Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՐԻԿԻՍ ԱՂՈԹՔԸ…



Շտաբի պետ փոխգնդապետ Կարեն Սերոբյանը, բնութագրելով լավագույն զինվորներին, գովեստի խոսքեր «չխնայեց» հատկապես սերժանտ Արգիշտի Մակարյանի հասցեին. «Բանիմաց է, հայրենասեր, օրինակելի զինծառայող»։ Արգիշտին պատմում է իր ծննդավայրից, իր մանկությունից.

…Մեր գյուղը կոչվում է Չինարի` հսկա ծառի անունով։ Ծառը ծերացել է, սակայն գեղեցիկ է, հպարտ, նաեւ խորախորհուրդ` մոմի ծխից սեւացած ու մոմի լույսերից բոցկլտացող իր դարավոր փչակով։ Գյուղում է Խորանաշատ վանքը (13-րդ դարի կառույց է), որտեղ մշտապես մարդիկ էին հավաքվում ոչ միայն մեր, այլ նաեւ ուրիշ բնակավայրերից, մատաղացու գառներ էին մորթում, կնունք ու ծնունդ անում, ազգային տոներ նշում։ Հիմա սահմանին շատ է մոտ վանքը, բայց եւ այնպես վանքի կամարների տակ մշտապես վառվում են սահմանը պահող զինվորների ու տավուշցիների հույսի ու հավատի խորհրդանիշ մոմերը։ Գյուղն ունի մեկ դարից ավելի պատմություն, 1897թ. հարեւան Այգեձորից 15-20 ընտանիք է տեղափոխվել եւ հիմնել գյուղը։ Նրանց հետ է եղել նաեւ իմ Մակար մեծ պապը… Մեր գյուղի դպրոցը այժմ կրում է զոհված ազատամարտիկ Վահրամ Սաղոյանի անունը։

Պատերազմի տարիներին 5-6 տարեկան էի։ Գյուղի ջոկատը, որոնց թվում էին նաեւ հայրս, հորեղբայրներս, քեռիս, պաշտպանում էին գյուղի բնակիչներին։ Ընդհատվում էր մեր խաղը, երբ սահմանից վիրավոր կամ զոհված ազատամարտիկ էին գյուղ իջեցնում, կամ երբ զոհվում էին խաղաղ բնակիչներ։ Այդ օրերին գյուղով մեկ լսվում էին մայրերի ու տատերի լացը, ողբը։

Ինձ համար անմոռաց կմնա մանկության օրերից մեկը. երեկոյան կողմ էր, արդեն մութը վրա էր տվել, երբ քեռիս մեր տուն եկավ ու հայտնեց, որ Սամվել հայրս ծանր վիրավորվել է։ Հավաքվեցին՝ Վանիկ, Սեհրան, Լեմաքս, Ասյա տատիկ-պապիկներս եւ մայրիկիս սիրտ էին տալիս։ Մութ գիշեր էր, մոմի աղոտ լույսի տակ Կարինե մայրս գրկել էր ինձ ու եղբորս` Սասունին ու լաց էր լինում։ Հետո կտրվեց լացի ձայնն, ու սկսեց աղոթել։ Աղոթեց ողջ գիշեր։ Երբ ես ու եղբայրս, որն իմ կրտսերն է, մեկ-մեկ արթնանում, լսում էինք մայրիկիս աղոթքի խոսքերը, որի տակ էլ նորից քուն էինք մտնում նրա գրկում։ Առավոտյան, երբ արթնացանք, մայրս դեռ աղոթում էր։ Արկի բեկորներից բազմաթիվ վերքեր ստացած հայրս ապաքինվեց, ողջ մնաց։ Ու տարիների հետ ինձ միշտ թվում է, որ մայրիկիս անքուն աղոթքը հասավ Տիրոջը, ու Աստված փրկեց հայրիկիս…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Հոգևոր-մշակութային


25/01/2012