Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍԱԲԱՑ



ԼՈՒՍԱԲԱՑԼուսանում էր: Գետնատնակի պատուհանից մութը ցնդում էր, ու հեռվում լեռների ուրվագիծը մգվում էր պահ առ պահ: Լեյտենանտ Էդուարդ Քոսակյանը բնազդաբար նայեց ժամացույցին: Ժամը 6-ն էր: Ամեն օր նույն ժամին արթնանալը բանակում սովորեց: Ասես զարթուցիչ լինի. ուղիղ ժամը 6-ին բացում է աչքերը: Տանը ուրիշ էր: Մայրը սկզբում մեղմ հրում էր, հետո սկսում էր բարձրաձայն կանչել, հետո վերմակը նետում էր վրայից: Մա՜յրը… Փակեց աչքերը: Երբ ուզում էր «տեսնել» մորը, փակում էր աչքերը, ու անմիջապես գույներ էին արթնանում մտապատկերում: Դեղին, մանուշակագույն, կապույտ…Հետո գույները ձուլվում էին իրար, ու հայտնվում էր մոր ժպտուն դեմքը: Աղջիկների համար հեշտ է: Եթե աղջիկ լիներ, հենց հիմա կզանգեր մորը ու կասեր՝ քեզ աշխարհի չափ եմ սիրում, մա՛մ, շատ-շատ եմ կարոտել: Բայց հիմա ի՞նչ անի: Իր զինվորներն էլ մայր ունեն ու ավելի երկար ժամանակ չեն տեսել իրենց մայրերին: Հայրը կողքին լիներ, կասեր՝ մի՛ թուլանա, դու սովորական մարդ չես, սպա ես: Սա հոր ամենամեծ դասն էր, որ տվեց իրեն բանակ ճանապարհելիս: Ավելի մեծ բեռ չէր կարող դնել իր ուսերին՝ սովորական մարդ չես: Փոքր ժամանակ էլ ասում էր՝ դու տղամարդ ես, քեզ տղամարդու պես պահիր: Հետո ավելացնում էր՝ էն էլ տավուշցի տղամարդ: Ու ինքը՝ 9-10 տարեկան երեխա, մտածում էր, որ տավուշցի տղամարդը պիտի բոլորից համարձակ լինի, ազնիվ, ուժեղ: Մի օր էլ, երբ արդեն ավելի մեծ էր, հարցրեց հորը՝ էդ ո՞րն է տավուշցի տղամարդու առավելությունը: Տավուշցի տղամարդը բարուրից սահմանապահ է՝ բանաձևեց հայրը: Հետո սկսեց պատմել: Առաջին անգամ պատմեց իր մանկության, Արցախյան առաջին պատերազմի, կրակոցների, մութ գիշերների, ցրտի, զրկանքների մասին: Հայրը պատմում էր, ինքը նայում էր զարմացած, որովհետև կարիքի, սովի, ռմբակոծության, կիսախավար ապաստարանների ու անքուն գիշերների մասին խոսելիս հոր դեմքին երանություն էր նկարվում: Հետո հասկացավ: Հասկացավ, երբ հայրը ասաց՝ մենք հաղթեցինք, որովհետև ծծկեր երեխայից մինչև ալևոր ծերունի՝ հաղթանակին տվեցինք, ինչ կարող էինք: Ինքը զարմացավ՝ ծծկեր երեխա՞ն: Հայրը գլխով արեց՝ ծծկեր երեխան իր գոյությամբ հորն ստիպեց ամուր կանգնել սահմանին:

…Սովորություն է զինվորական համազգեստն արագ հագնելը: Զորամասում էլ է նույնը: Որ ժամին էլ արթնանա, որքան էլ երկար ժամանակ ունենա, համազգեստն արագ է հագնում: …Կողքի սենյակում տղաները դեռ քնած էին: Հայացքով տնտղեց բոլորին՝ առանձին-առանձին: Պարգևը, Արգիշտին, Սուրենը, Արշակը: Տիգրանը դիտակետում է, Գուրգենը պոստի է:

… Տղաները խաղաղ քնած էին: Նրանց համաչափ շնչառությունից սրտով տաք ալիք անցով: Իր զորքը, իր ընտանիքը: Այսօր էլ գիշերը խաղաղ անցավ, ու օրը խաղաղ բացվեց: Հիմա իր ամենամեծ խնդրանքը Աստծուց խաղաղությունն է: Տղաների հետ խոսելիս Աստծո անունը չի տալիս, ասում է՝ խաղաղությունը ձեր հոգում է, ձեր ձեռքերում, խաղաղությունը ուժեղ հոգուց ու ուժեղ բազուկներից է ծնվում:

Դուրս եկավ գետնատնակից: Սառը, անուշաբույր օդը խփեց դեմքին: Եղանակը մառախլապատ էր: Մենակ թե անձրև չգա. պիտի խրամատները մաքրեն-խորացնեն, հետո պիտի նոր դիտակետ դնեն: Նայեց շուրջը: Ամեն օր տեսնում է այս չքնաղ համայնապատկերը, ու ամեն անգամ սրտում ինչ-որ բան թրթռում է: Գուցե պատճառն այն է, որ Գորիսի բնությունը շատ է նման Տավուշի բնությանը: Ասես՝ իր ծննդավայրը լինի: Ծաղկած կուտակ-կուտակ լեռներ, խիտ կանաչ անտառներ…

Նայեց ներքև: Ուժ առնելու համար ինքը ներքև է նայում՝ գյուղին: Մառախուղն իջել էր ցած, ու գյուղի կեսը չէր երևում: Գյուղը ստիպում է, որ չթուլանաս, գյուղը հիշեցնում է, որ թիկունքում քո հայրենիքն է, քո ժողովուրդը: Ու դու ոչ թե նահանջելու, այլ անգամ զոհվելու իրավունք չունես: Պիտի ոտքի վրա մնաս՝ ու վերջ: Նորից հիշեց հոր խոսքերը՝ դու սովորական մարդ չես, դու սպա ես: Ինքը պիտի օրինակ լինի իր զինվորների համար: Հետո՞ ինչ, որ նրանցից մի քանի տարով է մեծ, բայց ինքը սպա է, դասակի հրամանատար:

Իր որոշումն էր: Կուզես՝ առավելություն ասա, կուզես՝ թերություն, ինքն էդպիսին է՝ իր կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելիս երկար չի մտածում: Մեկ էլ հանկարծ որոշում է ու անցնում գործի: Այդպես արագ որոշեց, որ պիտի զորակոչվի «Պատիվ ունեմ» ծրագրով: «Պատիվ ունեմ» արտահայտությունը դուրն եկավ ու որոշեց: Պատվից ո՞նց հրաժարվեմ՝ ասում էր ծիծաղելով, երբ մայրը ուզում էր հետ պահել:

…Երբեմն ինքն իրեն հարց է տալիս՝ եթե իմանար, որ այսքան դժվար է լինելու, կրկին կգնա՞ր նույն ճանապարհով: Չէ, խոսքը ֆիզիկական դժվարության մասին չէ, այլ պատասխանատվության: Սահմանին, թշնամու առաջ կանգնած զինվորների կյանքի համար է պատասխանատու: Նրանց տանը իր մոր նման մայր է սպասում: …Աշխատում է ցերեկը մի քանի ժամ քնել, որ կարողանա գիշերն արթուն մնալ: Գիշերը համարյա չի քնում: Անցնում է պոստից պոստ, տեսասարքերն է ստուգում, խոսում է դիտորդների հետ: Իրենք սեպտեմբերի 13 ու ապրիլի 11 են տեսել, երբ թշնամին սադրեց, ու երկու կողմից էլ զոհեր եղան: Զոհ, այսինքն՝ հանուն Հայրենիքի ընկած մարտական ընկեր, զինակից զինվոր:

…Սկսեց արագ քայլել, որ վանի ճնշող մտքերը:

-Հրամանատա՛ր,- Գուրգենն էր: Էջմիածինցի Գուրգենը, իր ամենասիրելի զինվորներից մեկը: Պարտաճանաչ, պատասխանատու տղա է, խոսքը բերանիցդ դուրս չեկած՝ կատարում է ամենայն ջանասիրությամբ:

– Ո՞նց անցավ գիշերը, Գուրգե՛ն ջան:

– Հանգիստ: Հակառակորդի կողմից ոչ մի շարժ չկա, հրամանատա՛ր:

Ամեն անգամ հրամանատար բառը լսելիս մի տեսակ զգաստանում է: Առաջին հրամանատարը, որ տեսել է, իր հորաքրոջ ամուսինն էր՝ Հրաչյա Աթոյանը` Չառլին: Երբ ներս էր մտնում զինվորական համազգեստով, հիացմունքից ու հպարտությունից իր սիրտն սկսում էր արագ բաբախել: Արտաքուստ խիստ մարդ էր, բայց երեխաների հետ մանկանում էր, խաղում էր, կատակներ էր անում: Մինչև հիմա էլ զարմանում է, թե ինչպես այդ տարիներին զինվորական դառնալու, Չառլիին նմանվելու ցանկություն չծնվեց իր հոգում:

Ատամնաբույժ դառնալու միտքը մայրը հուշեց: Հմտորեն, աննկատ վերցրեց ու տեղավորեց իր գլխի մեջ: Էնքան հմտորեն, որ իրեն թվաց, թե դա հենց իր ցանկությունն է ու իր ընտրությունը:

Մի օր էլ համացանցում կարդաց, որ Գեղարվեստի ակադեմիան ընդունելություն է կազմակերպում գեղանկարչության բաժնում: Ինքը մինչև 13 տարեկան ոչինչ չէր նկարել, նկարել չէր սիրել, իսկ արվեստի դպրոց էր գնացել, հետևելով ընկերներին, որոնք բոլորն էլ նկարչության բաժնի սաներ էին: Ու հանկարծ հասկացավ, որ ուզում է նկարիչ դառնալ: Հոգում ինչ-որ տեղ թաքնված հարազատ պատկերներն արթնացան, իրեն տարան մանկություն: Այդ ամենը տեսավ կտավի վրա: Իր տունը՝ շարված մեծ գետաքարերով: Ձորն՝ իր փոքրիկ գետակով: Պապին, որը մահացավ, երբ ինքը 4 տարեկան էր, բայց մնաց իր հիշողության մեջ՝ որպես հեքիաթից իջած ամենաբարի հերոս: Սարը: Սարի անծայրածիր կանաչը, խոտերի միջից պսպստացող գույնզգույն ծաղիկները: Աշխարհի ամենապայծառ արևը՝ սարի գլխին ու ամենաաստղոտ գիշերները… Քննություններին պատրաստվելու համար մեկ ամիս ժամանակ ուներ: Ուսուցիչներ վարձեց, սկսեց նկարել սովորել: …Եվ ընդունվեց: Չէ, դեռ Հայրենիք չի նկարել, դեռ էդքան չի «լցվել», որ հայրենիք նկարի, էդքան չի հասունացել: Կարող ես բնություն նկարել՝ ինչքան սիրտդ կուզի, բայց մանկության ծաղկոտ սարերը, պապը, գետաքարերով շարված տունն ու Բերդի գետակը սոսկ բնություն չեն, Հայրենիք են…

Տիգրանի բարձր հասակը երևաց հեռվից: Դիտորդական կետում այսօր նա է: Աչալուրջ, պատասխանատու զինվոր է Տիգրանը:

-Բարի լույս, Տիգրա՛ն ջան, գիշերը ո՞նց անցավ ծառայությունը:

-Խաղաղ:

Թվաց՝ զինվորի դեմքը լարված է, աչքերում հոգս կա:

-Անտրամադի՞ր ես:

-Ոչ մի կերպ:

-Տնեցիք լա՞վ են:

-Ճիշտ այդպես:

ԼՈՒՍԱԲԱՑ…Ի՞նչ անես, որ զինվորդ հավատա քեզ ու վստահի: Ի՞նչ անես, որ սիրտը բացի քո առաջ, չներփակվի, իր հոգսերի հետ մենակ չմնա: Համոզված լինի, որ իր ցավը քո սիրտն էլ է ցավեցնում, որ դու պատրաստ ես ամեն գնով օգնելու իրեն: Ճանապարհը մեկն է՝ պիտի սերդ ու հոգատարությունդ բազմապատկես: Ավելի ջերմ լինես, ավելի ուշադիր, ավելի նրբանկատ… Որ ռազմադաշտում գա քո հետևից, հանուն հայրենիքի կրակի մեջ նետվի՝ քո հրամանով:

