Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԵՆՔ ՄԵԶ ԵՆ ԹԻԿՈՒՆՔ, ՄԵՆՔ՝ ԻՐԵՆՑ



ԻՐԵՆՔ ՄԵԶ ԵՆ ԹԻԿՈՒՆՔ, ՄԵՆՔ՝ ԻՐԵՆՑ

Համայնքն ինչպես որ կա

Համայնքների խոշորացման ծրագրի համաձայն՝ Գորիսի շրջանի 7 գյուղեր՝ Տեղ, Կոռնիձոր, Արավուս, Խնածախ, Վաղատուր, Քարաշեն, Խոզնավար, ընդգրկվեցին մեկ՝ խոշորացված Տեղ համայնքում, որն այսօր ունի շուրջ 1500 տնտեսություն: Համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Անասնապահության ոլորտում Տեղ համայնքը մարզում առաջատար է եղել. մինչև 44-օրյա պատերազմն ունեցել է մոտ 50.000 մանր և 20.000-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Խոշորացված համայնքի ղեկավարը Դավիթ Ղոլունցն է՝ ծնունդով Գորիսի ամենամեծ՝ Տեղ գյուղից: Չնայած գերզբաղվածությանը՝ համայնքի ղեկավարը պատասխանեց մեր հարցերին: Չդադարող հեռախոսազանգերը, որոնց ընթացքում համայնքի ղեկավարը փորձում էր զրուցակիցներին տալ սպառիչ պատասխաններ, նպաստեցին, որ մենք քիչ թե շատ պատկերացում կազմենք Տեղ գյուղում տիրող իրավիճակի մասին:

– Լավ կլինի, դժվարությունները կանցնեն: Ապրե՛ք՝ արագ արձագանքելու համար,- ասում էր համայնքի ղեկավարը զանգահարողին:

– Անվադողերը տարե՛ք իմ ասած դիրքերը, տղերքը սպասում են, իսկ մյուս ապրանքները՝ աշխարհազորայինների մոտ. էսօր պիտի ավարտեն գործը,- հրահանգում էր մյուս զանգողին:

ԻՐԵՆՔ ՄԵԶ ԵՆ ԹԻԿՈՒՆՔ, ՄԵՆՔ՝ ԻՐԵՆՑ– Ժողովրդի տրամադրությունը ո՞նց է,- հարմար պահը որսալով՝ հարցնում եմ համայնքապետին:

– Կարևորը՝ խուճապ չկա: Բնությունը մեր լեռնաշխարհի ժողովրդին մեծ սրտով և ուժեղ բնավորությամբ է օժտել:

– Եթե խուճապ չկա, ուրեմն գյուղը լքողներ էլ չեն լինի: Եթե գյուղից հեռացողներ չլինեն, ինչը շատ ուրախալի և գովելի է, ապա երկիրն էլ կշենանա:

– Խոշորացված համայնքի յոթ գյուղերից և ոչ մեկից էլ հեռացող չի եղել: Ճիշտ է, արոտավայրերը, հայտնի իրադարձություններով պայմանավորված, պակասել են, բայց գյուղացիները փորձում են ելք գտնել: Տեղն ունի երկու հիմնական դպրոց, որտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ: Մանկապարտեզ 130 երեխա է հաճախում: Խուճապ հաստատ չկա. դուրս գաք գյուղամեջ՝ ինքներդ կհամոզվեք: Համայնքի բոլոր գյուղերում էլ աշխատանքներ են կատարվում. ջրագծեր են փոխվում, ոռոգման ցանցերն են կարգավորվում, փողոցների բարեկարգման աշխատանքներ են իրականացվում, խաղահրապարակներ ենք կառուցում, նախակրթարաններ վերանորոգում, զարգացման կենտրոններ ենք հիմնում: Ամեն շաբաթ իրականացվում են աղբահանության աշխատանքներ: Տեղ համայնքում նաև երկու կիլոմետր երկարությամբ տարածքում լուսավորության խնդիր է լուծվել…

Գյուղամիջում զրույցի բռնվեցինք անցորդների հետ: Համոզվեցինք՝ համայնքապետի խոսքերում չափազանցություն չկար: Ահել թե ջահել իրենց խոսքով հաստատում էին, որ զանգեզուրցին արարող է, աննկուն ու աննահանջ:

 

Հայր ու որդի կանգնած են սահմանին

Արշալույս Ավետիսյանի ամուսինը՝ Արթուրն ու ավագ որդին՝ Ալենը, աշխարհազորային են, իսկ փոքրը՝ Արսենը, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող է: Հայր և որդի Իսունցներն աշխարհազորային են և սահմանի տարբեր հատվածներում այսօր ընդգրկված են մարտական հերթապահության մեջ: Տիկին Արշալույսն անթաքույց հպարտությամբ է խոսում իր հերոսների՝ մեր Հայրենիքի պաշտպանների մասին:

-Ամուսինս 1990-ականներից մասնակցել է մեր սահմանների պաշտպանությանը, իսկ Ալենս 44-օրյա պատերազմի մասնակից է, ծանր վիրավորվել է: Ես հպարտ եմ նրանցով՝ մեր տան, մեր հող ու ջրի պաշտպաններով:

Եղանք սահմանի այն հատվածում, ուր Ալենն իր ընկերների հետ առաջնագիծն էր հսկում: Գումարտակի հրամանատար մայոր Ավանեսյանը, ներկայացնելով նրան, ասաց.

