, իսկ օրենքը խախտողին սպառնում էր տոհմի ոչնչացում (ներառյալ մանկահասակները), գույքի առգրավում և, որ ամենակերևորն է, տոհմի պատվազրկում և հավերժական խայտառակություն: Սրա շնորհիվ` հարակիրիի այս տեսակը դարձավ ավելի հազվադեպ: Այնինչ ցույֆուկուն իսպառ վերացնել չհաջողվեց. չին-ճապոնական և ռուս-ճապոնական պատերազմների հերոս, գեներալ Մարեսկուե Նոգին 1912թ. օիբարա կատարեց կայսր Մեյջի Տեննոյի վախճանից հետո:
Սամուրայներին հենց այնպես չէ, որ կոչում էին «մահվանը սիրահարվածներ». անգամ մեր օրերում տասնյակ-հազարավոր ճապոնացիներ կյանքին հրաժեշտ են տալիս հենց հարակիրիի միջոցով:
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր