ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԻ ՈԳԻՆ Է
Զրույց փոխգնդապետ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Դուք արդեն 24 տարի ղեկավարում եք բանակի տարբեր ստորաբաժանումների (գումարտակից մինչև գունդ) բարոյահոգեբանական ապահովումն ու դաստիարակչական աշխատանքները: Ու քանի որ առանցքային դեր եք վերապահում զինվորի հայրենասիրությանը, եկեք խոսենք այն մասին, թե ի՞նչ մեթոդներով եք խթանում այդ զգացումը:
-Նախ, հակիրճ բացատրեմ, թե ինչու եմ մարտունակության ամենակարևոր պայման համարում հայրենասիրությունը: Բանակի՝ զինվորի ու սպայի գերակա խնդիրը հայրենիքը պաշտպանելն է: Որքան բարձր է հայրենիքը, որպես անսակարկելի արժեք, նույնքան գերակա է նրա պաշտպանության գաղափարը ու այդ առաքելությունը լավագույնս կատարելու պատրաստակամությունը: Նման գիտակցությամբ տոգորված զինվորն ու սպան մերժում են բանակի ուժը թուլացնող բոլոր գործոնները և դիմակայում են յուրաքանչյուր դժվարության: Ուստի, ոչ միայն բանակի, այլեւ ամբողջ հասարակության, կրթադաստիարակչական համակարգի առաջնահերթ խնդիրը հայրենասեր սերունդ դաստիարակելն է: Դուք գործածեցիք հայրենիքը գիտակցված սիրով սիրել արտահայտությունը: Ես կարծում եմ, որ հայրենիքը պետք է սիրել զգայական, ես կասեի՝ բնազդային սիրով: Մարդուն պիտի կապես իր արմատին, իր բնությանը, իր տանը, իր նախնիներին, իր մանկությանը… Սա մարդու ինքնությունն է, հոգու միջուկը: Չկա որևէ գիտակցում, երբ ծնողը սեփական կյանքի գնով պաշտպանում է իր զավակին: Դա սեր է, մեծ սեր:
Տուն ու մանկություն ասեցի, ու սիրտս սկսեց թրթռալ: Աչքիս առաջ եկավ իմ կաթնագույն տունը՝ եզրերը կարմիր քարով շարված, մեր այգին՝ ձախ կողմում հացատունը, մորս թխած լավաշի բույրը, տաք բոքոնով պատրաստված ճմուռի համը: Սա իմ հայրենիքն է, սա ես եմ…
Հայրս շինարար էր: Նա իմ ծննդավայր Մարտունիում շենք, մարզադաշտ ու դպրոց էր կառուցում: Հայրս իր ձեռքերով է բարձրացրել մեր տունը, շաղախին խառնելով սեր ու երազանք, կարոտ ու ուրախություն: Սա նրա բաժին հայրենիքն է:
Ես շատ աշխատասեր եմ: Երբեք ժամը 1-ից շուտ անկողին չեմ մտնում, ու միշտ ձեռքիս գործ կա: Երկաթից տաղավար եմ պատրաստում, հնաոճ փայտից կահույք եմ հավաքում, սիրում եմ շուրջս լցնել գեղեցկությամբ: …Կշեռքի մի նժարին դիր այս ամենը, մյուս նժարին ես առանց վարանելու կյանքս կդնեմ:
Բոլոր մարդիկ էլ մանկություն ունեն, հիշողություններ: Մեզ մնում է նուրբ ու աննկատ արժևորել նրանց հոգում այդ ամենը:
-Մեզ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք:
-Ծնողներին, ուսուցիչներին, շրջապատի մարդկանց, գրողներին, լրագրողներին, երգահաններին, ֆիլմ ու ներկայացում բեմադրողներին, հրամանատարներին…
-Դուք պատմում եք, իսկ ես մտածում եմ, որ գեղեցիկի սիրահար եք, վառ երևակայություն ունեք, զգացմունքային եք, ներշնչվող, ստեղծագործ խառնվածքով… Այս հատկանիշները հակոտնյա են զինվորական կարգուկանոնին:
-Գեղեցիկն ու կարգուկանոնը լրացնում են մեկը մյուսին: Ինչը կարող է լինել ավելի գեղեցիկ, քան կարգուկանոնը: Անկարգությունը տգեղ է: Ես ավելի ստեղծագործ աշխատանք չգիտեմ, քան զինվորական գործը, ավելի գեղեցիկ արվեստ չգիտեմ, քան ռազմարվեստը:
