Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ



ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՊԱՏԳԱՄԱԽՈՍԸ«Ես հպարտ եմ, որ պատկանում եմ մի այդպիսի ազգության և կարող եմ ապրել ու գործել նրա համար։ Նրա հոյակապ բնավորությունը լցնում է իմ հոգին երկյուղածությամբ ու հիացմունքով»։

Խ. ԱԲՈՎՅԱՆ

 

19-րդ դարը լուսավորության, ժողովրդավարական գաղափարների լայն տարածման, խավարի և հետամնացության դեմ պայքարի դար էր, հարյուրամյակ, որը նշանավորվեց հեղափոխություններով, գիտության աննախադեպ նվաճումներով, գյուտերով ու հայտնագործություններով։ Շատ ժողովուրդների համար դա զարթոնքի և վերածննդի բեղմնավոր մի շրջան էր, որը փառավորապես մտավ պատմության մեջ։

Ճակատագրի դժնդակ քառուղիներով անցած հայ ժողովուրդը 19-րդ դար մտավ երկփեղկված. նրա հայրենիքի արևելյան մասը Պարսկահայաստան էր, արևմտյանը՝ Թուրքահայաստան։ Առկայծում, բայց չէր բոցավառվում ազատության և անկախության լույսը։ Ժողովուրդը, Չարենցի խոսքով ասած, խարխափում էր խավարում «անղեկ և անառագաստ», Իսահակյանի խոսքերով ասած՝ «խճճված մտքերով»։ Ի՞նչ անել, որտե՞ղ էր փրկության հույսը։ Դիմենք նույն Իսահակյանին. «Մեկը պիտի ծագեր հայ ժողովրդի հոգուց՝ մի առաքյալ, մի մարգարե, մի մեծ բանաստեղծ, որ ժողովրդին բերեր վերածննդի իմաստուն պատգամները, հրեղեն խոսքերով խանդավառեր նրա սիրտը, ամրացներ նրա կամքը անձնազոհ հայրենասիրությամբ, լուսավորեր նրա բախտորոշ ճանապարհները դեպի ինքնագիտակցություն, ըմբոստացում, ազատություն»։

Այդ մեկը, ահա, մեզանում եղավ Խաչատուր Աբովյանը։

Մեծագույն առաքելությամբ լույս աշխարհ գալու կնիքն էր նրա ճակատին. նա պետք է դառնար այն հավատի հույսը, առանց որի ազգն ապրել չէր կարող, այն հոգևոր փարոսը, որ լուսավորելու էր ազգի ճամփան, ցույց էր տալու, թե ուր գնալ և ինչպես գնալ։ Վառվելու էր ազգին անմնացորդ ծառայելու, նրան խավարից հանելու և լուսավորյալ դարձնելու բուռն, անմարելի փափագով։ Հիրավի մեծագույն առաքելություն, որ ստանձնում, իրագործում են բացառիկ անհատականությունները, և եզակի, անզուգական է դառնում այն դերը, որ նրանք խաղում են ազգային ճակատագրում։

Այդ բացառիկ անհատականությունը Խաչատուր Աբովյանն էր։

…Որտեղի՞ց նպատակների և գիտելիքների այսպիսի խորություն Հայաստանի խուլ գյուղերից մեկում՝ Քանաքեռում ծնված, երեք տարի Էջմիածնի վանական դպրոցը հաճախած, երկու տարի Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում ուսանած մի անձի մեջ։ Որտեղի՞ց աշխարհայացքի այսպիսի լայնություն։ Բարեբախտաբար, այս հարցերն ունեն իրենց ստույգ պատասխանները։ Ամեն ինչ սկսվեց 1829 թ. սեպտեմբերի 27-ից, երբ նա, լինելով Կաթողիկոսի և Սինոդի թարգմանիչը, Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտի արշավախմբի հետ որպես ուղեկցորդ բարձրացավ Արարատ լեռան գագաթը։ Խորհրդանշական իմաստով դա նրա ճանապարհի սկիզբն էր դեպի գիտության գագաթներ. արդեն հաջորդ տարի, 1830-ին, Պարրոտի սիրելին դարձած 21-ամյա պատանին՝ նրա իսկ աջակցությամբ ընդունվեց Դորպատի համալսարան՝ Եվրոպայի առաջավոր կրթօջախներից մեկը։ Դա նրա կյանքի մեծ շրջադարձն էր։

Դորպատում Աբովյանը սովորեց հինգ տարի, բայց ի՜նչ տարիներ էին դրանք։ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում իր սովորած օտար լեզուներին՝ ռուսերենին ու պարսկերենին, նա համալսարանում ավելացրեց գերմաներենը, ֆրանսերենը, անգլերենը, լատիներենը։ Հափշտակությամբ ուսումնասիրեց եվրոպական գրականություն և փիլիսոփայություն ¥Գյոթե, Շիլլեր, Կանտ, Ռուսո և ուրիշներ¤, ապա թափանցեց համաշխարհային պատմության խորքերը ¥Արևելք, անտիկ Հունաստան, Հին Հռոմ¤, կարդաց մարդկության մտավոր արշալույսի մեծ իմաստասերներին ¥Պլատոն, Արիստոտել, Հերակլիտ¤, հրապուրվեց անտիկ դասական գրականության մեծերով ¥Հոմերոս, Վերգիլիոս, Սոֆոկլես, Էվրիպիդես¤, ըմբոշխնեց Վերածննդի դարաշրջանի արվեստի հմայքը ¥Դանթե, Պետրարկա, Միքելանջելո, Շեքսպիր¤, դարձավ Մոցարտի, Հենդելի, Հայդնի կախարդիչ երաժշտության սիրահարը։ Մեծ հերետիկոսներ Կոպեռնիկոսը, Գալիլեյը, Յան Հուսը նրա պաշտամունքն էին, Նյուտոնը նրա կուռքն էր գիտնականի իր անկոտրում համառությամբ։

Մեծ մարդկանց անունների այս թվարկումը պատահական չէ. այդ նրանք էին, որ ձևավորեցին նրա աշխարհայացքը, հաղորդակից դարձրին նրան եվրոպական մշակույթին և վառեցին նրա երևակայությունը ռոմանտիկ խառնվածքի կրակներով։ Մյուս կողմից՝ անունների այս թվարկումը ցույց է տալիս, թե նա իր հետ ում և ինչ էր «բերելու» Հայաստան, որ խարխափում էր անգիտության խավարի մեջ և հեռվից հեռու կանչում էր իր լուսավորյալ զավակին։

Աբովյանը հայրենիք վերադարձավ 1836 թվականին։ Ճանապարհին կանգ առավ Պետերբուրգում, մասնակցեց տեղի հայ հանրության մի հավաքի և ահա թե ինչ ասաց իր ելույթում. «Հայրենիքիս համար ես հանձն առա այս երկարամյա պանդխտությունը և ներկայումս իմ ձգտումը պիտի լինի հայրենիքիս օգնության հասնելը։ Ոչ մի բան չի կարողացել ինձ սարսափեցնել առաջին քայլից, առավել ևս չի կարող ինձ որևէ բան կասեցնել, որպեսզի ես չկարողանամ իրագործել իմ ցանկությունը։ Ես հաստատապես որոշել եմ չխնայել նույնիսկ կյանքս, եթե դա պահանջվի ինձանից»։

Այս խոսքերը բանալի են՝ հասկանալու այն առաքելությունը, որ ճակատագրով վերապահված էր իրեն, ըմբռնելու նրա անձի և գործի բացառիկությունը հայ կյանքում։

Այդ բացառիկությունը նախ և առաջ հենց ինքն էր որպես անհատ, պարզապես որպես հայ մարդ։ Ամենայն իրավամբ պետք է արձանագրել՝ նա իր ժամանակի ամենակրթված, ամենազարգացած մարդկանցից էր եվրոպական չափանիշներով և որպես այդպիսին՝ բացառիկ երևույթ հայ իրականության մեջ։

Բացառիկ եղավ Աբովյանի դերը որպես գրող՝ նա համարվում է հայ նոր գրականության հիմնադիրը, նրա «Վերք Հայաստանի» վեպը՝ այդ գրականության անկյունաքարը։

Ո՞րն էր Աբովյանի բերած նորությունը։ Նախ և առաջ՝ գրականության լեզուն, ոճը։ Աբովյանով հայ գիրքը հայ մարդու հետ խոսեց նրա հարազատ աշխարհաբարով՝ պարզ, հասկանալի ու անպաճույճ, այլևս ազատ կլասիցիզմի լեզվական խրթին կապանքներից և, ցավոք, վաղուց օտարված գրաբարից։ Աշխարհաբարը դարձավ գրականության լեզու։