– Ալենը քաջ տղա է, շատ պատրաստակամ, ուղնուծուծով հայրենիքի պաշտպան է՝ իսկը հոր նման:

Իմ բոլոր ջանքերն Ալենից մի քանի խոսք լսելու պատերազմին իր մասնակցության, վիրավորվելու, ներկայիս ծառայության մասին, ապարդյուն եղան: Դիրքապահ-աշխարհազորայինը միայն մի նախադասություն ասաց. «Իմ ու հորս թիկունքում մեր ընտանիքն է»:

 

Նրանք իրենց բազկի ուժով են շենացնելու գյուղը

Տիկին Հասմիկին հանդիպեցինք իր տան հողամասում: Երբ մեզ նկատեց, բան ու գործը թողեց ու մեր կողմը եկավ՝ մի տեսակ քննախույզ հայացք նետելով՝ տեսնես ովքե՞ր են, ինչո՞ւ են եկել: Ծանոթացանք, ու մեր զրույցը ստացվեց միանգամից:

– Երեք տղա ու մի աղջիկ ունեմ: Աղջիկս մայրաքաղաքում է ապրում, տղաներս այստեղ են՝ իմ կողքին: Մեծս՝ Գարունը, ու փոքրս՝ Էդիկը, աշխարհազորային ստորաբաժանման կազմում են, մեկ ամիս է՝ արդեն խրամատներում են: Եթե չեմ սխալվում, Գարունը դասակի հրամանատար է. որ գնաք էդ կողմերը, հարցնեք Գարուն Բադասյանին, բոլորն էլ կճանաչեն: Միջնեկս՝ Գարիկը, պատրաստվում է եղբայրներին փոխարինելու:

Տղա՛ ջան, երբեք մտքովս չի անցել հեռանալ գյուղից, ինչ վիճակ էլ լինի: Սյունյաց ժայռերի պես կպած ենք մեր հող ու ջրին: Որ թողնեն, ես էլ կգնամ սահման, պոստ կպահեմ: Տեգորս, հարևաններիս տղաները, բոլորն էլ աշխարհազորային են գրվել: Նրանք իրենց բազկի ուժով են շենացնելու գյուղը: Թոռնիկս՝ Արտյոմը՝ Գարունի տղան, զինվոր է, լավ էլ ծառայում է,- ասաց Հասմիկ Բադասյանը և մեզ ուղեկցեց իր հողամաս, ծանոթացրեց իր ստեղծած տնտեսությանը:

Լոբու մարգերը, թռչնանոցը, նապաստակները, մոշն ու ազնվամորին՝ այդ ամենը, պահում-մշակում է տիկին Հասմիկը:

-Տղաներս սահմանն են պաշտպանում, մենք էլ հող ենք մշակում, կենդանիներ պահում, թիկունքն ամուր պահում:

 

Աշխարհազորայինները

Աշխարհազորայինների ստորաբաժանում ստեղծելու գաղափարը ծագեց հայտնի իրադարձություններից հետո: Եվ այսօր զորամիավորման հրամանատարությամբ՝ գործում է աշխարհազորային ստորաբաժանում։ Փոխգնդապետ Զ. Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցինք աշխարհազորայինների պաշտպանությանը վստահված մարտական դիրքեր:

Դիրքի ավագ Նվեր Էլազյանը վերադասին զեկուցեց առաջնագծի՝ իրենց պահպանությանը վստահված հատվածի, հընթացս կատարված ինժեներական, ամրաշինական աշխատանքների, դիտակետերի կահավորման մասին:

Ղուլունց Արամը չորս մանկահասակ երեխաների հայր է: Աշխարհազորային ստորաբաժանման կազմավորման մասին լսելով՝ անմիջապես շտապել է անդամագրվել:

Կարո Ավանեսյանը, Գարուն Բադասյանը, Նվեր Էլազյանը, Ալեն Իսունցն առաջնագծում են, որպեսզի իրենց ընտանիքները հանգիստ ու ապահով ապրեն, երեխաները դպրոց, մանկապարտեզ հաճախեն, կարողանան դասերը սերտել ու երգել՝ մենք ուզում ենք խաղաղ ապրել:

Տղաներն ասում են՝ իրենք մեզ են թիկունք, մենք՝ իրենց:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1480) 19.04.2023 - 25.04.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


25/04/2023