ՊԱՀԵՍՏԱԶՈՐՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԸ
Բժիշկ Մխիթար Հարությունյանն օրեր առաջ է վերադարձել 25-օրյա վարժական հավաքներից: Նվիրված ծառայության համար հրամանատարությունը նրան խրախուսել է պատվոգրով: Մխիթարը կիսվում է հավաքների մասին իր տպավորություններով:
– Պարտադիր ժամկետային ծառայությունս 2016 թվականին ավարտելուց հետո առաջին անգամ էի մասնակցում զորավարժանքի: Քաղաքացիական կյանքից անցումը զինվորական կյանքի բավական սահուն էր։ Պահեստազորայիններից կազմված մեր ստորաբաժանումը շատ արագ ներդաշնակվեց և կայացավ որպես զինվորական միավոր։ Մեր սպաները՝ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ն. Հովհաննիսյանը, վաշտի հրամանատար, կապիտան Ա. Մարտիրոսյանը, արհեստավարժ, հմուտ ու գրագետ էին, մարտական ուղի անցած, ունեին անձնակազմի հետ աշխատելու երկար տարիների փորձ։
25-օրյա հավաքի առաջին տասը օրերին անձնակազմի հետ անցկացվեցին տեսական և գործնական տարբեր պարապմունքներ։ Վարժանքների արդյունավետությունը բավական բարձր էր, ինչը առավելապես պայմանավորված էր սպաների ջանասիրությամբ ու արհեստավարժությամբ։ Իհարկե, սպայի դերը վճռորոշ է, սակայն ոչ պակաս կարևոր է նաև պահեստազորայինի ոգեշնչվածությունը։ Մեր ստորաբաժանման կազմում բոլորն էլ լիարժեք գիտակցում էին ծառայության կարևորությունը, ամենայն պատասխանատվությամբ մոտենում իրենց պարտականությունների կատարմանը։
Շատ կարևոր եմ համարում, որ հավաքների ընթացքում ստորաբաժանումները կազմավորվեն նույն մարզի պահեստազորայիններից: Այս դեպքում ներդաշնակումն առավել արագ ու սահուն կկատարվի։ Միևնույն ժամանակ, պետք է ձևավորվի նաեւ հասարակական վերաբերմունք վարժական հավաքի մասնակցի, դրանից խուսափողի նկատմամբ: Արձագանքը չպիտի ուշանա ո՛չ լավի, ո՛չ վատի հանդեպ։
Մեր ստորաբաժանումը 14 օր շարունակ իրականացրել է պետական սահմանի՝ իրեն վստահված տեղամասի պահպանությունը։ Պահպանությունից պաշտպանության անցնելու անհրաժեշտություն չառաջացավ, բայց հավաստիացնում եմ՝ պատվով կկատարեինք նաև այդ խնդիրը։
Հաճելի էր արձանագրելը, որ տարիների ընթացքում սննդի և կենցաղային պայմանների ապահովման մասով նկատելի առաջընթաց կա։
Մարտական հերթապահության ընթացքում առավել լավ ես հասկանում բանակում առկա խնդիրները: Գիտակցում ես, որ դրանց լուծման լավագույն ձևը բանակն ուժեղացնելն է, զինվորի թիկունքն ամրացնելը, պահեստազորը մարզելը։
Ոմանք ասում են, թե տեխնիկական ներկայիս առաջընթացի պայմաններում մարդուժի դերը կարևոր չէ, բայց ես այդպես չեմ կարծում։ Տեխնիկական առավելությունը կարևոր է ու որոշիչ, սակայն հետևակի ու ամրաշինական կառույցների դերը երբեք չի նվազում։ Տարածքը քոնն է, եթե քո զինվորը կանգնած է այդտեղ, ուրեմն՝ հետևակը միշտ պետք է մարտունակ լինի։ Բոլոր զորատեսակների գլխավոր դերը հենց հետևակի առաջխաղացումը հեշտացնելն է։
Վարժական հավաքների կազմակերպումը կենսականորեն անհրաժեշտ է, եւ որևէ մեկը իրավունք չունի խուսափելու հավաքներից, ինքս էլ միշտ պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանությունն ամրապնդող ամեն ձեռնարկման:
Վստահեցնում եմ՝ այսօրինակ աշխատանքների տևական ու հետեւողական կատարման դեպքում ամենաուշը մեկ-երկու տարի անց հայկական բանակն իր թիկունքում կունենա բավական մեծաթիվ և պատրաստված պահեստազոր։
Պատրաստեց ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում