ՄԻ ՄԱՐԴՈՒ ՊԵՍ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ԲԱՆԱԿԻ ԿՈՂՔԻՆ
Ձյունախառն անձրեւը դադարել էր, երբ հասանք հյուսիսարեւելյան սահմանագոտի: Բնության զմրուխտն ավելի էր թարմացել, շքեղացել, վայրի կակաչների առատությունն էլ մի առանձնակի հմայք էր հաղորդում շրջակայքին: Ճանապարհին սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն էի մտաբերել. «Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով: Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից…»…
Հենակետում 25-օրյա վարժական հավաքների մասնակից պահեստազորայիններն են՝ տարբեր մարզերից, տարբեր տարիքի:
Սերժանտ Արսեն Ավետիսյանը Նոյեմբերյանից է, Ագրարային համալսարանն է ավարտել:
-Մի քանի օրից կավարտենք վարժական հավաքներին մեր մասնակցությունը, այս ընթացքում վերհիշեցինք մեր անցած զինվորական ուղին, թարմացրինք զինվորական գիտելիքներն ու հմտությունները: Միանշանակ է՝ պահեստազորը ժամանակ առ ժամանակ պետք է պատրաստվի. նմանատիպ հավաքների կարեւորությունը բոլորս էլ գիտակցում ենք՝ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ անընդհատ սահմանային բախումների թիրախում է, պարբերաբար խախտվում է մեր հող ու ջրի անդորրը: 90-ականների ինքնապաշտպանական մարտերին հայրս էլ է մասնակցել, հորեղբայրս էլ:
44-օրյա պատերազմի ժամանակ մոբիլիզացիոն կազմով ես էլ մասնակցեցի վարժական հավաքների, այն ժամանակ երեք ամսով էր, հենց այս նույն հատվածում էինք կանգնած կազմ-պատրաստ:
Մեր երկիրը մենք պետք է ամրացնենք, մենք պաշտպանենք, որ մեր որդիներին արժանապատիվ ու ամրակուռ հայրենիք ժառանգենք:
Երկվորյակ զավակների հայր է Արսենը:
-Դեռ երկուսն էլ պիտի ունենամ, առնվազն…
-Գումարտակի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, ավագ լեյտենանտ Սեդրակ Մկրտչյան,- զինվորական հանգով ներկայանում է հաջորդ զրուցակիցս: Սեդրակը Շիրակի մարզի Անուշավան գյուղից է, նախկին զինվորականի առաջին մասնակցությունն է վարժական հավաքներին:
-Ծառայությունն ընթանում է իր բնականոն հունով, գլոբալ խնդիրներ չունենք:
Բոլորս էլ հասուն մարդիկ ենք, հստակ գիտակցում ենք՝ ինչի համար ենք եկել այստեղ, ու բոլորս էլ ջանում ենք առաջադրվածը գերազանց, առանց թերացումների ու ժամանակին կատարել:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է տարին գոնե մեկ անգամ պատրաստ լինի կանգնելու սահմանին, պաշտպանելու հայրենիքի անվտանգությունը: Բոլորը, անկախ պաշտոնից, սոցիալական դիրքից, պետք է կամավոր մասնակցեն վարժական հավաքներին, ի վերջո, եթե երկրին վտանգ է սպառնում, բոլորին է անխտիր սպառնում: Առաջնահերթը հայրենիքի պաշտպան լինելն է, մնացյալ ամեն ինչ իրագործվում է կայուն հողի վրա:
Սեդրակը մասնագիտությամբ փաստաբան է, մայրաքաղաքում փաստաբանական գրասենյակ ունի:
Տարբեր մասնագիտությունների տեր են պահեստազորայինները՝ իրավաբան, մանկավարժ, շինարար, գործարար, բժիշկ…
Շիրակի մարզի Թորոսգյուղի դպրոցի տնօրեն Գարեգին Հակոբյանը մանկավարժական գործունեությունը 25 օրով փոխարինել է զինվորականով, նրա հետ վարժական հավաքներին մասնակցում է նաեւ իրենց դպրոցի զինղեկը՝ Դավիթ Հարությունյանը: Երկուսն էլ 44-օրյա պատերազմի մասնակից են:
-Պատերազմի ժամանակ մեր դպրոցի շրջանավարտները կռվել են ինքնամոռաց նվիրումով, հերոսին վայել, ցավոք, մեր գյուղը երեք զավակ է կորցրել, հրաշալի երիտասարդներ, կյանքով լեցուն, շնորհաշատ…
Գարեգինի արմատները Արեւմտյան Հայաստանից են, Բասեն գավառի Հարսնաքար գյուղից են տեղահանվել:
-Հայրենիքի պաշտպանությունն ինձ համար գաղափար է՝ պաշտպանելով հայրենիքը՝ պաշտպանում ենք մեր տունը, մեր օջախը, մեր սրբությունները՝ հող հայրենին,- ասում է բազմավաստակ մանկավարժն ու Նժդեհի խոսքերը մեջբերում. «Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից, եթե այն ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»։
Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը, քիչ հեռու կանգնած, լուռ լսում է գումարտակի տղաներին: Դեմքին գոհունակ ժպիտ է ուրվագծվում: Նա հպարտ է իր տղերքով, նրանց հայրենանվեր ծառայությամբ:
-Գումարտակի պատրաստվածությունը գնահատում եմ լավ, բոլորն էլ հստակ գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը և սրտացավորեն իրենց գործն են անում: Վստահեցնում եմ՝ մարտունակ պահեստազորի կորիզը կա։ Արական սեռի յուրաքանչյուր անձ պարտադիր պետք է մասնակցի վարժական հավաքներին, որ ունենանք պատրաստված, մարտունակ պահեստազոր եւ հարկ եղած դեպքում ճիշտ, գրագետ եւ ներդաշնակ գործենք,- ասում է նա:
Բանակի նվիրյալ զինվորականներից է փոխգնդապետ Մարտիրոսյանը, որի զինվորական ուղին սկսվել է ռազմամարզական վարժարանից, այնուհետև ուսանել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:
Գյումրեցի սպան անցել է պատերազմի բովով, կռվել ամենաթեժ հատվածներից մեկում՝ Մատաղիսում:
-Ընկերական զրույցների ժամանակ պահեստազորի տղաներին ներկայացնում ենք մեր անցած ճանապարհը, պատմում մարտական գործողությունների ընթացքում մեր սպաների և զինվորների անօրինակ սխրագործությունների մասին, խոսում ենք և՛ հաջողություններից, և՛ բացթողումներից:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում