Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼ



ՊԱՅՔԱՐԵԼ ՈՒ ՀԱՂԹԵԼԵրևանում վերջերս կայացած  Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը հայ մարզիկները հրաշալի հանդես եկան. 4 չեմպիոն, 12 ոսկե մեդալ: Արդյունքում՝ Հայաստանը դարձավ առաջնության թիմային հաղթողը:

Ծանրամարտիկ Սամվել Գասպարյանը Եվրոպայի պատանեկան և 23 տարեկանների կրկնակի չեմպիոն է (2015, 2019),  2019 և 2022 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: 2021 թ. Եվրոպայի չեմպիոն է դարձել: Իսկ 2023 թ. Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունում մինչև 109 կգ քաշային կարգում Սամվելը երկու վարժությունների հանրագումարով՝ 395 կգ քաշով (175+220 կգ) վերահաստատեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը: Նա նաև փոքր ոսկե մեդալի արժանացավ պոկում վարժությունում:

 

-Ութ տարեկանից սկսել եմ զբաղվել ծանրամարտով: 15 տարեկանից արդեն մասնակցել եմ միջազգային մրցույթների, լավ արդյունքներ եմ գրանցել,- ասում է Սամվելն ու հավելում,- սա էլ մեր ծառայությունն է Հայրենիքին: Մենք՝ մարզիկներս, մեծ հպարտություն ենք ապրում, երբ արժանապատվորեն ներկայացնում ենք մեր երկիրը՝ Հայաստանի դրոշը բարձրացնելով աշխարհով մեկ:

-Ինչպես ինքդ բնորոշեցիր, այս ծառայության մեջ ևս ֆիզիկական ուժին զուգահեռ հավասարապես նաև նյարդերի թեժ պայքար է ընթանում: 2021 թ. Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակդ անմիջապես պատերազմից հետո է եղել: Դժվա՞ր էր արդյոք նախապատրաստական փուլը, որ հենց պատերազմական գործողություններին զուգահեռ էր իրականացվում:

-Հաղթանակը միշտ էլ պայքար է պահանջում: 44-օրյա պատերազմի մասնակից շատ ընկերներ, բարեկամներ ու ծանոթներ ունեմ: Այդ շրջանը շատ բարդ էր բոլորիս համար էլ: Բարդ էր նաև մարզումների առումով, քանի որ բոլորիս ուշքն ու միտքը սահմանին էր՝ մեր ընկերների հետ: Մենք ամեն պահի լավ լուրի էինք սպասում: Սակայն, անգամ այդ դժվար պայմաններում, մենք էլ մեր գործը պետք է անեինք՝ պարապեինք, պատրաստվեինք առաջիկա մրցաշարերին: Մենք այստեղ ապացուցելու շատ բան ունենք: Եվ հատկապես պատերազմից հետո բոլորիս մոտ էլ առանձնահատուկ նախանձախնդրություն է առաջացել, որ մրցաշարերում կարողանանք լավագույնս ներկայացնել մեր երկիրը: 2021 թվին Եվրոպայի առաջնությունից ես և  Արսեն Մարտիրոսյանը  վերադարձանք ոսկե և արծաթե մեդալներով: Մեզ հետ նույն քաշային կարգում մրցում էր մի ադրբեջանցի, որը նույնպես մրցաշարի ֆավորիտներից էր: Ինքս ինձ խոսք էի տվել, որ անպայման պետք է հաղթեմ, ու, փառք Աստծո, ստացվեց. դարձա Եվրոպայի չեմպիոն: 1-ին ու 2-րդ տեղերում մենք էինք, իսկ երրորդում՝ ադրբեջանցին: Մեծ հպարտություն ես ապրում, երբ քո՛ պետության հիմնն է հնչում:

-Վերջին հաղթանակդ ինչո՞վ է առանձնահատուկ և ի՞նչ նշանակություն ունի քեզ համար:

-Առանձնահատուկն այն է, որ Եվրոպայի այս առաջնությունը հենց Հայաստանում էր՝ մեր իսկ հողի վրա: Ու բացի այն ուժից, որ հայրենի հողիցդ է քեզ փոխանցվում, շատ մեծ ոգևորություն և աջակցություն էինք ստանում նաև մեր հայրենակից երկրպագուներից: Էներգետիկան բառերով չես փոխանցի: Ավելի մեծ մրցակցություն էի սպասում, անկեղծ ասած: Դե, առաջին իսկ մոտեցմամբ արդեն իսկ հաղթող դարձա: Երկրորդ մոտեցմանը՝ հրում վարժությունից, ցանկացա ավելի հետաքրքիր դարձնել մրցումներն ու ավելի ծանր քաշ պատվիրեցի՝ 220 կգ: Ու ստացվեց, բարձրացրի: Ավելին էլ կարելի էր անել, բայց ուժերս կխնայեմ առաջիկա մրցումների համար:

-Ո՞րն է հաջորդ  նշաձողդ, որ պատրաստվում ես հաղթահարել:

-Սաուդյան Արաբիայում կայանալիք Աշխարհի առաջնությանն եմ մասնակցելու: Սա ևս օլիմպիական վարկանիշային մրցաշար է լինելու: Պետք է փորձենք այստեղ էլ բարձր պահել մեր դիրքերը:

-Զրույցի վերջում ի՞նչ կուզենաս փոխանցել այսօր սահմանին կանգնած մեր զինվորական տղաներին:

-Մեր տղերքին ուզում եմ ուժ, հզորություն և առողջություն մաղթել: Դո՛ւք եք մեր խաղաղությունն ապահովողները: Մենք ձեզանով ենք ուժեղ: Շնորհակալ եմ, որ մեր պետականությունը պաշտպանելու կարևոր գործն այդպիսի նվիրումով եք կատարում: Ծառայեք ու ապահով վերադարձեք ձեր ընտանիքները: Ոչ միայն մեր քաջ ու հզոր տղաներին, այլև մեր ամբողջ հայ ազգին կուզենամ մաղթել՝ մեր երկինքը թող խաղաղ լինի, Հայրենիքը՝ հզոր: Մենք՝ մարզիկներս, սպորտային մեր հաղթանակները մտովի հենց մեր Հայրենիքին ենք նվիրում՝ այս կերպ մեր բաժին ուժը հաղորդելով նրան:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Բանակ և հասարակություն, Մարզաշխարհ


05/05/2023