Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁՍիրիայի նախագահ Բաշար Ասադը Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել։ Արաբական պետությունների արտաքին գործերի նախարարները համաձայնել են վերականգնել Սիրիայի անդամակցությունը կազմակերպությանը, որը դադարեցվել էր 2011 թվականին Սիրիայի կառավարական բանակի և ապստամբների միջև ռազմական գործողություններից հետո:

Սիրիայում կստեղծվի ռազմական համակարգող կենտրոն Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Իրանի մասնակցությամբ:

Պակիստանի դատարանը երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին կալանավորելու որոշում է կայացրել, ինչից հետո տարբեր քաղաքներում զանգվածային ցույցեր և կառավարական ուժերի հետ բախումներ են տեղի ունեցել:

Ռուսաստանի խորհրդարանում քննարկվելու է «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» չեղարկման հարցը: Պայմանագիրը ստորագրվել է 1990 թվականին և թարմացվել 1997 թվականին։ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել այդ փաստաթղթի թարմացված տարբերակը՝ շարունակելով առաջնորդվել 1990 թվականի դրույթներով: 2015 թվականին Ռուսաստանը դադարեցրել է  իր մասնակցությունը «Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրի» հարցերով Համատեղ խորհրդատվական խմբի նիստերին՝ անդամակցությունը պահպանելով  զուտ իրավաբանորեն։

Նորից լարվել են Իսրայելի և Պաղեստինի հարաբերությունները: Իսրայելը հարվածել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության զինյալների տեղակայման վայրերին, Գազայի հատվածում հրթիռների արձակման մեկնարկային հարթակներին: Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել են հարյուրավոր հրթիռներ, որոնց մեծ մասը խոցել  են ՀՕՊ միջոցները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմի վերացման մասին։ Մեկ այլ հրամանագրով էլ նա չեղարկել է 2019 թվականից գործող դեպի Վրաստան ռուսական ավիաընկերությունների թռիչքների և զբոսաշրջային փաթեթների վաճառքի արգելքը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի է համարել ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը՝ որոշումն անվանելով Ռուսաստանի հերթական սադրանք: Զուրաբիշվիլին նաև մեղադրել է երկրի կառավարությանը Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար:

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ. օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 11-րդ փաթեթի վերաբերյալ, որում ներառված են նաև սահմանափակումները շրջանցելու դեմ ձեռնարկվող միջոցառումներ: Նոր փաթեթում ԵՄ-ն հանձնարարում է դադարեցնել զգայուն տեխնոլոգիաների մատակարարումը չինական 8 ընկերությունների, քանի որ դրանք կասկածվում են այդ տեխնոլոգիաները Ռուսաստանին վաճառելու մեջ: Չինաստանն արդեն նախազգուշացրել է, որ իր հանդեպ պատժամիջոցներ սահմանելը բացասական հետևանքներ կունենա ԵՄ-ի համար:

Չինական բազմակի օգտագործման անօդաչու տիեզերանավը ուղեծրում 276 օր անցկացնելուց հետո բարեհաջող վերադարձել է Երկիր: Չինաստանը ոլորտում զգալի առաջընթաց է գրանցել. 2020 թ. սեպտեմբերին առաջին փորձարկումների ժամանակ սարքն ուղեծրում է մնացել երկու օր։ Անօդաչու տիեզերանավերը շատ ավելի էժան են դրանցում կենսաապահովման միջոցների բացակայության պատճառով: Դրանք ավելի հեշտ կլինի օգտագործել ռազմական հետախուզության, ուղեծիր արբանյակների և սպառազինության դուրսբերման համար:

Չարլզ 3-րդը պաշտոնապես թագադրվեց որպես Մեծ Բրիտանիայի թագավոր:

ՌԴ նախագահի աշխատակազմը հաղորդել է, որ Ուկրաինան փորձել է երկու անօդաչու սարքերով հարվածել Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին: Զինվորականները կարողացել են ԱԹՍ-ները վնասազերծել ռադիոտեխնիկական պայքարի համակարգերի օգնությամբ: Կրեմլում կարծում են, որ Ուկրաինայի հարձակման հետևում Միացյալ Նահանգներն են: Իսկ Կիևը հերքել է միջադեպին իր առնչությունը:

Կրեմլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո այլ տարբերակներ չեն մնացել, բացի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի ֆիզիկական ոչնչացումից, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա պաշտոնական այցի ավարտին համատեղ հայտարարություն է տարածվել: Կողմերը հարաբերություններն ընդլայնելու և ամրապնդելու, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը շարունակելու պատրաստակամություն են հայտնել: Երկու պետությունների ղեկավարները նաև դատապարտել են ցանկացած ռազմական ուժերի անօրինական ներկայություն Սիրիայի տարածքում:

Իրանում սկսել են կառուցել նոր սերնդի ավիակիր: Այն կկարողանա տեղավորել ոչ միայն ինքնաթիռներ, այլև հրթիռակիր նավակներ։

Չեխիայի նախագահ Պետր Պավելի կարծիքով՝ Արեւմուտքը մտնում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցության դարաշրջան։ ՌԴ-ն ագրեսիվ պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ, իսկ Չինաստանը տնտեսական միջոցներով ամրացնում է իր ազդեցությունն ամբողջ աշխարհում։

Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները կանցկացնեն՝ մարտական հրաձգությամբ, իրենց դաշինքի 70 եւ Հարավային Կորեայի զինված ուժերի ստեղծման 75-ամյակի առիթներով:

Հավաքական Արեւմուտքն հնարավոր ամեն բան արել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակմանը օժանդակելու համար՝ թե՛ զենքի մատակարարման, թե՛ անձնակազմի ուսուցանման առումով, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Չինաստանում հայտարարել են, որ աշխարհում հաքերային գրոհների եւ գունավոր հեղափոխությունների մեծամասնությունը ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունն է կազմակերպել:

2014 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանը վերադարձել է աշխարհի խոշորագույն տնտեսությունների տասնյակ 2,3 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունքի ցուցանիշով: Աշխարհի ամենամեծ տնտեսություն շարունակում է մնալ ԱՄՆ-ն՝ 25,46 տրիլիոն դոլար անվանական ՀՆԱ-ով: Երկրորդ տեղում Չինաստանն է (17,94 տրլն դոլար): Լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիան՝ 4,17 տրլն դոլարով։

Թուրքիան Ռուսաստանի հետ պայմանավորվել է մինչեւ 2024 թվականը հետաձգել գազի դիմաց վճարումները 600 մլն դոլարի չափով։

ԱՄՆ-ն Իսրայելին գործողությունների ազատություն կտա, եթե Իրանը փորձի միջուկային զենք ունենալ: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե Իրանը բավականաչափ քանակությամբ ուրան է կուտակել՝ հինգ միջուկային ռումբ արտադրելու համար։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Տարածաշրջան


15/05/2023