Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ՝ ՄԵԾ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ



ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ՝ ՄԵԾ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲՀանրապետությունում շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները, որոնցում ներգրավվում են պահեստազորի 1-ին և 2-րդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի քաղաքացիները:

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի թիվ 1 տարածքային ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Հրաչյա Հովհաննիսյանի խոսքով՝  աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Զորակոչից զորակոչ քաղաքացիներն ավելի մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում վարժական հավաքներին.

-Ինչպես հայտնի է, կառավարության որոշման համաձայն՝ մարտ ամսից մեկնարկել են 25-օրյա վարժական հավաքները, որոնք փոխարինեցին նախկինում անցկացվող եռամսյա և երկամսյա վարժական հավաքներին:  Իրենց բնույթով այս հավաքներն ավելի ընկալելի և ընդունելի  են մեր քաղաքացիների համար: Եռամսյա հավաքների դեպքում մարդիկ երբեմն բավականին լուրջ խնդիրների առջև էին կանգնում իրենց աշխատավայրերում, երկար ժամանակով ընտանիքից  կտրվում, շատ էին սոցիալ-կենցաղային խնդիրները: Իսկ 25-օրյա հավաքների դեպքում նման խնդիրներ չեն առաջանում:

Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ, ըստ գնդապետ Հովհաննիսյանի, վարժական հավաքների մասնակիցների լիարժեք բժշկական հետազոտությունն է:

-Հավաքներին պետք է ներգրավվեն առողջ մարդիկ: Սա մեր ուշադրության կենտրոնում է: Նրանք ուղեգրվում են իրենց սպասարկող տարածքային պոլիկլինիկաներ, ենթարկվում բժշկական տարբեր հետազոտությունների: Արդյունքները եռօրյա ժամկետում ներկայացվում են մեզ: Եվ այս ամենից հետո են միայն նրանք մասնակցում վարժական հավաքներին:

Տրամադրվածությունը լավ է, մարտական: Ոմանք  անգամ կամավոր են ներգրավվում,- ասում է ստորաբաժանման ղեկավարը:

Կամավորներից  մեկն էլ 44-օրյա պատերազմի մասնակից Խաչատուր Գաբրիելյանն է: Նրա որդին մեկ տարեկան է եղել, երբ սկսվել է պատերազմը, և նա կամավոր մեկնել է ռազմաճակատ: Այժմ էլ մասնակցում է վարժական հավաքներին:

-Այս ծրագիրը ճիշտ եմ համարում: Ինձ տանը սպասելու են ծնողներս, կինս, որդիս՝ Արամը: Հենց նրանց համար եմ այսօր գնում. սահմանը կպահենք, նրանց խաղաղ քունը կհսկենք,- ասում է Խաչատուրը:

Խաչատուրի ավագ եղբայրը՝ Կորյունը, որը սեպտեմբերյան կռիվների մասնակից է, 44-օրյա պատերազմը սկսվելուն պես կրկին մեկնել է ռազմաճակատ, ջոկատի կազմում մասնակցել  Ջրականի համար մղվող մարտերին:

-Մեր ջոկատը քաջաբար է կռվել: Մարտի դաշտում ընկերներ եմ կորցրել: Իսկ այսօր էլ հավաքներին եմ մասնակցում, որ գնամ, կանգնեմ իմ փոքր եղբոր, սահմանը հսկող մեր զինվորների կողքին: Նրանք պետք է իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք:

-Մեծ ուրախությամբ եմ ստացել վարժական հավաքի մասնակցելու ծանուցագիրը,- ասում է հավաքի մեկ այլ մասնակից՝ Վահագն Մելքոնյանը: Նա ևս 44-օրյա պատերազմի մասնակից է:- Ռազմական հավաքներ են, մեր երկիրն էլ խաղաղ վիճակում չէ: Պետք է միշտ պատրաստ լինենք ու հղկենք մեր մարտական պատրաստականությունը, հմտություններն ու ունակությունները անհրաժեշտ մակարդակի վրա պահենք: Այսօր մարտական ընկերոջս հետ եմ գնում հավաքներին: Գնում ենք մեր սահմանները անառիկ պահելու նպատակով,- ասում է Վահագնը:

Դավիթ Բրուտյանը բանկի մասնաճյուղի կառավարիչ է:

-Եթե պետք է, ուրեմն, պետք է,- ասում է նա:- Ծնունդով Արծվաշենից եմ: Բրուտյան ազգից  եմ: Պապիցս սկսած՝ ինձ դաստիարակել են այն գաղափարով, որ հայրենիքը ամեն ինչից թանկ է ու պետք է նրան տեր կանգնել համախմբված: Պատմության դասերը ցույց են տալիս, որ մենք միշտ հաղթել ենք այն ժամանակ, երբ միասնական ու համախմբված ենք եղել, իսկ պարտվել ենք, երբ թուլացել է մեր ներքին միասնականությունը: Այսօր մեզ միայն մեկ բան է պետք՝ համախմբվել:

Սեդա Բաղդասարյանը եկել է որդուն ճանապարհելու: Նա վստահ է, որ  նման հավաքները կարևոր են և անհրաժեշտ ներկայիս փոփոխական աշխարհաքաղաքական իրավիճակում.

-Այս հավաքները պետք են, որպեսզի, եթե Աստված մի արասցե, պատերազմ լինի, որդիս անպատրաստ չգնա և բոլորին հավասար կարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


15/05/2023