Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ



ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼԱպրիլի 28-ին Մեծ հայրենականի հաղթանակի 78-ամյակի կապակցությամբ Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և Առաջընթաց» (Наследие и Прогресс) հիմնադրամի եւ ՀՀ վետերանների միավորման հետ համատեղ կազմակերպվել էր հանդիպում պատերազմի վետերանների հետ:

Մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման հարկի տակ զինվորականի ճշգրտությամբ, սահմանված ժամին, հարազատ-բարեկամի ուղեկցությամբ, հավաքվել են աշխարհակործան պատերազմի թոհուբոհն անցած վետերանները՝ հաղթանակի ծերունազարդ զինվորները….

Նրանցից ոմանք հարյուրի շեմին են, ոմանք՝ արդեն դարն ուսած…

-Այսօրվանից մեկնարկում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 78-ամյակին նվիրված միջոցառումների շարքը, կկազմակերպվեն այցելություններ մեր բոլոր վետերաններին, կտրամադրվի նյութական և ֆինանսական աջակցություն,- ասում է ՀՀ վետերանների միավորման նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը:

-Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մի շարք երկրներում ապրիլի 28-ից մայիսի 9-ը մեկնարկել է «Շնորհավորիր վետերանին» ակցիան, Հայաստանը եւս միացել է այդ ակցիային,- նշում է միջոցառման կազմակերպիչ Մարիամ Հովսեփյանը և փոխանցում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Արթուր Սողոմոնյանի բարեմաղթանքը՝ «Մենք հպարտ ենք, որ ունենք ձեզ։ Խոնարհվում ենք ձեզանից յուրաքանչյուրի առջև ՝ ձեր մարտական սխրանքների և սեփական ժողովրդին անմնացորդ ծառայության համար: Այժմ մեր հերթն է հարգանքի և անսահման երախտագիտության տուրք մատուցելու ձեզ այն ամենի համար, ինչ դուք արել եք ձեր կյանքի ընթացքում:

«Ժառանգություն և Առաջընթաց» հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհավորել գալիք Հաղթանակի տոնի առթիվ, մաղթել առողջություն, բարեկեցություն և երկար տարիների կյանք», ապա հավելում՝ Հայաստանում այսօր 65 վետերան կա, ակցիայի շրջանակներում անհատապես այցելելու ենք բոլորին: Մեր այցելությունների աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Սյունիք, Նոյեմբերյան, Ապարան, շրջելու ենք Հայաստանի ամբողջ տարածքով՝ գյուղեր, քաղաքներ, որ շնորհավորենք մեր վետերաններին:

Հուզված էին վետերանները, տարիների հեռավորությունից հազարաձայն հուշերը կրկին ալեկոծել էին, փոթորկել սիրտ ու հոգի… Հիշում, մտաբերում էին ահեղաշունչ օրերից դեպքեր, դրվագներ, արիության ու հերոսության իրենց անցած ճանապարհը:

Մեծ հայրենականի վետերան Վարոս Ավետիսյանն օրեր առաջ է նշել իր հարյուրամյակը, բայց պատերազմի հիշողությունները պատմում է առանց ժամանակ, վայր խառնելու ու շփոթելու, հպարտությունը չի թաքցնում. «Պատերազմում շատ բան եմ արել, Կովկասյան նախալեռներից հասել եմ Լեհաստան….»:

***

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼՕրը նաեւ հոբելյանական էր՝ Վետերանների միավորումում նշում էին Լենինգրադի շրջափակման ականատես Գալինա Պետուխովայի ծննդյան 85-ամյակը:

Պատերազմը միայն հակամարտող կողմերի կռիվ չէ, որտեղ մարտի դաշտում կռվում են, վիրավորվում, զոհվում, հերոսանում.. Պատերազմը նաեւ կորսված, չապրած մանկություն է…

Գալինա Պետուխովան ծնվել է 1938 թ. ապրիլին Լենինգրադում, երեք տարեկան էր, երբ ծննդավայրը հայտնվեց շրջափակման օղակում, որը տևեց 872 օր՝ 1941 թվականի սեպտեմբերի 8-ից մինչեւ 1944 թվականը…

Նա այն ժամանակ փոքրիկ աղջնակ էր, բայց այդ օրերի հիշողությունները ծանր ու հոգեցունց են: Գալինա Պետուխովան այսօրվա պես հիշում է անտանելի ցուրտն ու սովը եւ ամենացավալին՝ ծնողների կորուստը:

Գալինան մանկատանն է մեծացել:

-Հացի չափաբաժինը 125 գրամ էր սահմանված բոլորի համար, հացը կշռում էին, նոր տալիս…

Երազում էր, որ բոքոն հացի կոշտ կողը՝ «գարբուշկան», իրեն բաժին ընկնի. նույն քաշի էր հացը, բայց բոքոնի այդ մասը պարզապես երկար էր ծամվում, ու մի քիչ երկարում էր երանելի պահը…

1960-ականների սկզբին մանկատան մի քանի սաների հետ Գալինային ուղարկում են Հայաստան:

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼՕտար երկիր, օտար միջավայր…Երիտասարդ աղջնակին կյանքն առավ իր առօրյա ու արագընթաց հորձանուտի մեջ, աշխատանքի անցավ Նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում, եռանդով, նվիրված աշխատում էր ու մշտապես առաջավորների շարքում էր: Հայաստանում էլ ամուսնացավ, հետո՝ երեխա, թոռներ…

Հայաստանը Գալինայի համար դարձավ երկրորդ ծննդավայր…

Ով գիտե՝ ինչպես կդասավորվեր Գալինա Պետուխովայի կյանքը, եթե պատերազմը չլիներ…

-Բոլոր պատերազմներն էլ նման են իրար,- Գալինան խոսում է դառնացած, թվարկում պատերազմի պատուհասները՝ մարդկային կորուստներ, ավերածություն, շրջափակում, տեղահանություն, խաթարվում է կյանքի բնականոն հունը, մարդկային ճակատագրեր են խեղվում…

Մեր զրույցն ընդհատվում է, Գալինային կանչում են ծննդյան մոմը փչելու:

-Խաղաղություն կցանկանայի, մեկ էլ՝ կիսատ մնացած, կորսված մանկությունս ու ծնողներիս…

Աշխարհում ոչինչ չի փոխվել…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Հոգևոր-մշակութային


05/05/2023