1915-Ի ԳՈՅԱՄԱՐՏԵՐԸ
Ընթերցո՛ղ բարեկամ, ապրիլյան սգատոնի այս օրերին, մենք ներկայացնում ենք Արեւմտահայաստանում, Հայոց ցեղասպանության դժնդակ օրերին մղված հերոսամարտերից մի քանիսը՝ փաստերով, իրողություններով հավաստելու համար այն ճշմարտությունը, որ մեր պատմական բնօրրանի ոչ մի բնակավայր բնակիչներն ինքնակամ չեն լքել, այնտեղ, որտեղ եղել է դրա հնարավորությունը, հաճախ, եթե անգամ չի եղել, համախմբվել, ընդվզել, կանոնավոր զորաբանակների, թուրք, քուրդ հրոսակախմբերի դեմ բազմաթիվ անհավասար, բայց հաղթական ճակատամարտեր են մղել։
Հայոց Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին մենք անդրադառնում ենք 1915 թվականի գոյամարտերին։ Դժվար է ասել՝ այս բառը այլ լեզուներում գոյություն ունի՞ եւ եթե ունի, արտահայտո՞ւմ է նույն իմաստը։ Մեր նախնիները Արեւմտահայաստանի առանձին քաղաքներում, անգամ գյուղերում, գոյամարտի՝ ինքնապաշտպանական մարտերի էին ելնում ու օգնության ոչ մի հույս չունենալով, իրենց, միմիայն իրենց ուժերին վստահելով՝ կռվում էին մինչեւ վերջին փամփուշտը, արյան կաթիլը, որովհետեւ արժանապատիվ մահը նախընտրում էին տարագրությունից ու նվաստացումից։
Երջանկահիշատակ Մեսրոպ արք. Աշճյանը մինչեւ անակնկալ վախճանը ձգտում էր, որ Հայոց եկեղեցին Մեծ եղեռնի նահատակներին, ինչպես Վարդանանց քաջամարտիկներին, սրբերի շարքը դասի։ Ես կավելացնեի՝ նաեւ աշխարհազորային հերոսներին, որովհետեւ այդպես մեռնել կարողանալը բացառիկ հերոսություն է։
ՍԱՍՈԻՆ
«Սպառազեն սասունցիները մեր դեմ անձնազոհաբար կռվեցին՝ պաշտպանելով իրենց պատիվը։ Նրանք մեր ոխերիմ թշնամիներն են, բայց որպես քաջեր, հերոսներ՝ արժանի են ամենայն գովասանքի»։
ՊԱՐԱՆ ԲԵԿ
Թուրք զորավար
Նրանք ծնվել էին այս լեռներում, ճաշակել էին կորեկ հացը, խմել պաղպաջուն ջուրը, բայց մեծացել, գերմարդկային ուժ, զորություն էին ստացել ոչ թե հաց ու ջրով, այլ հայրենիքի սիրով։ Նրանք՝ հայկական դյուցազներգության հերոսները։ Ժամանակին Սասունում գրագետ հայ քիչ էր եղել, ծերունիները արտասանելով, մերթընդմերթ էլ երգելով էին պատմել ազգային վիպասքը, ու ունկնդիրներից ամեն մեկը, չոչ անող երեխան անգամ, համոզված էր եղել, որ ինքն է Սանասարն ու Բաղդասարը, Թլոլ Դավիթը՝ իր, լեռների, հովիտների, բնօրրանի պահապանն ու պաշտպանը։ 1890 թվականից սկսած՝ թուրք ու քուրդ խուժանը, օսմանյան բազմահազարանոց կանոնավոր բանակը անընդհատ հարձակումներ էին գործել Սասունի վրա, փորձել էին լեռնաբնակների կամքը ընկճել, նկարագրի «ծռությունն» ուղղել, չէին կարողացել։ Ինչպե՞ս կարողանային. իրենց գյուղաշխարհը պաշտպանում էին Անդրանիկն ու Գեւորգ Չավուշը, Աղբյուր Սերոբն ու կինը՝ Սոսեն, Տարոնի առյուծը՝ սուլուխցի Սերոբն ու իր կորյունները, Կոտոյի Հաճին, Հրայր Դժոխքը։
1915 թվականի հենց սկզբին մունետիկները Թուրքիայով մեկ տարածեցին ընդհանուր տեղահանության հրամանը։ Նպատակը վաղուց արդեն հայտնի է, արեւմտահայությանն իր բնօրրանից հեռացնելը, բռնագաղթի անվերջանալի, անտանելի ճանապարհներին տանջամահ անելն էր։ Ով այդ փորձությունները հաղթահարեր, հրաշքով ողջ մնար, վերջնական բնակություն պիտի հաստատեր Միջագետքի ամայի ու անջրդի անապատներում։ Սասունցիները, սակայն, նույնիսկ այդ «առանձնաշնորհումից» էին զրկված։ Թուրքական կառավարությունը վճռել էր նրանց բոլորին՝ ալեհեր ծերունուց ընդհուպ նորածին մանուկը, բնաջնջել, վերացնել իրենց իսկ բնակավայրերում՝ գյուղերում, քաղաքներում, արոտներում ու արտերում, ով ուր պատահեր։ Դրա համար, իհարկե, նախ անհրաժեշտ էր զենք բռնելու, կռվելու ունակ ուժերին հեռացնել լեռնաշխարհից։ Օսմանյան կառավարությունը, առաջին աշխարհամարտին մասնակցելուն պես ընդհանուր զորակոչ հայտարարեց, բայց սասունցիներն զգում էին իրենց դեմ նյութվող դավերը, ոչ մի երիտասարդի թուրքական բանակ չուղարկեցին։ Մուշի կառավարիչ Սերվիթ փաշային էլ նման պատրվակ էր պետք. դա խռովություն, ընդվզում համարեց, խորհրդակցության հրավիրեց լեռնագավառի բոլոր քուրդ ցեղապետերին, աղաներին ու բեկերին։ Նա խոստացավ ցանկացած քանակությամբ զենք, զինամթերք տրամադրել, բանտերից հանցագործներին անգամ ազատել, միայն թե քրդերը անընդմեջ գրոհներով հայերին ոչնչացնեին, բնակավայրերը ավերեին, հողին հավասարեցնեին։ Քրդական ցեղերը Սասունի լեռներում ու Մուշի դաշտերում ի սկզբանե հայերի հետ էին ապրել, քիրվաներ եղել, բայց թալանի մոլուցքը, անհատնում հարստության տիրանալու տենդը շլացրեց. նրանք առաջին հարձակումը գործեցին Քոփ եւ Իրիցանք բարեկեցիկ գյուղերի վրա։ Քոփ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը ղեկավարում էր գյուղապետի՝ շոյ Արոյի ավագ որդին՝ Մարգարը, Իրիցանքինը՝ Թաթոյ Մկոն ու Կրպեյ Տոնեն, ում օսմանյան կառավարությունը նախորդ ապստամբություններին ակտիվորեն մասնակցելու համար 101 տարվա բանտարկության էր դատապարտել։ Նա վերջերս էր ներում ստացել, տուն վերադարձել…
Հրացանաձգության, կրակահերթերի ճարճատյուն լսելով՝ Սեմալի, Շենիկի, Գելիեգուզանի պաշտպանական ջոկատները մարտադաշտ են նետվում, երեք կողմից շրջապատում քրդերին։ Հրոսակները, որոնք հեշտ, հարուստ թալանի ակնկալիքով էին անակնկալ հարձակում գործել, խուճապի են մատնվում, թողնում են հափշտակած հոտերը, փախչում։ Սերվիթ փաշան համոզվում է, որ հայերին բնաջնջելը, մեկընդմիշտ վերացնելը հեշտ չի լինելու։ Նրա հանձնարարությամբ անջատ-անջատ գործող քրդական հրոսակախմբերը միավորվում, երեք զորաբանակ են կազմում, որոնց հետ մարտական պարապմունքներ են անցկացնում թուրքական զինված ուժերի հրահանգիչները։ Շատ չանցած՝ Սասունը ամեն կողմից պաշարված էր։ Գերմավ, Քոփ, Իրիցանք, Ընկուզնակ, Արտկունք գյուղերի բնակիչները միացան, դիրքավորվեցին Անդոկ լեռան լանջերին։ Ապստամբները, ճիշտ է, համեմատաբար փոքրաթիվ էին, բայց լավ ծանոթ էին տեղանքին, հաճախ նախահարձակ էին լինում, լավ զինված քրդական ցեղախմբերին, որոնք քաջի, անպարտելիի համբավ ունեին, ահաբեկում էին, հետ վանում։ Այդ կայծակնային գրոհները հնարամտորեն նախաձեռնում էին դեռեւս 1894, 1904 թվականների ինքնապաշտպանական մարտերից հայտնի տալվորիկցի Գասպարը, զինագործ Համզեն, ուսուցիչ Միքայել Քամալյանը, բալկանյան պատերազմին մասնակցած Աշոտ Սարգսյանը։ Երկար, ձանձրալի պաշարումը, հայերի գիշերային հակագրոհները, անիմաստ, չափազանց շատ զոհեր տալը վհատեցրին քրդերին։ Նրանք սկսեցին խումբ-խումբ դիրքերը լքել, գաղտագողի փախչել։ Իրավիճակը փոխվեց, երբ Տիգրանակերտից օգնության հասան թուրքական կանոնավոր զորաբանակները։ Ընդհանուր հրամանատարը՝ Նուրի բեկը, անհնազանդ հայերին ջախջախել, ոչնչացնելը թեթեւ ռազմարշավ էր համարում, նախօրոք իր սպաներին բարձր պաշտոններ, առատ ռազմավար էր խոստանում։ Նա ուժերը այնպես դասավորեց, որ վրեժխնդրությամբ համակված քրդերն առաջ անցան, թուրքական կանոնավոր ուժերը հետեւեցին նրանց։ Հայերն անակնկալի չեկան, ձեւացրին, թե նման ճնշմանը չեն դիմանում, հետ-հետ քաշվեցին, իսկ աջ ու ձախ թեւերում դիրքավորված հայդուկները, անսպասելի գրոհով շրջապատեցին հակառակորդին, աքցանի մեջ առան։ Այդ ծանր, վճռորոշ ճակատամարտում սպանվեց Նուրի բեկը, բազմաթիվ ասկյարներ զոհվեցին կամ գերի ընկան, իսկ մնացածը ճարահատ փախուստի դիմեց։
Չնայած հաղթանակին՝ ապստամբների վիճակն օրեցօր ծանրանում էր։ Սպառվում էր զինամթերքը, իսկ այն բանից հետո, երբ թուրքերը կոտորեցին Մուշի դաշտավայրի ժողովրդին, ու վերապրողները գաղթեցին, Սասունի լեռներում ապաստանեցին, առաջացավ նաեւ պարենի, հանապազօրյա հացի ճգնաժամ։
Հունիսի 28-ին պաշտպանական խորհրդի նիստ հրավիրվեց, որն իրավիճակից դուրս գալու երկու միջոց քննարկեց։ Մի մասը գտնում էր, որ ժողովրդին պետք է շրջապատել զինված մարտիկներով, անակնկալ հարձակումով ճեղքել քրդերի հյուսիսարեւելյան՝ համեմատաբար թույլ ճակատն ու Ծովասարի վրայով ռուսական զորամասերի գրաված տարածքը հասնել, մյուսը, ընդհակառակը, պահանջում էր անկախ զինամթերքի, պարենի պակասից, դիրքերում մնալ, կռվել մինչեւ ռուսների Սասուն մտնելը։ Հաղթեց վերջին տեսակետը։
Ապստամբները՝ թուրքերի ու քրդերի միացյալ գրոհները դիմագրավելու, իրենց հայրենակիցների անվտանգությունն ապահովելու համար մոտեցրին դիրքերը, պաշտպանական լրացուցիչ գոտի ստեղծեցին։ Մարտնչող ուժերն իրենց հերթին թաքնվում էին խիտ անտառներում, անմատչելի լեռնալանջերում ու ձորահովիտներում, անսպասելի գրոհներով մխրճվում էին թշնամու այս կամ այն թեւը, կորուստներ պատճառում։ Ցավոք, բավական ժամանակ անցավ, ու ռուսական բանակը ոչ միայն Սասուն չմտավ, այլեւ գրաված տարածքներից նահանջեց։ Դա թուրքերին հնարավորություն տվեց ռազմադաշտից լրացուցիչ ուժեր փոխադրել Սասուն, քրդերին ավելի սանձարձակ, կատաղի գրոհների մղել։ Նրանք իրենց գրաված գյուղերը թալանելով չէին գոհանում, բոլոր բնակիչներին անխտիր կոտորում էին՝ չխնայելով ոչ անզոր ծերունիներին, ոչ էլ անպաշտպան նորածիններին։ Իշխանաձորում Շաքեյ Օհանի ջոկատը շրջապատել էին խիանցի քրդերը։ Նրանք ապստամբներին հորդորում էին անհապաղ անձնատուր լինել, դիմադրությունն անիմաստ էին համարում, չգիտեին, որ ամեն ոք ուխտել է մինչեւ մահ կռվել, հետո իր արյունը խառնել Տարոն աշխարհի հող ու ջրին։ Այդ ծանր, օրհասական պահին Վարդոն՝ Սասունի ամրակազմ, հմայիչ կանանցից մեկը, որ դիրքերից էր հետեւում ճակատամարտին, լաչակը գլխից հանեց, օդում ծածանելով՝ գոչեց.
– Քույրե՜ր, մայրե՜ր, ի՜նչ եք սսկվել, գնանք, օգնենք մեր եղբայրներին ու ամուսիններին։ Ճիշտ է, մենք զինված չենք, բայց ծանր կացիններ, կարծր քարեր, պինդ մահակներ, սուր եղունգներ ու ատամներ ունենք…
Իրոք, եղան հարսներ, որոնք պատյաններից հանեցին զոհված ամուսինների դաշույնները, խոյացան ոսոխի վրա։ Իսկ ավելի ուշ, երբ ոչ միայն հրազենի, թրի, դաշույնի պակասն էլ զգալի դարձավ, սասունցի կանայք «Քարի մարտկոցներ» ստեղծեցին։ Մարտերից առաջ նրանք բարձր բլուրների լանջերին ժայռեր էին կուտակում, ու հենց մոտենում էին թուրքերը կամ քրդերը, գլորում էին ցած։
Աշնանը թուրքական զորաբանակներն ու քրդական հրոսակախմբերը գրավել էին հայկական գրեթե բոլոր գյուղերը, ապստամբները քաշվել էին Սասունի միջնաբերդը՝ Անդոկ լեռան լանջերը, բայց դիմադրությունը դադարեցնելու, հանձնվելու մասին չէին մտածում։ Գազազած թուրքերը հրդեհեցին հայերի ցորենի արտերը, որ սովամահության մատնեն, չօգնեց։ Ճարահատ խարդավանքի դիմեցին։ Տապըգ գյուղի գայմագամ Դալիբը, ըստ երեւույթին կառավարական շնորհի, բարձր պաշտոնների արժանանալու համար, որոշեց մեն-մենակ բնաջնջել մնացած սասունցիներին։ Նրա հանձնարարությամբ մունետիկները հասան այն բոլոր լեռները, անտառներն ու քարայրները, որտեղ կարող էին հայեր պատսպարված լինել, ու ձայնեցին, որ կառավարությունը խռովարարներին ներում է շնորհել, եթե հովիտ իջնեն, պատժից, ամեն վտանգից զերծ, ապահով կլինեն։ Ինչ խոսք, բոլոր փախստականները, չէ որ հավատացին հավաստիացումներին, բայց մոտեցող ձմեռվա, անխուսափելի ցրտահարության, սովամահության պատճառով տեղի տվեցին։ Հատկապես կանայք, երեխաներն ու ծերունիները։ Նրանք՝ ավելի քան 2500 հոգի, հետիոտն քարավանով Մուշ իջան։ Արդեն գիշեր էր, զինվոր-ոստիկանները նրանց լցրին անասնագոմերը, խիստ հսկողություն սահմանեցին, իսկ առավոտյան ճիպոտահարելով, մտրակահարելով Մեղրագետ հասցրին, գնդացրային կրակահերթով կոտորեցին, լցրին գետը։ Փրկվեցին միայն այն գեղեցիկ կանայք ու աղջիկները, որոնց մեծահարուստ թուրքերը ընտրեցին իրենց հարեմների համար։
Իսկ դրանից քիչ անց ձյուն տեղաց, ծանր, սառը ծածկոցով պատեց լեռնաշխարհի կիրճերն ու հովիտները, քարայրները, քարանձավները։ Եթե ինչ-որ տեղ դեռեւս մնացել էին թաքնված ապստամբներ, հաստատ ցրտահարվել էին։ Կամ սովամահ էին եղել։ Այլ խոսքով, երիտթուրքերի իթթիհատական կառավարությունը հասել էր նպատակին. ըմբոստ, անհնազանդ սասունցիներին վերացրել էր։ Այդպես էին մտածում, այդպես համոզված էին Տարոնի քրդերը, թուրքերը, բայց ոչ հայերը։ 1916 թվականի փետրվարի 11-ին Թամո անունով մի հայ երիտասարդ, ոտքով կտրեց Կուրտիկ լեռը, Մուշից Գելիեգուզան հասավ ու ամենաբարձր բլրին կանգնելով ձայնեց.
– Հայե՛ր, դո՛ւրս եկեք թաքստոցներից, ավետիս եմ բերել ձեզ, ռուսական բանակը գրավել է Մուշը, ազատությո՜ւն է, ազատությո՜ւն։
Ձյան ծանր, սառը ծածկոցը ասես շարժվեց։ Ստորգետնյա խուղերից, գետնատնակներից սեմալցիներ, շենիկցիներ եւ, իհարկե, գելիեգուզանցիներ հայտնվեցին, փաթաթվեցին իրար, փութացին Մուշ։ Տասը ամիս շարունակ նրանք մարտնչել էին թուրքական կանոնավոր բանակի, քրդական հրոսակախմբերի, բուք ու բորանի, քաղցի դեմ ու հաղթել էին։ Ռուս սպաները նրանց իսկական հերոսների պես դիմավորեցին, կերակրեցին, տաք հագուստներ հագցրին, ուզեցին Կովկաս ուղարկել, սասունցի հայդուկները հրաժարվեցին.
– Մենք այստեղ դեռ շատ անելիք ունենք…
Նրանք առանձին խմբեր կազմեցին, հարցուփորձով փնտրեցին, գտան Մուշի կառավարիչ՝ Սերվիթ փաշային, Տապըգի գայմագամ Դալիբին, Սատըգ, Իբրահիմ, Սուլեյման աղաներին, իրենց հարազատների, հայրենակիցների մյուս դահիճներին ու բոլորի հետ դաժան հաշվեհարդար տեսան։
Սասունի 60 հազար հայերից 15 հազարը միայն ողջ մնաց, նահանջող ռուսական բանակի հետ Արեւելյան Հայաստան գաղթեց ու չնայած հաստատվեց Արագածի լանջերին, բնօրրանի ոգուն, նկարագրին հավատարիմ մնաց։ Հայաստանի սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրության համար մղված մարտերի ընթացքում սասունցի հայդուկների թոռներն ու ծոռները «Սասուն», «Սասունցի Դավիթ», «Անդրանիկ զորավար» ջոկատների շարքերն անցան ու մինչեւ չհաղթեցին, տուն չվերադարձան։
Ո՜վ գիտե, 1915-ի ազատամարտիկները նույնպիսի հաղթանակների չէի՞ն հասնի, եթե Վանում, Ուրֆայում, Մուսա լեռում ու Սասունում ապստամբեին ոչ թե առանձին առանձին, հաճախ իրարից անտեղյակ, այլ միացյալ ուժերով ոտքի հանեին ամբողջ Արեւմտահայաստանը։ Իհարկե, այժմ մեր պատմությունը չենք քննարկում, սերտում ենք։
ՄՈՒՍԱ ԼԵՌ
«Հայրենիքի համար պետք է կռվել այնպես, ինչպես կռվեցին Մուսա լեռում»։
ԲՐԱՆԿՈ ՉՈՊԻՉ
Հարավսլավացի արձակագիր
Լեռը Մուսա՝ Սուրբ էր կոչվում, նրա անտառածածկ գագաթներով միայն ամպերն էին սահում, որոնք, երբ քսվում էին ծառերի կատարներին, ծվեն-ծվեն գազպեն, մանանա էին թողնում։ Մուսա լեռում ամեն նորահարսի` փեսայի տուն մտցնելուց առաջ նուռ էին տալիս, հորդորում շեմի սալ քարին խփել։ Որպեսզի որքան հատիկ որ թափվի, այնքան զավակ ունենա։ Արու զավակ, զինվոր զավակ։
1915 թվականին ճիշտ հուլիսի 29-ին, Մուսա լեռան Յողուն Օլուք գյուղում հոգևորականներն ու աշխարհականները խորհրդի նստեցին։ Ստացել էին գավառակի հայատյաց մյուդիրի՝ ալիդի հրամանը, որով լեռնաշխարհի բոլոր վեց գյուղերի վեց հազարից ավելի բնակիչներին հրահանգում էր մի շաբաթում թողնել տուն ու տեղ, կալվածք, ունեցվածք, անապատ տարագրվել։ Պատվելի Տիգրան Անդրեասյանը, որն իր աչքերով տեսել էր Զեյթունի տեղահանությունը, մի կերպ փախել, բնօրրան էր հասել, առաջարկում էր Մուսա լեռ քաշվել, ինքնապաշտպանության դիմել. «Եթե մեր վերջը մահ է, արժանապատվությամբ մեռնենք»,- ասում էր նա։ Ավետարանական համայնքի մի ուրիշ հոգևոր հովիվ՝ պատվելի Հարություն Նոխուտյանը, ընդհակառակը, գտնում էր, որ կառավարության կամքին չի կարելի հակառակվել, ճիշտը զենքերը հանձնելը, տեղահանության հրամանին ենթարկվելն է։ Մեկը մյուսին չկարողացավ համոզել, հաջորդ առավոտն իսկ Նոխուտյանը իր հոտն առավ, հլու-հնազանդ ճամփա ընկավ։ Նրանք, ովքեր նրա առաջնորդությամբ վերջիվերջո կտրեցին Միջագետքի անապատը, Համայի գաղթակայանը հասան, կուսակալի՝ Քեմալ բեյի հրամանով բռնի կրոնափոխ եղան։ Դավիթը Տավուտ դարձավ, Հակոբը՝ Յագուբ, Աբրահամը՝ Իբրահիմ…
Բարեբախտաբար, գյուղերում մնացած մուսալեռցիները չէին սպասել ժողովի վճռին՝ անընդհատ լեռ էին բարձրացել-իջել։ Տղամարդիկ քարանձավներն էին տեղափոխում զենքերը, կանայք՝ սննդի պարկերն ու ընտանեկան մասունքները։ Մյուդիր ալիդն իմացավ մուսալեռցիների տեղափոխության մասին ու որպեսզի նախապատրաստվելու, դիրքավորվելու ժամանակ չտա, հերթական նամակ-սպառնալիքից հետո ինքը զինվորական գունդ վերցրեց, Մուսա լեռ ելավ։ Նա զորավարի կեցվածք էր ընդունել, ձեռքը տիրական առաջ մեկնած՝ հոխորտում էր.
– Մինչև արևը մայր մտնելը գագաթին պիտի լինեմ…
Իհարկե, նա ավելի ինքնավստահ կլիներ, որ հայերը մեկփողանի ու երկփողանի հրացաններով են կռվում։ Մեկփողանի ու երկփողանի որսորդական զենքերով, լավագույն դեպքում հունական հնաոճ «Կրաներով», որոնցից յուրաքանչյուրի պահունակում հազիվ քսանհինգ փամփուշտ էր տեղավորվում։ Հակառակի պես կռիվը երկարում էր ու առաջին պաշտպանական խրամատում զինամթերքը, որքան էլ ապստամբները խնայողությամբ գործածեին, սպառվում էր։
Ճակատամարտի վեցերորդ ժամին ասկյարներն ընդհուպ մոտեցան հայկական հենակետերին։ Առաջին խրամատում դուրս խոյացան դիրքերից, նետվեցին սվինամարտի։ Թուրքերը նախ անակնկալի եկան, մի պահ ընկրկեցին, հետո հայերն էլ չհասկացան, թե ինչ տեղի ունեցավ, միանգամից ետ շրջվեցին, խուճապահար փախան։
Անդրանիկ հաղթանակը մուսալեռցիներին ինքնավստահություն ներշնչեց։ Ընտրվեց ռազմական խորհուրդ, որը կռվողներին տասնյակների բաժանեց, տասնապետեր նշանակեց ու ըստ խրամատների տեղաբաշխեց։ Բացի դրանից՝ քառասուն ամենահանդուգն, փորձառու մարտիկներից առանձին ջոկատ կազմվեց, որը միշտ կազմ-պատրաստ պիտի լիներ ու անմիջապես այն դիրքը հասներ, որտեղ երերար պաշտպանությունը։
Առաջիկա անխուսափելի, դժվարին մարտերին միայն մարտիկները չէ, որ պատրաստվում էին։ Ծերունիները խրամատներն էին փորում, անտառը նոսրացնում, որ թշնամին հեռվից տեսանելի լինի, անակնկալի չբերի, կանայք հաց էին թխում, երկար դիմացող ուտելիքներ եփում, երեխաները զինամթերք, ջուր, կերակուր էին հասցնում ժամապահներին, տարբեր ջոկատների միջև անխափան կապ ապահովում։
Իր հերթին վերջնական, վճռական գրոհի էր նախապատրաստվում հակառակորդը։ Առաջին ձախողումից հետո պարտությունն արդարացնելու համար մյուդիր ալիդը այնպիսի սարսափազդու չափազանցություններով ներկայացրեց հայերի ուժերն ու անխոցելիությունը, որ թուրքական կառավարությունն ընդամենը երեք օր անց՝ օգոստոսի 10-ին, նրան հինգ հազար լրացուցիչ զինվոր տրամադրեց։ Այդ մեծաքանակ, հիանալի զինված զորաբանակը մուսալեռցիների դիրքերն էին առաջնորդում յոթը թուրք հազարապետ և մի բարձրաստիճան գերմանացի սպա՝ կոմս ֆոն Վոլֆսկիլին, որը խոստացել էր ռազմավարական նորագույն հնարանքներով, մի գրոհով խարխլել հայերի պաշտպանությունը, ամբողջ ազգաբնակչությանը գերեվարել։ Չնայած նման հավաստիացումներին` թուրք սպաները չհամարձակվեցին մոտենալ հայկական ամրություններին, որոշեցին լեռնային թնդանոթներով ու հրետանիով հեռվից ռմբակոծել։ Որոտաց ապստամբների պատասխան կրակահերթը։ Լեռնապատի այրերը ակնախոռոչների նման մութ էին, հայտնի չէր, թե գնդակները որ կողմից են տեղում։
– Կա՛նգ առեք, տեսնենք՝ ինչ ենք անում,- քծնել փորձեց գերմանացի սպան,- թուրք զինվորը թանկ արժե, մենք գրեթե հաղթել ենք, ավելորդ զոհ տալու իրավունք չունենք։
Ասկյարները կարծես դրան էին սպասում. թնդանոթները թողեցին, փախան։ Նահանջի ամբողջ ճանապարհին զոհերի ցաքուցրիվ դիակներ էին ընկած, որոնց թիվը, եթե հաշվեին, հաստատ հարյուրը կանցներ։ Առնվազն երեք անգամ շատ էին վիրավորները։ Հազարապետերից մեկի գութը շարժվեց, հրամայեց.
– Վիրավորներին վերցրե՛ք, դիակները տեղում թաղե՛ք։
Հետո մի կողմ կանչեց մեռելաթաղներին, թաքուն հրահանգեց.
– Ամեն փոսում հինգ-հինգ հոգի դրե՛ք, որ չիմացվի` որքան զոհ ենք տվել։ Ամոթ է՝ այիբ։
Չնայած երկրորդ հաղթանակին՝ ազատամարտի հրամանատարները ստիպված եղան ծայրահեղ քայլերի դիմել։ Ստեղծեցին ընդհանուր վարչական մարմին, որը հաշվեկշռի ենթարկեց սննդամթերքն ու խիստ հսկողություն սահմանեց։ Ապա կազմավորեց քառասուներեք դասակ, վեց գյուղերի բնակիչներին համախմբեց նույն բլրի լանջին այնպես, որ ծովը յուրաքանչյուրի տեսադաշտում լինի։ Ու փրկության հույս, լավատեսություն ներշնչի։
Սեպտեմբերի 15-ը կիրակի էր, քահանայից դասը վաղ առավոտյան պատարագ էր մատուցում։ Երբ սարկավագը խունկ ծխեց և մրմնջաց «Ազգիս հայոց ազատությո՜ւն…» հայրապետական աղոթքը, հանդիպակաց բլրի գագաթին հայտնվեց ճակատային մունետիկ Առաքել Կեպեշյանն ու գուժեց.
– Թուրքերը մոտենում են, զենքի՜…
Ասես գորշ, մռայլ ամպերը ամեն կողմից պարուրել էին լեռան լանջերն ու դանդաղ սողում էին վեր՝ դեպի գագաթ։ Թուրքական բանակի հինգ հազար փորձառու զինվորներին միացել էին յաթաղանները մերկացրած չորս հազար թուրքմեն ու չեչեն ավարառուներ, որոնք անընդհատ առաջ էին ընկնում, որպեսզի շուտ թալանեն հայերի ունեցվածքը, առաջինը բռնաբարեն կանանց, առևանգեն դեռատի տղաներին ու աղջիկներին։ Ընդհանուր հրամանատարը՝ Ֆահրի փաշան, այս անգամ խորամանկության դիմեց. հենց հայկական դիրքերին մոտեցան, զորքը բաժանեց երկու մասի։ Մեկը լեռան լերկ բարձունքով վեր ձգվեց, մյուսը մխրճվեց անտառ։ Մուսալեռցիները առանց այն էլ նման լայնածավալ գրոհը դիմագրավելու հնարավորություն չունեին, չիմացան՝ որ կողմը նետվել, ցրվեցին, կողմնորոշումը կորցրին։
Դիրքապահները, քայլ առ քայլ նահանջելով, վերջին հուսահատական միջոցին էին դիմում՝ ձեռնամարտի էին բռնվում, բայց զգում էին, որ ուժերն սպառվում են, քիչ անց սրախողխող ընկնելու են, ու բաշիբոզուկները, քարայրները, թաքստոց-կացարանները ներխուժելով, պղծելու են իրենց օջախը՝ հայ տղամարդու ամենանվիրական սրբությունը։ Եղան այնպիսիները, որ չդիմացան, մի ակնթարթ տուն նետվեցին, համբուրեցին կանանց, որպեսզի թշնամին չառևանգի, դաշունահարեցին ու խրամատ վերադառնալով՝ շարունակեցին մարտը։ Տասնապետ Եսայի Յաղուբյանը, սակայն, զուր չէր անընդհատ կրկնում. «Հայի վերջին խելքը…»։ Ամենաօրհասական պահին նա շուրջը խմբեց մարտընկերներին, կարճ ու կտրուկ հրահանգներ տվեց։ Ու մինչ թուրքերն առաջիկա, իրենց կարծիքով վերջնական հաղթանակից գլուխները կորցրել էին, ապստամբները երկու կողմից աննկատ շրջանցեցին նրանց, թիկունք անցան։ Երբ հակառակորդը սթափվեց, արդեն ուշ էր։
Մուսալեռցի կանայք, որոնք մինչ այդ Աբրահամ Տեր-Գալստյան քահանայի առաջնորդությամբ Միջերկրականի ափն էին հասել, որ խմբովին ծովը նետվեն, նրա ալիքներին հանձնեն հայ կնոջ առաքինությունը, հետ շրջվեցին ու նկատելով թուրքական բանակի իրարանցումը՝ գոչեցին.
– Վե՛ր նայեցեք վե՛ր, հրա՞շք է, ի՜նչ է, մերոնք հաղթում են։
Մանուշակ Մանուկյանը գլխով արեց.
– Ճիշտ որ հաղթում են։ Աստված վկա, մենք խելք չունենք, ջուրը նետվելու փոխարեն՝ ավելի լավ է, գնանք, մեր տղամարդկանց օգնենք։
Կանայք խուռներամ հետ դարձան ու հենց մարտադաշտ հասան, բարձունքները մագլցեցին, սկսեցին ժայռեր գլորել՝ քարե կարկուտ տեղալ հակառակորդի վրա։ Իսկ թուրքերին թվաց, թե ապստամբներին մեծաքանակ ուժեր են օգնության հասել. վեց-յոթ հարյուր սպանված ու վիրավոր թողնելով՝ ճեղքեցին շրջափակման շղթան, փախան։
Դրանից հետո ոսոխը, ճիշտ է, չէր հանդգնում բացահայտ գրոհներ ձեռնարկել, բայց լեռնաբնակների վիճակը առաջվա նման անելանելի էր մնում։ Արդեն սեպտեմբեր ամիսն էր, սնունդը գրեթե սպառվել էր, ժամանակավոր կացարանները վերահաս ցրտից, տևական անձրևներից, որոնց հաճախ կարկուտ էլ էր խառնվում, գրեթե չէին պաշտպանում։ Մուսալեռցիների հայացքները ավելի ու ավելի հաճախ էին ուղղվում Միջերկրականի ծովախորշը։ Պատվելի Տիգրան Անդրեասյանը նույնիսկ անկողնային ճերմակ սավան վերցրեց, վրան անգլերեն, խոշոր տառերով գրեց «Քրիստոնյաները վտանգի մեջ են, փրկեցե՛ք» կոչ-աղերսը, պարզեց լեռան գագաթին։ Հաջորդ առավոտ աղջիկները նույն չափի սավանի վրա կարմիր խաչ ասեղնագործեցին, ամրացրին ուղերձի կողքին։ Ու ընդամենը երեք օր անց՝ սեպտեմբերի 2-ին, երբ մշուշը ցրվեց Միջերկրականի վրայից, լեռան բոլոր դիտակետերից միաժամանակ ձայնեցին.
– Նա՜վը…
Դա պատրանք, խաբկանք չէր, իսկական ռազմանավ էր ակոսում ծովածոցը…
«Գիշենը»՝ ֆրանսիական երրորդ տորմիղի պարծանքը, քառակայմ, երկնագույն, զրահապատ հածանավ էր, սեպտեմբերյան այդ օրը ինքնավստահ էր ճեղքում Միջերկրականը։ Առաջինը դիտարանի հերթապահը, լեռան լանջին շարժվող էակներ, խարույկ, խաչանիշ նկատելով, հարկ համարեց զեկուցել նավապետին։ Նա խոսքը դեռ չէր վերջացրել, աչեր Դումանյանը, Պետրոս Դմլաքյանը, որոնք սահուն ֆրանսերեն գիտեին, լողալով նավին մոտեցան, ներկայացան նավապետին։ Ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնիեն սկզբում տարակուսանքով էր նայում նրանց գզգզված մազ-մորուքներին, սակայն, երբ փարիզյան ֆրանսերենով լսեց քառասուն օրվա գոյամարտի մանրամասները, մարդկայնորեն հուզվեց։ Ցանկացավ իմանալ, թե ինչով կարող է օգտակար լինել ապստամբներին։
– Մենք գութ չենք հայցում,- արժանապատվությամբ պատասխանեցին պատվիրակները,- ուզում ենք, որ մեզ զորակցեք։ Եթե հնարավոր է, մեր կանանց, երեխաներին ապահով ափ տեղափոխեք, իսկ մեզ զենք, զինամթերք տվեք, որ լեռ բարձրանանք, շարունակենք մեր կռիվը։
Դարտիժ դյու Ֆուրնիեն ջերմությամբ սեղմեց յուրաքանչյուրի ձեռքը, ասաց.
– Ես՝ որպես զինվորական, ձեր պայքարով հիանում, ձեզ համակրում եմ, բայց, ճիշտն ասած, հեռանկարը չեմ տեսնում։ Ամայի լեռան գագաթին որքա՞ն կկարողանաք դիմագրավել թուրքերի գրոհները, ձմեռվա ցուրտը, քաղցը։ Խղճացե՛ք ձեր կանանց, երեխաներին։ Զենքով, զինամթերքով օգնելու փոխարեն ես պատրաստ եմ ձեզ ապահով բնակավայրեր փոխադրել։ Գոնե մինչև պատերազմի ավարտը։
Սեպտեմբերի 12-ն էր՝ առավոտյան ժամը 4-ը։ Ֆրանսիական ռազմանավերը՝ «Գիշենը», «Դեզեքսը», «Ֆուդրեն», «Դ՛Էստրեսը», «Շարնեն» կազմ-պատրաստ խարիսխ էին նետել ծովախորշում։ Մինչև լույսը բացվելը, հակառակորդի սթափվելը նավանցումը ավարտվեց։ Երբ ծովախորշում ոչ մի կին, երեխա, ծերունի չէր մնացել, լեռներից, հրացաններն ուսերինխ իջան ազատամարտիկները։
Յաղուբյանը գլխով զինընկերներին վերջին հրամանը տվեց։ Նրանք հրդեհեցին իրենց ամբողջ ունեցվածքի, հագուստների դեզերը, հետո դեպի խարույկը քշեցին անասուններին ու շուրջբոլորը օղակ կազմելով՝ սկսեցին գնդակահարել։ Կովերը, արջառները, ցուլերը, հորթերը հուսահատ բառաչում էին, բռնկվում հրդեհի բոցերով, ողջակիզվում։ Երբ ծովախորշում ամեն ինչ այրվեց, ալիքները սրբեցին-տարան մոխիրը, քաջամարտիկները նավ բարձրացան։ Բայց զենքերը չհանձնեցին, թուրքերի դեմ կռվեցին Արարայում, Կիլիկիայում, այլուր։ Երևանում, Մուսա լեռան հուշահամալիր-թանգարանում մինչև հիմա պահպանվում են Եսայի Յաղուբյանի, հերոսամարտի մյուս մասնակիցների մարտական զենքերը։
Զենքեր, որոնք ժառանգելու են մուսալեռցիների գալիք սերունդները։
ՇԱՊԻՆ-ԳԱՐԱՀԻՍԱՐ
«Մեռնելու երկու ձեւ կա՝ պատվավոր եւ անպատիվ, թող աշխարհը գիտնա, որ շապինգարահիսարցիք պատվով մեռան»։
Ամենահարմարը Սեւ ծովի հարավային նավահանգիստն է։ Լողափին գտնում ես Գայլ գետի հորդահոս վտակը, աջ ափով քայլում ու անտառածածկ լեռները շրջանցելով՝ անսպասելի հայտնվում ես անծայրածիր դաշտավայրում, որի ծաղկառատ մարգագետինների վրա տիրաբար իշխում է, է՜ դեռեւս Տիգրան Մեծի ժամանակներից հայտնի Սեւաբերդը։ Թուրքերը գրավելուց հետո են թարգմանել, Գարահիսար դարձրել։ Ու քանի որ լանջերին պաղլեղի բազմաշերտ հանքեր են եղել, ամբողջ տարածքը կոչել են Շապին-Գարահիսար։ Սեւաբերդն ամենաանառիկն էր Փոքր Հայքում, եթե կարա-կոյունլու եւ ակ-կոյունլու վաչկատուն ցեղերը չավերեին, մինչեւ հիմա կանգուն կլիներ 2 կիլոմետրից ավելի ձգվող բերդապարսպով, 70 աշտարակներով ու 3 մետաղակուռ դարպասներով, որոնց կամարներին իշխանական երկգլխանի արծիվներ էին քանդակված։
Հայկական թաղն սկսվում էր բերդի բարձունքից, զառիթափերով քաղաք գահավիժում։ Հայերը, ճիշտ է, ամենախաղաղ արհեստներով, առեւտրով, պաղլեղի մշակությամբ էին զբաղվում, բայց այլեւս թուրքերին չէին վստահում, գաղտնի զենք էին գնում, զինվում։ Հիշում էին, թե 1895-ի կոտորածներին բաշիբոզուկներն ինչպես 5 հազարից ավելի հայ ողջակիզեցին, սրախողխող արեցին, ու իրենք չկարողացան դիմադրել, իրենց ունեցվածքը, կանանց, երեխաներին պաշտպանել։ Օսմանյան կառավարության բուն նպատակը դեռեւս այդ օրերից վերջնական ու որոշակի էր՝ հայը ոչ միայն իր Հայրենիքում, այլ ընդհանրապես չպիտի ապրեր։
1915-ի տեղահանության բոթը, թերեւս հենց այդ պատճառով, Շապին-Գարահիսարում ոչ մի հայի անակնկալի չբերեց։ Ճիշտ է, մարտունակ երիտասարդներին՝ մոտ 400 հոգու, զորակոչի պատրվակով նախ քաղաքից հեռացրել, հետո կոտորել էին, կուսակցությունների ղեկավարներին, ազգային գործիչներին ձերբակալել, բանտ էին նետել, մնացածները, որ անզոր, անպաշտպան էին թվում, համախմբվեցին ու միակամ վճռեցին չգաղթել։ Եթե մեռնելու էին, կռվելով, իրենց տան շեմին, հայրերի, պապերի օջախներում թող մեռնեին։ Թուրքերը ահաբեկելու, վախ ու սարսափ սփռելու համար ամենահարգված հայերին սկսեցին մեկ-մեկ հանել բանտից, հարազատների աչքի առաջ կացնահարել։ Ու երբ դա էլ չազդեց, ոճրագործ Քել Հասանին՝ Քաչալ Հասանին ցմահ տաժանակրությունից ազատ արձակեցին, 200-հոգանոց զինված հրոսակախումբ տվեցին ու արտոնեցին, որ հայկական թաղերում ուզածն անի։ Քել Հասանը նախօրոք վայելում էր մանկամարդ հարսներ պղծելու, պարկերով ոսկեղեն կողոպտելու բերկրանքը։ Բայց որ հայի տանը որ մոտեցավ, դուռը պինդ փակված, նույնիսկ որմապատված, պատուհանից դուրս ցցված հրացանի փող տեսավ։ Նահանգապետ Մուամմերը՝ Թալեաթից հետո թերեւս ամենամոլեռանդ հայատյացը, կատաղել էր։ Նա 10-հազարանոց բանակ ուղարկեց Շապին-Գարահիսար, որին միացան տեղի ոստիկանները, չեչեն ու քուրդ ավարառուները, տարբեր կողմերով հարձակվեցին հայկական թաղի վրա։ Սկզբում ամեն ընտանիք ինչպես կարողանում, պաշտպանվում էր, բայց հետո, երբ պարզ դարձավ, որ առանձին-առանձին չեն կարողանալու գերակա ուժերին դիմադրել, հրկիզեցին իրենց տները, բերդ քաշվեցին։ Ամբողջ գիշեր երեք հազար տուն խավարը լափլիզող բոցերով ճարճատում էր, ու հինգ հազար շապինգարահիսարցի հայեր՝ մեծ մասամբ կանայք, երեխաներ, սուրսայր ժայռերից կառչելով, մագլցում էին լեռան գագաթը։ Դա տխուր, չափազանց տխուր երթ էր, բայց անսպասելի չէր։ Գոյամարտի զինվորական խորհուրդը Ղուկաս Դեովլեթյանի գլխավորությամբ, որին մեծ ու փոքր մտերմորեն Ղուկաս ախպար էին կոչում, նախօրոք միջնաբերդ էր փոխադրել ամբողջ զենքն ու զինամթերքը, ամբարված պարենը, մինչեւ անգամ կաթնատու, մսատու անասունները։ Երբ հինգ հազար հոգին էլ տեղավորվեցին վերնահարկերում, որմապատեցին խարխլված աշտարակները, ռազմական դրություն հայտարարվեց։ Պարենը, ջուրը հատուկ հանձնաժողովն էր բաշխում, զինամթերքը անձամբ տնօրինում էր Ղուկաս ախպարը, պահանջում էր յուրաքանչյուր գնդակով առնվազն մի, ձեռնառումբով՝ հինգ թուրք սպանել։ Առանց այն էլ հինգ հազարից շատ քչերը ՝ հազիվ չորս հարյուր հոգին, զենք ունեին, մարտունակ էին։ Նրանք բաժանվեցին ջոկատների, տեղավորվեցին աշտարակներում, դարպասների մատույցներում։ Ամեն մարտախումբ ընտրեց իր հրամանատարը, տասնապետները, պարետներն ու փոխանորդները։ Զինվորական կարգապահության խախտման նույնիսկ չնչին դեպքի համար մահապատիժ էր սահմանված։
Սեբաստիայի նահանգապետը՝ Մուամմերը, հայերի անհնազանդության լուրը լսելուն պես անձամբ էր Շապին-Գարահիսար եկել, հետը հեռահար թնդանոթներ, գերմանացի ռազմական խորհրդականներ բերել։ Նրա հրամանով թուրքական բանակը շրջապատեց բերդն ու տեւական ռմբակոծության անցավ։ Հայերի դիրքերը անառիկ էին, արկերը հազիվ լեռան լանջերին էին հասնում, խուլ պայթյունով ցաքուցրիվ լինում։ Ապստամբներն սկսեցին դրանից էլ օգտվել. երկաթի, կապարի բեկորները հավաքում, զինարանում փամփուշտ էին ձուլում, հետ՝ հակառակորդի դիրքերն ուղարկում։ Թուրքերը մի քանի անգամ փորձեցին գրոհով նվաճել բերդը, մեծ կորուստներ տալով՝ հետ նահանջեցին։ Ճարահատ՝ գերմանացի զինվորականների խորհրդով որոշեցին չշտապել, շրջապատումն ավելի սեղմ, երկարատեւ դարձնել, ապստամբներին մատնել սովամահության։ Հայերը ալյուրի պաշար ունեին, երեսուն մամիկ, առավոտից մինչեւ ուշ երեկո թոնիրների վրա հակված, օրական ութ հազար հաց էին թխում, բայց ծարավին դիմանալ չէր լինում։ Քաղաքից բերված լեփ-լեցուն թիթեղամանները վաղուց դատարկվել էին, ցամաքել էր նաեւ պարսպապատի տակ լճացած գարշահոտ տղմաջուրը։ Ով, թեկուզ մթամած գիշերին, ջրի համար բերդապարսպից դուրս էր գալիս, հրացանազարկ էր լինում։ Թուրքերը ջրի բոլոր ճանապարհները փակել, աչալուրջ հսկողություն էին սահմանել։ Ի վերջո ծերունիներն իրենց պապերի պատմածով հիշեցին, որ ժամանակին բերդում յոթ ջրահորեր են եղել, որոնք հետզհետե խցանվել, քար ու խիճով են լցվել։ Մաքրեցին, մեկը դատարկ էր, երկրորդը՝ նույնպես, երրորդից Սառլիճի հորից զուլալ, պաղպաջուն ջուր ժայթքեց, ասես դարերի գերությունից ազատվեց, ցոլցլաց, խայտաց արեւի տակ։
Մուամմերը, տեսնելով, որ ապստամբներին չի կարողանում ընկճել, մի պառավ հայ կնոջ ճերմակ դրոշ տվեց, բանակցությունների ուղարկեց։ Նա խոստանում էր զենքերը հանձնելու դեպքում խնայել բոլորի կյանքը, այրված տների փոխարեն նոր քաղաքատեղի, հողատարածքներ հատկացնել, ջարդարար թուրքերին անձամբ հրապարակայնորեն պատժել։
– Կգնաս, կասես, որ էլ չենք հավատում իրեն,- բորբոքված ձայնեց Ղուկաս Դեովլեթյանը,- ավելի լավ է՝ ազգովի բերդապարսպից վիհը նետվենք, քան թուրք վալիի ողորմածությունն ակնկալենք։
Երկրորդ անգամ նահանգապետը, իր խոստումը հատուկ նամակով, զմուռսով ու կնիքով վավերացրած բերդ հասցրեց, գրավոր պատասխան պահանջեց։ Հայերի երկտողն ավելի կտրուկ ու խիստ էր. «Մենք գիտենք, որ մեռնելու ենք, բայց ազատ ենք մեռնելու»։