Նորություն էին Աբովյանի կերտած կերպարները՝ գեղջուկ, շինական մարդիկ, այսինքն՝ ժողովուրդն իր ապրելակերպով, կենսափիլիսոփայությամբ, ազգային իղձերի սքանչելի դրսևորումներով։ Այստեղից էլ՝ Աբովյանի բերած թեմատիկ նորությունը։ Ըստ էության՝ «Վերք Հայաստանի» վեպը 1828 թ. ռուս-պարսկական պատերազմի իրադարձությունների պարզունակ նկարագրությունը չէ և ոչ էլ, առավել ևս, դրանց փաստագրումը։ Այդ իրադարձություններում, ինչպես ճիշտ նկատել է Ս. Սարինյանը. «Աբովյանը հայտնաբերում էր հայ ժողովրդի ազգային ոգու, ֆիզիկական ուժի և կենսունակության գաղափարը, որը նրան պետք է գոյության իրավունք տար»։

Այլ խոսքով՝ Աբովյանը հայոց պատմության ողբերգական դրվագներում անգամ հայտնաբերում էր այն հերոսականությունը, որն ազգ է ապրեցնում։ Այս առումով խորհրդանշական է հռչակավոր զորավար Կրեսոսի մասին ավանդապատումի հիշատակումը վեպի «Հառաջաբանում»։ Զորավարը մի համր որդի է ունենում, և ոչինչ չի բացում նրա փակ լեզուն, բայց ահա տեղի է ունենում հրաշքը. մի ճակատամարտում Կրեսոսը պարտվում է, պարսիկ զորականը հետապնդում է նրան, և այն է՝ սուրը պետք է բարձրացներ նրա վրա, երբ հանկարծ բացվում է Կրեսոսի համր որդու լեզուն, ու նա ասում է. «Անօրեն, էդ ո՞ւմ ես սպանում, ետ քաշիր թուրդ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոսն ա»։ Աբովյանն ինքն էլ մեկնաբանում է կատարվածը՝ Կրեսոսի որդու լեզուն բացում է հենց որդիական սերը։

Եվ, ահա, այդ որդիական սերը առ հայրենիք բացում է Աբովյանի լեզուն, ու նա Կրեսոսի որդու պես ձայնում է թշնամուն. «Էդ ո՞ւմ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»։ Սա հայ ոգու աղաղակն էր, որ գեղարվեստական մեծ ուժով առաջին անգամ հնչեցնում էր Աբովյանը։ Առաջին անգամ էր վեպի գլխավոր կերպար դառնում ժողովրդական հերոսը հանձին Աղասու, որի «սիրտը էնքան բարի էր, որ նհախ տեղը ղուշ էլ չէր սպանիլ», բայց որը թուր էր վերցնում վրեժի և ատելության զգացումով։ Եվ, վերջապես, Աբովյանով է, որ առաջին անգամ վիպական հյուսվածքի մեջ առնվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, իր իսկ խոսքով ասած՝ «սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը, ծնողը, զավակը, մահը, կռիվը»։ Սրանք էլ հենց դարձան հայ նոր գրականության գլխավոր թեմաները։

Աբովյանը, իրավամբ, նաև հայ նոր մանկավարժության հիմնադիրն է։ Ի՞նչն էր նրան մղում այս մեծ առաքելության առաջամարտիկը լինելուն։ Անշուշտ՝ առաջին հերթին ժամանակի պահանջը։ Ճիշտ է՝ ուսուցումը Հայաստանում ուներ դարավոր պատմություն և սերտորեն կապված էր հայ պետականության առաջացման հետ։ Ճիշտ է՝ 5-րդ դարում Մաշտոցի ստեղծած առաջին հայկական դպրոցների հետ ծագեց և զարգացավ հայ մանկավարժական միտքը, որը սերունդներ կրթեց։ Ճիշտ է, ինչ խոսք, որ միջնադարյան Հայաստանում ստեղծված Տաթևի, Գլաձորի, Սանահինի համալսարաններն անգնահատելի դեր խաղացին հայ մանկավարժության հետագա զարգացման գործում, բայց և անուրանալի է և այն, որ արդեն 19-րդ դարում, որը համաշխարհային պատմության մեջ կոչվեց «գիտության դար», «բանականության դար», հայ մանկավարժությունը կարիք ուներ արմատական բարեփոխումների՝ քայլելու ժամանակին համընթաց։

