Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԹԱՆԿ Է



ՀԱՅՐԵՆԻՔԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ԷԼ ԹԱՆԿ ԷԽաչիկ պապը իր տնկած ծառերն ու թփերը ամեն օր խնամում է, ջրում, հողը մշակում… Եվ այսպես արդեն տասնյակ տարիներ։

-Երկարակեցությանս գաղտնիքը հենց աշխատասիրության մեջ է: Չեմ ծխել, խմիչքը երբեք չեմ չարաշահել,- ասում է 100-ը օրերս բոլորած վետերանը:

Հայրենական մեծ պատերազմում մարտական մկրտությունը Խաչիկ պապը ստացել է Կերչում՝ մասնակցելով հերոս քաղաքի պաշտպանությանը։ Արյունալի մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է և երկարատև բուժում ստանալուց հետո ծառայության է նշանակվել Նախիջևանում: Կյանքի դժվարություններն ու պատկառելի տարիքն անգամ անզոր են եղել խաթարելու նրա հիշողությունը: Եվ պապը հիշողության ծալքերից մեկիկ-մեկիկ հանում է պատերազմական դրվագներն ու հրամցնում մեզ: Նա առանձնահատուկ գորովանքով և ակնածանքով է հիշում մարտական ընկերներին, անթաքույց հպարտությամբ պատմում նրանց անձնուրացության ու քաջագործությունների մասին:

-106 հերոս, իսկ քանի քանիսն էլ հանիրավի զրկվեցին հերոսի «Ոսկե աստղից»,- խորը հոգոց հանելով ասում է Մեծ հայրենականի 100-ամյա վետերանը: Նրա մարտական ուղու, ծանր, բայց հերոսական օրերի մասին փաստում են պետական բարձր պարգևները, բազմաթիվ մեդալներն ու շքանշանները, որոնց շարքը ծննդյան 100-ամյակի առթիվ ավելացավ ևս մեկով՝ «Զինված ուժերի 30 տարի» հոբելյանական մեդալով։

Ծննդյան օրվա մաղթանքները Խաչիկ պապն անձամբ է ամփոփում՝ հայոց սահմանների խաղաղության ու բանակի մարտունակության բազմապատկման ցանկությամբ ու պատգամով։

Խաչիկ պապը համոզված է՝ մեր Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար էլ թանկ է։ Այդպես եղել է, կա ու պետք է լինի։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Ճակատագրեր


15/05/2023