Տեսեք՝ ինչի մասին էլ խոսեմ, ես գնում եմ անցյալ, ակունք, գնում եմ դեպի Հայրենիք: Ես անբաժան եմ արմատից: Մի դեպք հիշեցի՝ ակադեմիայում սովորելու տարիներին մենք կարող էինք արձակուրդը անցկացնել ցանկացած ԱՊՀ երկրում, հանգստանալ ցանկացած դրախտային վայրում, բայց ես եկա Մարտունի: Որովհետև Մարտունին իմ ծննդավայրն է, իմ դրախտը:
-Իսկ զինվորական գործի հանդեպ սերը ի՞նչ ակունքից ծնվեց:
-Նույն ակունքից: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ իմ զինվորական մորեղբայրը Հայրենիք ազատագրող տղաների հետ գալիս էր մեր տուն: Ինչ-որ գերբնական, վերերկրային ուժ կար նրանց կերպարի մեջ, անսովոր հմայք:
-Հայրենասիրության մասին երկար խոսեցինք. զորքերում բարոյահոգեբանական ապահովումը, թերևս, դրանով չի սահմանափակվում…
-Իհարկե: Հայրենասիրությունը մարդուն վարքի համապատասխան նորմեր թելադրող գլխավոր պատճառն է: Ուստի, հայրենասիրությամբ տոգորված մարդը՝ սպան, զինվորը, գիտակցաբար ու պատրաստակամությամբ է վերաբերվում բանակում իրեն ներկայացվող պահանջներին, հասկանալով, որ դրանք ուղղված են զորքի պաշտպանունակության բարձրացմանը:
-Որո՞նք են այդ պահանջները:
-Շատ են: Սպաները պիտի իրենց կարգապահությամբ, բարեկրթությամբ, կանոնադրային հարաբերությունները պահպանելու իրենց պատրաստակամությամբ, գիտելիքներով, զինվորի հանդեպ սրտացավությամբ, զինակցի հանդեպ նվիրումով, շրջապատի հանդեպ պատասխանատվությամբ և այլ առաքինություններով օրինակ լինեն ենթակա անձնակազմի համար: Զինվորներից նույնպես պահանջվում է կարգապահության, կանոնադրային հարաբերություններին ենթարկվելու պատրաստակամություն, զինվորական մասնագիտությանը տիրապետելու մղում, աշխատասիրություն, ընկերասիրություն, մաքրասիրություն…. Մենք բոլորս միասին պիտի ձևավորենք բացառիկ հարգանք ու բարձր պատասխանատվություն զինվորական գործի հանդեպ, զորամասի հանդեպ: Միշտ հիշելով ու հիշեցնելով, որ կշեռքի մյուս նժարին դրված է Հայրենիքի ճակատագիրը: Սա շարունակական աշխատանքի մեծ շղթա է, որտեղ բոլոր օղակների ամրությունը խիստ կարևոր է, այլապես շղթան կկտրվի, ու մենք որքան էլ ջանանք, չենք կարող հասնել ցանկալի արդյունքի:
Մենք պիտի կարողանանք անհատի գիտակցության մեջ ընդլայնել մենք-ի սահմանը: Այդ դեպքում սկսում են ակտիվանալ մարդու ներքին բարոյական օրենքները: Ոչ մի օրենքում գրված չէ, որ եղբայրը պիտի օգնի եղբորը, հոգ տանի նրա մասին, եղբայրները դա անում եմ մեկը մյուսի հանդեպ սիրուց դրդված, իրենց ցանկությամբ: Ես իմ ծառայակիցներին եւ ենթականերին օգնում եմ ինչպես հարազատի, ես չեմ կարող հանգիստ ապրել, երբ գիտեմ, որ մարդը հոգս ունի, ու ես կարող եմ թեթևացնել այն: Եվ պետք է հիշել՝ ինչ դու տալիս ես զինծառայողին բանակում, նա տանում է հետը քաղաքացիական կյանք: Բարձր բարոյականությունը ծնվում է հայրենիքի պաշտպանության սրբազան գործի կողքին:
-Դուք գիտե՞ք, թե ո՞րն է այն հանգրվանը, որի ճանապարհով քայլում ենք:
-Իհարկե: Մենք լուծելու ենք մեր երկրի անվտանգության խնդիրը ու լծվելու ենք հայրենիքը շենացնելու ծանր ու պատվաբեր աշխատանքին: Մենք ունենալու ենք զարգացած, բարձր գիտությամբ ու մշակույթով, բարեկեցիկ ու պաշտպանված երկիր:
-Ո՞րն է Ձեր լավատեսության ակունքը:
-Հայ մարդը: Տաղանդավոր, հայրենասեր, տոկուն, անկոտրում հայը՝ իր փառահեղ պատմությամբ, անզուգական մշակույթով ու հաղթելու իր պողպատե կամքով:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Ազգային բանակ