ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ. ԽՐԱՏ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արդ, ողջ առաքինության հիմքը խոնարհությունն է, եւ բոլոր սուրբերը խոնարհությամբ են հաճո եղել Աստծուն։ Ինչպես Աբրահամն էր խոնարհվում եւ ասում. «Ես հող եմ ու մոխիր» [Ծն. ԺԸ 27], դրա համար նահապետների գլուխ եղավ։ Այսպես ու Դավիթն էր ասում. «Ես որդ եմ ու ոչ մարդ, նախատինք եմ մարդկանց համար» [Սաղմ. ԻԱ 7], դրա համար Աստծուց մարգարեության շնորհ ստացավ եւ կանչվեց ժողովրդին թագավորելու։ Այսպես եւ Եսային էր ասում. «Վա՜յ ինձ, որովհետեւ պիղծ շուրթեր ունեմ» [Ես. Զ5], դրա համար աստվածաբան կոչվեց մարգարեների մեջ։ Այսպես եւ Կարապետն էր ասում. «Արժանի չեմ արձակելու Նրա կոշիկների կապերը» [Յովհ. Ա 27, Մարկ. Ա. 7], դրա համար արժանի եղավ Քրիստոսին մկրտելու։ Այսպես եւ Պետրոսն էր ասում. «Հեռո՛ւ գնա ինձանից, Տե՛ր, որովհետեւ մեղավոր մարդ եմ ես» [Ղուկ. Ե8], դրա համար երկնքի արքայության բանալիները ստացավ եւ Եկեղեցու հիմք եղավ։ Այսպես եւ Պողոսն էր ասում. «Արժանի չեմ առաքյալ կոչվելու» [Ա Կոր. ԺԵ 9], դրա համար երկինք թռավ եւ դրախտը տեսավ։
IV. Արդ, քանզի խոնարհությունն է ողջ առաքինության գլուխը, ուստի մարգարեն ասում է. «Աստված չի արհամարհում խոնարհ հոգին եւ սուրբ սիրտը» [Սաղմ. Ծ 19]։ Եվ Եսային ասում է. «Ես որտե՞ղ բնակվեմ, եթե ոչ հեզերի, խոնարհների մեջ» [Ես ԿԶ 2]։ Եվ նույն Ինքը՝ Տերն ասում էր. «Ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա» [Ղուկ. ԺԴ 11]։
Եվ Պողոսն ասում է. «Ամենայն խոնարհությամբ միմյանց պետք է ավելի լավ համարել, քան ինքներդ ձեզ» [Փլպ. Բ3]։ Եվ Վարդապետներից անթիվ վկայություններ կան խոնարհության մասին, քանզի ոչ ոք Աստծուն այնպես սիրելի չէ, ինչպես նա, ով խոնարհ է եւ իրեն հետին է համարում հանուն Քրիստոսի, որովհետեւ Նրան վայել է փառք եւ իշխանություն այժմ եւ հավիտյանս. ամեն։
Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Հոգևոր-մշակութային