Աբովյանն է, ահա, որ, քաջածանոթ լինելով եվրոպական կրթության դրվածքին, մեզանում առաջինը ստանձնեց այդ բարեփոխումների կատարման գործը։ Այստեղ նա նորարար էր, տգիտության, հետամնացության դեմ խիզախորեն կռվող մարտիկ։ Առաջինը հենց նա հայ իրականության մեջ տառահեգման համակարգին հակադրեց հնչական նոր, առաջավոր համակարգը, հիմնավորեց կրթության լեզուն ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնելու անհրաժեշտությունը, մանկավարժությունը դիտեց որպես ժողովրդի կենսական շահերն արտահայտող գիտություն և գիտնականի խորաթափանցությամբ վերլուծեց դպրոցի ու ընտանիքի, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, նոր սերնդի ֆիզիկական և աշխատանքային դաստիարակության, կարճ ասած՝ դպրոցի ժողովրդականացման հարցերը։ Այս առումով նորություն էին նրա «Պարապ վախտի խաղալիք», «Նախաշավիղ կրթության» ժողովածուները, որոնք կոչված էին հայ մանուկին տանելու դեպի կյանք, հանելու նրան կրոնական մղձավանջից և առաջնորդելու դեպի այն իրականություն, որտեղ ապրում էր ինքը։ Աբովյանից առաջ այդպես ոչ ոք չէր արել։

Աբովյանը միայն գաղափարներ առաջադրող չէր, այլև իրագործող, սակայն ի՜նչ տիտանական ջանքերի գնով։ Բանը հասավ այնտեղ, որ Դորպատից վերադառնալուց հետո եկեղեցին մերժեց նրան՝ որպես «այլադավանների» միջավայրում ապրած ու կրթություն ստացած մարդու և հալածեց։ Չհամակերպվելով նման վերաբերմունքի հետ՝ Աբովյանն ստիպված եղավ թողնել հոգևոր ծառայությունը և մեկնել Թիֆլիս՝ պաշտոնավարելով որպես գավառական դպրոցի տեսուչ։ Այստեղ էլ ճնշումներն անպակաս էին, և նա բացեց մասնավոր դպրոց՝ հատուկ ծրագրով պատրաստելու ժողովրդական դպրոցների ուսուցիչների, որոնք միաժամանակ լինելու էին իր գաղափարակիցներն ու աջակիցները։ Պաշտոնավարեց նաև Երևանում՝ որպես գավառական դպրոցի տեսուչ, և դարձյալ ամեն քայլը՝ պայքարով, հոգեկան և ֆիզիկական ուժերի գերլարումով։

Կենսագրական այս տվյալներն անհրաժեշտ են՝ պատկերացնելու Աբովյանի ապրած ժամանակն ու գաղափարի մարդու նրա կեցվածքը։ Եվ ի՜նչ համարձակ ծրագրեր ուներ մեծ լուսավորիչը՝ Հայաստանում բացել մանկավարժական ինստիտուտ և ժողովրդական դպրոցներ ¥նաև՝ հարևան ժողովուրդների երեխաների համար¤, մտցնել համընդհանուր գրագիտություն, ուսուցումը կապել դպրոցականների առօրյա աշխատանքային դաստիարակության հետ, դպրոցներում մեծ տեղ հատկացնել արվեստներին, մասնավորապես նկարչությանն ու երաժշտությանը՝ որպես պարտադիր առարկաներ։ Բոլոր ընդունակ շրջանավարտները պետք է ուղարկվեն եվրոպական կրթօջախներ՝ ուսումը շարունակելու։ Հոգսն ու նպատակը մեկն էր՝ հայրենիքին տալ կրթված, գրագետ սերունդ։

Աբովյանը բացառիկ նվիրվածության հայրենասեր էր, բայց նրա հայրենասիրությունը սոսկ մարդկային զգացմունք չէր, այլ գաղափարաբանություն, դավանանք, որին հավատարիմ մնաց մինչև իր «մեծ բացակայությունը» (1848 թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան դուրս եկավ տնից եւ չպարզված հանգամանքներում այլևս չվերադարձավ)։ Եվ բացառիկ եղավ նրա պատմական ծառայությունն իր ժողովրդին. նա հայ միտքը ձերբազատեց ավանդական սահմանափակության շղթաներից և առաջնորդեց դեպի համաշխարհային քաղաքակրթության լայն շրջագիծ, հայկական իրականությանը ներարկեց սոցիոլոգիական, գեղագիտական և բարոյագիտական նոր գաղափարներ, ուրվագծեց հայ ժողովրդի զարգացման հեռանկարները՝ դրանք կապելով համաեվրոպական առաջավոր կենսաձևի հետ։

 

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Հոգևոր-մշակութային


15/05/2023