Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինան չպետք է կիրառի Գերմանիայի մատակարարած զենքը ռուսական տարածքներին հարվածելու համար։ Շոլցի խոսքով՝ Ուկրաինային օգնությունն անհրաժեշտ է, սակայն այն  չպետք է հանգեցնի հակամարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցությանը։

Ռուսաստանի տնտեսության դեմ սահմանվել են տարաբնույթ պատժամիջոցներ, սակայն ռուսաստանցի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2023 թվականի սկզբից աճել է 16,35 միլիարդ դոլարով։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով. «Ռուսաստանին մեկուսացնելու Արեւմուտքի փորձերը լիակատար ձախողված են։ Անհրաժեշտ է ճանաչել աշխարհակարգի ավելի արդար բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը»։

Տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցը։ Չինաստանի արտաքին գործերի նախարար Ցին Գանը նշել է, որ երկու ղեկավարների բանակցությունները հերթական անգամ հավաստում են Պեկինի հավատարմությունը խաղաղությանը և օժանդակում են Կիեւի ու Մոսկվայի միջեւ բանակցությունների վերսկսմանը։

Թուրքիայում տեղի է ունեցել ռուսական «Ռոսատոմ» ընկերության կառուցած «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի համար միջուկային վառելիքի խմբաքանակի ներկրման հանդիսավոր արարողությունը, որին տեսակապի ռեժիմով մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Վառելիքը կայան հասցնելուց հետո «Աքքույու» ատոմային էլեկտրակայանը ստացել է միջուկային էներգետիկայի օբյեկտի կարգավիճակ։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ատոմակայանը շահագործման հանձնելուց հետո կարելի է համարել ամենաանվտանգն աշխարհում։

Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները Մոսկվայում քննարկել են Սիրիայում անվտանգության ամրապնդման եւ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման հարցերը:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Սիրիա՝ արաբական հանրապետությունում 2011 թ. սկսված հակամարտությունից հետո առաջին անգամ։ Տեղի կունենան Իրանի եւ Սիրիայի նախագահների պաշտոնական բանակցությունները երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ադրբեջանում թուրքական «Baykar» ընկերության «Bayraktar» կենտրոնի ստեղծման մասին: Կողմերն արդեն ստորագրել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին արձանագրություն։

Ռումինիան էլ 321 մլն դոլարով ձեռք կբերի 18 «Bayraktar» TB2 անօդաչու։

Թուրքիայի առաջին տիեզերագնացը մինչեւ տարեվերջ կթռչի Միջազգային տիեզերակայան: Որպես տիեզերքում Թուրքիայի առաջին քաղաքացի ընտրվել է 43-ամյա օդաչու Ալփեր Գեզերավչին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ԱՄՆ հետ հարաբերությունների մասին. «Մենք դաշնակիցներ ենք, մենք նաեւ մշակել ենք ռազմավարական մեխանիզմ խնդիրների լուծման համար։ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները դարձել են ավելի կայուն, քան առաջ, բայց խնդիրները լուծված չեն։ Վաշինգտոնը շարունակում է աջակցել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը»։

Թուրքական արտադրության HՖrjet գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը կատարել է իր առաջին թռիչքը։

Օմանի ծոցում իրանական նավի հետ բախումից հետո, որը հանգեցրել է իրանական անձնակազմի երկու անդամների մահվանը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը կալանել են Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող «անհայտ» լցանավ։ Դեպքից քիչ անց ԱՄՆ-ն Իրանից պահանջել է անհապաղ ազատ արձակել նավթային լցանավը։

Ավստրալիայի ռազմավարական քաղաքականության ինստիտուտի զեկույցի համաձայն, որը բացահայտում է 44 ոլորտներում գիտական և տեխնոլոգիական հնարավորությունների գործնական կիրառման մրցակցային առավելություն ունեցող երկրներին, Իրանը տպավորիչ հաջողություններ ունի և ներառվել է գիտական և տեխնոլոգիական գերտերությունների առաջին տասնյակում՝ առաջ անցնելով Ճապոնիայից։ Իրանը  լավագույն հնգյակում է 44 տեխնոլոգիաներից վեցում և իններորդը՝ ապագա համաշխարհային տերությունների լավագույն տասնյակում:

Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ չեն տվել այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, ասել է կառավարող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին չմիանալու մասին՝ դա բացատրելով ազգային շահերով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ Եվրոպան չիպերի արտադրության հարցում չափազանց շատ է կախված Չինաստանից։

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը Կոնգրեսին տեղեկացրել է՝ ԱՄՆ-ը կարող է իր պարտքերի դեֆոլտ հայտարարել արդեն հունիսի 1-ին, եթե այդ ընթացքում օրենսդիրները չբարձրացնեն պետական պարտքի շեմը կամ չդադարեցնեն դրա գործողությունը։ Յելենը կոչ է արել պաշտպանել Միացյալ Նահանգների վարկունակությունը և ֆինանսական հատվածի նկատմամբ լիակատար վստահությունը՝ որքան հնարավոր է շուտ ընդունելով որոշում կառավարության փոխառությունների սահմանաչափի մասին, որը կազմում է 31,4 տրլն դոլար։

Լեհաստանը կարող է Ռուսաստանից ռազմատուգանք պահանջել 20-րդ դարի իրադարձությունների համար։ Հոկտեմբերին Լեհաստանը Գերմանիայից պաշտոնապես 1,3 տրիլիոն եվրո է պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ագրեսիայի եւ բռնագրավման հետեւանքով պատճառված վնասների փոխհատուցման համար։

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են կարգավորել արհեստական բանականությանն առնչվող ոլորտը։ «G7-ի» երկրների թվային տեխնոլոգիաների նախարարները շտապում են օրենք ընդունել արհեստական բանականության մասին, որը կապահովի անհրաժեշտ կանոնների պահպանումը։ Միևնույն ժամանակ, նոր կարգավորումը չպետք է խանգարի արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Տարածաշրջան


05/05/2023