Բարձր է հնչում, բայց բանակում սպան զինվորի համար հայրենիքի մի մասնիկն է՝ կրտսեր ղեկավարից մինչև գնդի հրամանատար: Մեծ հաշվով՝ ինքը նույնպես զինվոր է ու գիտի, թե ինչքան մեծ նշանակություն ունի սերն ու հարգանքը հրամանատարի հանդեպ: Այն թևեր է տալիս:

Արևը ճեղքեց ամպի մեծ քուլան ու սկսեց թրթռալ գետնատնակի լուսամուտին: Պարգևը ներսում նախաճաշի պատրաստություն էր տեսնում: Տղերքը արթնացել, լվացվել էին, շարվել սեղանի շուրջ: Մտավ ներս:

-Արագ նախաճաշենք ու գնանք նոր դիտակետ սարքելու, ցանցերը արդեն բերել են, համ էլ մի քանի խրամատ կա մաքրելու:

Պարգևը թեյը խնամքով լցրեց բաժակների մեջ:

-Հետը մի քաղցր բան տայիր, էլի,- Սուրենն էր: Տղաները ծիծաղեցին: Պարգևը մուրաբա, կարագ, հաց ու փքաբլիթներ դրեց սեղանին:

-Քաղցր բան կեսօրին եք ուտելու,- ասաց Արգիշտին՝ խորամանկ ժպտալով:

-Քաղցր՝ ի՞նչ,- հարցրեց Արշակը: Նա իր տղաներից ամենաընթերցասերն է: Րաֆֆու գրքերը բերել է դիրքեր, իրար փոխանցելով՝ կարդում են:

-Սինդրիկ:

-Սինդրիկն ի՞նչ է:

Տղաները զարմացած նայեցին իրար: Էդքանի մեջ միայն ինքն ու Արգիշտին գիտեին, թե սինդրիկն ինչ է, որովհետև միայն ինքն ու Արգիշտին էին տավուշցի, ինքը՝  Բերդից, Արգիշտին՝ Իջևանից: Գորիսի սարերում լիքը սինդրիկ կա, բայց տեղաբնակները չեն ուտում: Երեկ ինքն ու Գուրգենը սինդրիկ հավաքեցին: Կեսօրին իր ձեռքով կպատրաստի տղաների համար: Պիտի որ հավանեն: Իհարկե, սինդրիկը քաղցր չի, Արգիշտին կատակում էր, ընդհակառակը՝ դառն է, բայց շատ անուշ համ ունի:

-Սինդրի՞կն է համով, թե երշիկով ծվածեղը,- հարցրեց Սուրենը երանությամբ: Դիրքերում տղաների ամենասիրած կերակուրը երշիկով ձվածեղն է:

-Սինդրիկն իմ մանկության համն ունի,- ասաց,- գուցե դա է պատճառը, որ ես շատ եմ սիրում:

-Մեր կողմերում ծտի պաշար ու սինձ են ուտում,- հիշեց Սուրենը, հետո ավելացրեց,- կարոտել եմ:

Կարոտ բառը իրեն միանգամից կտրեց խոսակցությունից ու տարավ տուն: Աչքի առաջ եկան փոքր եղբայրը՝ Էրիկը, ու 5 տարեկան քույրը: Սրտում ինչ-որ բան ճմլվեց: Նայեց տղաներին. լուռ ու ու սևեռված ուտում էին իրենց բաժին փքաբլիթները: Երևի կարոտ բառը ամեն մեկի հոգում մի թրթիռ արթնացրեց, մի պատկեր, մի դեմք, մի պատմություն…

Շուտով կավարտեն նախաճաշն, ու կսկսվի դիրքերի սովորական օրերից մեկը: Տա Աստված, որ այն սովորական լինի, խաղաղ, առանց միջադեպերի, ինչպես այս գեղեցիկ, արժանապատիվ, հպարտ լուսաբացը հայրենի սարերում:

-Բարի լույս, տղե՛րք,- ասաց հանկարծ: Զինվորները նայեցին զարմացած-հարցական: Հետո մեկը մյուսի հետևից վեհերոտ պատասխանեցին:

-Բարի լույս:

-Բարի առավոտ, հրամանատա՛ր:

-Լույս բարի…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1482) 03.05.2023 - 09.05.2023, Հոգևոր-մշակութային


05/05/2023