Թուրքերը միշտ էլ, հենց որ չէին կարողացել հայերին մարտադաշտում, ճակատ առ ճակատ հաղթել, նենգության, խորամանկության էին դիմել։ Նույնն այս անգամ արեցին։
Պաշարման 18-րդ օրն էր։ Սեւաբերդը շրջապատված էր օսմանյան բանակի կանոնավոր զորամիավորումներով, ներքեւում՝ հովտում, քրդական, չեչենական գյուղերով։ Ապստամբները որեւէ տեղից օգնություն չէին կարող ակնկալել, բայց չգիտես ինչու հավատում էին, որ թուրքերին ահի, սարսափի մատնող հայդուկապետները՝ իրենց համերկրացին՝ Սեբաստացի Մուրադը, կամ համաքաղաքացին՝ Անդրանիկ Փաշան, կիմանան բերդի անհույս վիճակի մասին, օգնության կփութան։ Ու նրանց թվաց` հասավ այդ պահը, երբ մի երեկո՝ մթնող աղջամուղջում հայերեն խոսակցություններ լսեցին։ Ժամապահներն իսկույն փութացին մայր աշտարակ, քաղաք ուղղեցին հեռադիտակները։ Իրոք, գաղտնի արահետով, կամավորականի համազգեստներով, հայկական մարտախմբեր էին վեր բարձրանում։ Ժամապահներն ուրախությունից թողեցին դիրքերը, ավետիսը իրար փոխանցելով՝ իջան, դարպասները լայն բացեցին։ Բայց հայդուկները բերդ մտնելուն պես հայրենակիցների հետո ողջագուրվելու փոխարեն յաթաղանները հանեցին, սկսեցին աջ ու ձախ թրատել։ Պարզվեց՝ կամավորականի տարազ հագած, ծպտված ենիչերիներ են։
– Է՜ս ինչ միամտություն արեցինք, մենք մեր գլխին ի՜նչ փորձանք բերեցինք, ռո՛ւմբ հասցրեք, ռումբ,- լեղապատառ աղաղակում էին կանայք, ամրոցի մի ծայրից մյուսը փախչում։
14-ամյա Հմայակ Թեւեքելյանը, որ մինչ այդ անակնկալից քարացել էր, կանանց ճիչերը լսելուն պես ցնցվեց։ Դավադրության հաջողությունը, ըստ երեւույթին, թուրքերին ոգեւորել էր, հեռվից բերդի վրա անընդհատ թնդանոթի արկեր էին տեղում։ Վազեց մեկի ետեւից, մինչ պայթելը որսաց, պատրույգը հանգցրեց։ Հետ սողեսող մոտեցավ Սեւաբերդ ներխուժած զինվորներին, աբեթով վառեց խծուծը, գլորեց։ Պայթյունից, թվաց, բերդի պարիսպները երերում են, ուր որ է` կտապալվեն։ Ոչ մի ենիչերի չփրկվեց։ Դրանից հետո թուրքերը, թվում էր, իրենք իրենց նկատմամբ թերահավատ էին դարձել, մարտական գործողություններ չէին ձեռնարկում, բայց դա ապստամբների վիճակը չէր փոխում, ընդհակառակը, հետզհետե ավելի ու ավելի անորոշ, հուսահատական էր դառնում։ Ամիսը լրանում էր, պարենը վաղուց սպառվել էր, վերջանում էր նաեւ զինամթերքը։ Ռազմական խորհրդի հերթական նիստում հայ մարտիկները հանդուգն ծրագիր հղացան. որոշեցին անսպասելի գրոհով ճեղքել շրջապատման շղթան, հովտի մի քանի թուրքական գյուղ պատանդ վերցնել ու իրենց կանանց, երեխաների հետ անվնաս փոխանակում պահանջել։ Հակառակ դեպքում։ Հակառակ դեպքում…
Թուրքերը չէին հասկանում, թե ինչ է կատարվում ամրոցում, քանի օր էր արդեն՝ կրակոց չէր լսվում, հայերը նույնիսկ իրենց ստուգողական հրետակոծությանը չէին դիմադարձում։ Ասկյարները մտքներով ինչ ասես անցկացնում, բայց նախահարձակ լինել, բերդին մոտենալ չէին համարձակվում։ Երրորդ օրը միայն գերմանացի սպաների հրահանգով առաջապահ դասակները տարբեր ուղղություններով պարսպապատին հասան, դարպասները խորտակեցին։ Ներս մտան, սարսռացին։ Ամենուր՝ անցուղիներում, պատերի տակ սփռված էին ջահել ու պառավ կանանց, ծերունիների, անգամ երեխաների դիակներ։ Սառլիճի կողմից խուլ տնքոց լսվեց։ Ենիչերիները արագ մոտեցան։ Պարոնվարդյան գերդաստանի վերջին տղամարդը՝ Ավետիսը, վերքերից գալարվում, ջուր էր ուզում խմել, չէր կարողանում։
– Գյավո՛ւր, լավ օրի չե՞ս,- ճտքավոր կոշիկի ծայրով մարմինը շուռ տվեց տասնապետը։
– Թե ես էս օրին եմ, պատկերացրո՛ւ, թե ձեզնից քանի-քանիսին ինչ օրն եմ գցել,- տնքաց Ավետիսը։
– Ձե՛նդ կտրիր, թե չէ ոտքիցդ կբռնեմ, կիրճը կշպրտեմ,- թեւերը քշտեց տասնապետը։
– Դուք էդ եք էլի, անպաշտպան, անօգնական զոհ եք փնտրում, որ արյուն թափեք, հոխորտաք։ Մեր կանայք, երեխաներն անգամ նախընտրեցին թույն խմել, մեռնել, բայց ձեր երեսը չտեսնել։
– Թո՛ղ, ե՛ս դրա հախից պիտի գամ,- կատաղեց հազարապետը, մազերից քաշեց, մայր աշտարակը հանեց։ Բայց հենց այն պահին, երբ ուզում էր անդունդ շպրտել, Ավետիսն ասես գերբնական ուժ ստացավ, կառչեց ոտքերից, ամուր փաթաթվեց, տարավ հետը։
Անդրանիկ Զորավարն ի վերջո, իհարկե, իր հայրենակիցներին օգնության հասավ, վերապրողներին փրկեց, ապահով հասցրեց Արեւելահայաստան։ Մի ուրիշ շապինգարահիսարցի՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանը հիշողությամբ վերականգնեց թուրքերի պայթեցրած եկեղեցիներն ու վանքերը, չափագրեց, նկարագրեց, ապագա սերունդներին ի պահ հանձնեց։
Ամենակարեւորը՝ հողն ու տերը չմոռացան իրար։ Անհնար է, որ մոռանան։ Սա այն հին, պատմական ճշմարտությունն է, որն ամեն դարաշրջան հավաստում է յուրովի։
ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ
Խորագիր՝ #16 (1481) 26.04.2023 - 02.05.2023, Ուշադրության կենտրոնում, Պատմության էջերից