Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԺԸ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ Է



ՈՒԺԸ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ ԷՏավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղը փռված է յոթ բլուրների վրա. լանջերից մինչև գագաթ տներ ու այգիներ են: Ծառերը փթթել են՝ հոնի դեղին ծաղիկներն ու վարդագույն դեղձենիները, սպիտակ ծիրանենիները, տանձենիներն ու խնձորենիները…

-Գերիշխող գույնը սպիտակն է,- ասում եմ Սոֆյային:

-Մեր գյուղը տարվա բոլոր եղանակներին էլ չքնաղ է,- պատասխանում է երիտասարդ կինը,- ծաղիկները կթափվեն, ու կարճ ժամանակ անց ծառերը կպատվեն գույնզգույն պտուղներով: Աշնանը ծառերի տերևներն ինչ գույն ասես չեն հագնի: Իսկ ձմռանն ամեն ինչ կպատվի ճերմակով:

Նոր եմ եկել դաշտից: Արդեն սոխ, կարտոֆիլ ու ոլոռ ենք ցանել, որոշ ժամանակ անց լոբի կցանենք: Ջերմոցում աճեցնում ենք վարունգ, լոլիկ, այլ բանջարեղեն: Խաղողի այգին էլ լավ բերք է տալիս: «Կարմրահյութից» գինի ենք սարքում, խաղողի «Բանանց» տեսակն ուտելու համար ենք պահում. շատ անուշ համ ունի: Կովեր, խոզեր ունենք, հավեր ու հնդկահավեր… Գործին վերջ չկա:

Ես նայում եմ զմայլված:

-Շեն գյուղից, հարուստ գյուղացուց լավ բան չկա:

Սոֆյան բարձրաձայն ծիծաղում է ու կրկնում.

-Հարո՜ւստ…

Հետո լրջանում է ու ասում.

-Չենք բողոքում։ Ճիշտ է՝ շատ ենք աշխատում, բայց ոչ մի բանի կարոտ չենք: Մեզ մեր ունեցածը հերիքում է, ավելացածն էլ վաճառում ենք: …Հրավիրում եմ, աշնանը եկե՛ք, փորձե՛ք մեր անմահական մրգերի ու «Կարմրահյութ» խաղողի գինու համը: Հրանտս իր բանակի քեֆի հյուրերին իր ձեռքով քաշած գինին հյուրասիրեց:

-Մի՞շտ է գյուղն էսպես խաղաղ, թե՞ կրակոցներ են լինում սահմանին:

ՈՒԺԸ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ Է-Մի՛ վախեցիր,- ինձ հանգստացնում է Սոֆյան, – դիրքերում պայմանագրայիններն են: Մեր սահմանները  պաշտպանված են: Հազվադեպ կարող են հատուկենտ կրակոցներ լսվել: Բայց դրան ուշադրություն դարձնող չկա: Գյուղում 360 ընտանիք է ապրում:

-Չեմ վախենում,- ասում եմ փութկոտ, – երբեք չեմ վախեցել: Ուզում էի իմանալ՝ գլուխներդ հանգի՞ստ եք բարձին դնում:

Սոֆյան, նկարների կույտը ձեռքին, գալիս ու հատ-հատ շարում է սեղանին: Երկու որդի, մեկ դուստր ունի: Ավագ որդին՝ Հրանտը, զինվոր է, աղջիկը կենսաբանական ֆակուլտետի ուսանողուհի է, կրտսեր որդին տասներեք տարեկան է:

Սոֆյան նկարներից մեկը մեկնում է ինձ: Կապուտաչյա, խարտյաշ տղա է նկարում՝ նուրբ դիմագծերով ու շատ գեղեցիկ:

-Իմ զինվորն է,- ասում է Սոֆյան:

-Ձեզ է նման, շատ սիրուն է:

Կինը շիկնում է:

-Խաղաղ, ծանրակշիռ, լուրջ տղա է: Մանկուց այդպիսին էր: Տատի հետ էր կապված: Ամբողջ օրը միասին էին. զրուցում էին, տատը բանաստեղծություններ էր սովորեցնում, հեքիաթ ու պատմվածք էր կարդում: Հետո միասին քննարկում էին բարին ու չարը, ճիշտն ու սխալը: Հետաքրքրությամբ լսում էր նաև հոր ու պապի զրույցներն Արցախյան առաջին պատերազմի մասին: Երկուսն էլ մասնակցել էին ազատամարտին ու իրական պատմություններ էին պատմում Հրանտին: Գուցե էդ զրույցներն էին պատճառը, որ խելացի, մտածող տղա դարձավ՝ զգայուն, հուզական, բարի: 11-12 տարեկանից մեծի նման օգնում էր մեզ բոլոր գործերում: Պարտաճանաչ էր ու պատասխանատու: Ինչ գործ էլ հանձնարարեիր, երբեք հուսախաբ չէր անի:

…Բանակում ասես նոր շնչառություն բացվեց տղայիս համար: Շատ բան չի պատմում, ասում է՝ այստեղ բոլորը շատ ուժեղ են, պիտի ամեն ինչ անեմ, որ ոչ մեկից հետ չմնամ: Ուժեղ լինելն այնպես է խանդավառել տղայիս, որ արդեն խոսում է զինվորական դառնալու մասին: Ասում է՝ մա՛մ, որ գամ գյուղ, ի՞նչ եմ անելու. կմնամ, կծառայեմ…

-Համաձա՞յն եք:

Սոֆյան թոթվում է ուսերը:

Հանկարծ ուղեղումս միտք է ծագում:

-Եկեք զանգենք Հրանտին:

ՈՒԺԸ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ ԷՍոֆյան մի պահ նայում է կասկածանքով, հետո վճռական վերցնում հեռախոսը…

-Բարև՛, մա՛մ…

Բարձրախոսը միացված է:

-Բարև՛,- ասում եմ: Հեռախոսի մյուս ծայրում մի պահ լռում են: Հանկարծ ես շփոթվում եմ ու ասելիք չեմ գտնում:

-«Կարմրահյութ» խաղողի գինին սրտո՞վդ էր, թե՞ զորացրվելուդ քեֆի ժամանակ ավելի լավ գինի ենք խմելու:

Իմ հարցից ես ավելի եմ զարմանում, քան զինվորն ու իր մայրը: Սոֆյան ներկայացնում է ինձ:

-Ձեզ գիտեմ,- ասում է Հրանտը, – մեր Էրիկ Պողոսյանի մասին էիք գրել:

-Ո՞նց ես,- ուզում եմ հնարավորինս անկեղծ հարցնել, որ չհետևի հերթապահ պատասխան: Իհարկե, քիչ հույս ունեմ, որ զինվորը սիրտը կբացի իմ առաջ:

-Երեք ամսվա ծառայող եմ, հարմարվելու շրջանն արդեն անցել է: Կարելի է ասել՝ լավ եմ:

Ձայնի մեջ ակնհայտ անկեղծություն կա:

-Ինչի՞ն էիր հարմարվում:

-Նոր ռեժիմին, նոր ճաշերին, նոր մարդկանց, նոր մասնագիտությանը…

-Դժվար չէ՞:

-Դժվար է: Բայց երբ սիրում ես գործդ, դժվարություններն ավելի հեշտ ես հաղթահարում:

-Ի՞նչն ես սիրում հատկապես:

-Բացահայտում ես հնարավորություններիդ վերին սահմանը: Ես Ֆիզկուլտ ինստիտուտի ուսանող եմ, ուժը իմ տարերքն է:

-Արի թուլությունից խոսենք. այս պահին ո՞ւմ կուզենայիր տեսնել կողքիդ, ո՞ւմ ես ամենից շատ կարոտել:

Հրանտը ծիծաղում է, լռում: Հարցս չեմ կրկնում:

-Արդեն պիտի գնամ, հաջողությո՛ւն,- ասում է Հրանտն ու առանց մեր պատասխանը լսելու՝ անջատում հեռախոսը: Էն հարցը, որ պիտի Հրանտին տայի, Սոֆյային եմ ուղղում.

-Ո՞նց եք պատկերացնում Ձեր ընտանիքի վաղվա օրը:

-Բոլորիս միասին եմ պատկերացնում մեր Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ տղաներիս, հարսներիս, թոռներիս հետ: Միայն թող խաղաղություն լինի, մնացածը մենք կստեղծենք սեփական ձեռքերով:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


25/04/2023