ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳԱՅՑՈՎ ԵՂԵԼ Է ՊՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցով եղել է ՊՆ N զորամասերում։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամանատարական կազմերի ուղեկցությամբ շրջել է զորամասերի տարածքով, ստուգել օրվա կարգացուցակով սահմանված միջոցառումների պատշաճ իրականացումը, հետևել ուսումնական ծրագրով ընթացող մարտավարամասնագիտական պարապմունքների ընթացքին։
Ստուգայցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև զորամասերում ծառայություն իրականացնող ժամկետային զինծառայողներին, հետաքրքրվել նրանց ծառայության ընթացքով։
Անկեղծ և անկաշկանդ զրույցի ընթացքում նախարար Պապիկյանը պատասխանել է ժամկետային զինծառայողներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել այն բացառիկ արտոնություններն ու առավելությունները, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալ ցանկացող, պարտադիր ժամկետայինից պայմանագրային զինծառայության անցնել պատրաստվող զինծառայողներին։
Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը ֆիզիկական պատրաստության լավագույն արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին պարգևատրել է ձեռքի ժամացույցով: