ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ
Սահմանին ծնված-մեծացած Ատոմ Հայրապետյանը վաշտի հրամանատար է, կապիտան: Նա դեռ փոքրուց մեծ սեր է տածել զինվորական գործի հանդեպ: Հորեղբայրը, որ դպրոցի զինղեկն էր, նրա մեջ տեսնում էր զինվորականին անհրաժեշտ բոլոր հատկանիշները և ասում, որ նրանից անկասկած լավ զինվորական դուրս կգա: Ատոմը սկզբում ծառայության է անցել որպես պայմանագրային զինծառայող, այնուհետև, մասնակցելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համապատասխան դասընթացներին, վերադարձել է սահման և որպես դասակի հրամանատար շարունակել հայրենի եզերքի պաշտպանությունը՝ հասնելով վաշտի հրամանատարի պաշտոնին:
-Մեր տունն ու տեղը այստեղ է՝ սահմանին: Ու մեր կարևոր խնդիրներից մեկը հենց սահմանն անառիկ պահելն է, մեր երեխաների, մեր ամբողջ ազգի անվտանգ կյանքն ու առօրյան ապահովելը,- ասում է Ատոմը:
Հուլիսյան մարտական գործողությունների մասնակից Ատոմ Հայրապետյանը իր ստորաբաժանման հետ վերջին՝ 44-օրյա պատերազմում էլ սահմանում է եղել, վիրավորվել է, բայց առողջությունը վերականգնելուց հետո շարունակել է սահմանապահի, զինվորականի իր առաքելությունը:
-Շատ ծանր էր վիճակը պատերազմի օրերին. թշնամին անդադար հրետակոծում էր մեր բնակավայրերը, բայց այդ ամբողջ ընթացքում տեղի ժողովուրդը մնաց իր տներում, չհեռացավ ոչ ոք: Իհարկե, այստեղ ապրողը սովոր է ամեն ինչի: Պատերազմ էլ ենք տեսել, զրկանքներ էլ ենք կրել, բայց ամուր է մեր ժողովուրդը:
6-7 տարեկան էի, երբ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը: Մեր գյուղը գնդակոծվում ու հրետակոծվում էր: Նկուղներում էինք մնում մորս, տատիկիս, քրոջս ու եղբորս հետ, իսկ գյուղի ու շրջակա մյուս շեների բոլոր հասուն տղամարդիկ, այդ թվում և հայրս, լծված էին սահմանի պաշտպանությանը: Բոլորն էին կամավոր սահմանապահ դարձել:
Իմ կարծիքով՝ սահմանին ապրող ցանկացած տղամարդ պետք է հենց սահմանին կանգնած լինի: Չէ՞ որ մենք անմիջականորեն մեր տունը, տնեցիներին ենք պաշտպանում: Իմ վաշտում հիմնականում տեղացիներ են ու ինձ պես են մտածում. նախ և առաջ՝ մե՛նք պետք է մեր հողին տեր կանգնենք: Ինձ հաճախ են երկրից դուրս աշխատանք առաջարկել, բայց չեմ ցանկացել. սիրում եմ իմ գյուղը, իմ հողն ու ջուրը, մեր մաքուր օդը, մարդկանց: Նվիրված եմ ծառայությանս. սա՛ է իմ գործը:
Ատոմը երկու դպրոցահասակ որդի ունի, որոնք հպարտանում են իրենց զինվորական հայրիկով:
-Տղաներս դպրոցական են: Լավ են սովորում: Մեր երեխաներն առաջին հերթին պետք է հայրենասեր լինեն: Հետո արդեն կարող են ընտրել իրենց մասնագիտությունն ու շենացնել մեր հայրենիքը՝ ամեն մեկն իր գործով:
Ինչ վերաբերում է դիրքապահի ծառայությանը, այն, իհարկե, հեշտերից չէ, բայց կարողանում ենք բոլոր խնդիրները հաջողությամբ կարգավորել ու լուծել:
Մեր գումարտակն արդեն երրորդ տարին է՝ լավագույնն է ճանաչվում: Սրա հիմնական նախապայմանը մեր ամբողջ անձնակազմի սրտացավ վերաբերմունքն է ծառայությանը: Բոլորս քաջ գիտակցում ենք մեր գործի նշանակությունը: Գումարտակի հրաշալի հրամանատար ունենք, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է թե՛ դիրքերի կահավորման, թե՛ սպառազինության, թե՛ անձնակազմի պատրաստության առումով: Շատ գոհ եմ իմ ենթականերից. բոլորն էլ ուժեղ ու համարձակ տղերք են: Հիմնականում այս նույն կազմով մասնակցել ենք նաև հուլիսյան մարտական գործողություններին:
Բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ է այսօր ապահովվում մեր սահմանի անառիկությունը: Մեր տղերքից շատերը հենց մեր գյուղից են: Ե՛վ ծառայակից ենք, և՛ համագյուղացի, և՛ ընկեր: Ինձ համար մեծ պատիվ է տղերքիս հետ ծառայելը:
Իրավիճակը հանգիստ չէ մեր տարածաշրջանում, և մենք այսօր հատկապես զգոն ենք սահմանին. մեր երկրի ամբողջ սահմանի երկայնքով էլ նվիրյալներ են կանգնած: Այսօր պետք է բոլորով՝ թե՛ զինվորականներս, թե՛ քաղաքացիներս միասնական ու ամուր լինենք: Եթե միակամ լինենք, ոչ ոք ի զորու չի լինի մեր ազգի ոգին ընկճելու՝ ոչ մի պարագայում:
Մենք ծառայում ենք, որ մեր երեխաները, մեր բոլոր հայ երեխաները մեծանան ու ապրեն խաղաղ, ապահով հայրենիքում:
ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում