ԿԱՐԵՎՈՐԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
Արտանիշ գյուղը գտնվում է Գեղամա գեղեցկուհու՝ Սևանա լճի Արտանիշ ծոցի ափին, ծովի մակերևույթից մոտ 1800 մ բարձրության վրա: Այն ներառված է Շողակաթ խոշորացված համայնքի կազմում և ունի շուրջ 220 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, ինչպես նաև սեզոնային ձկնորսությամբ ու մեղվապահությամբ: Համայնքի ղեկավար Ռոբերտ Շուշանյանի հավաստմամբ՝ գյուղից հեռացողներ, ինչպես մինչև պատերազմը, այնպես էլ պատերազմից, հետո չեն եղել:
-Արտագնա աշխատանքի գնացողներ ունենք, բայց ծննդավայրից ընդմիշտ հեռացողներ՝ ոչ,- վստահեցնում է համայնքապետը:
Արտանիշի հիմնական դպրոցի տնօրեն, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Իվետա Պետրոսյանի դիտարկմամբ՝ երեխաները բավականին լավ առաջադիմություն են հանդես բերում:
-Երեխաները գիտակցում են, որ իրենք էլ իրենց գիտելիքով պետք է նպաստեն մեր հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը,- ասում է տնօրենը:
Դպրոցում աշխատում են փորձառու ուսուցիչներ: Նրանցից մեկը՝ մաթեմատիկայի ուսուցչուհի Սյուզաննա Մանուչարյանը, վերջերս կամավոր հիմունքներով հանձնել էր որակավորման քննությունը և ստացել բարձր գնահատական, ինչն աննախադեպ իրադարձություն էր ինչպես դպրոցի, այնպես էլ մարզի կրթական կյանքում:
-Գյուղում խմբված մարդկանց չես տեսնի: Մարդիկ կամ դաշտերում են, կամ էլ իրենց տնամերձներում,- ասում է գյուղապետը: Մոտենում ենք առաջին իսկ պատահած տանը: Տնամերձում շիկահեր մի կին քաղհան է անում, իսկ յոթանասունին մոտ տղամարդը հեռվում մեղվի փեթակներն է կարգի բերում: Մոտեցանք, բարևեցինք: Տանտիրուհին ոչ վարժ հայերենով մեզ ներս հրավիրեց:
-Մեր դուռը միշտ էլ բաց է հյուրերի առաջ, -ասաց նա և ձայն տվեց ամուսնուն.
-Արա՛մ, հյուրեր ունենք:
Տղամարդը, որ ըստ երևույթին նկատել էր մեզ, շտապեց ընդառաջ: Տեսնելով մեզ ուղեկցող գյուղապետին և դպրոցի նախնական զինվորական պատրաստության ուսուցչին, կնոջը կարգադրեց սեղան գցել: Տանտիրուհին՝ ազգությամբ մոլդավուհի Օլգա Մորատուն, փութաց կատարելու ամուսնու հրամանը: Բավականին հետաքրքիր զրուցակից դուրս եկավ Արամ հորեղբայրը՝ հումորով ու կատակասեր:
Երբ արդեն ծանոթացել էինք, հետաքրքրվեցի նիստ ու կացով, առօրյա գործերով:
-Ոնց բոլոր գյուղերում, տղա՛ ջան: Հաց ենք ստեղծում: Ամբողջ օրը քրտնաջան աշխատում ենք: Եվ քանի որ հացը հողից ենք ստանում, մենք էլ մեր բաժին հողն ենք մշակում առավոտից մինչև մութն ընկնելը,- ասաց նա:
-Հողի հետ աշխատելը, հող մշակելը թեև հաճելի, բայց իհարկե դժվար գործ է,- նկատում եմ ես:
-Հեշտ գործ չկա կյանքում: Պիտի աշխատես, որ ապրես, ընտանիքդ կերակրես: Կինս մոլդավուհի է, բայց հողն այնպես է մշակում, հողի լեզուն այնպես է հասկանում, որ ես էլ եմ զարմանում:
-Քանի՞ երեխա ունեք,- հարցնում եմ նրան:
Հարցս տանտիրոջ սրտով էր:
-Հինգ: Մեկ աղջիկ, որը մայրաքաղաքում է ապրում, և չորս տղա:
-Իսկ թոռնե՞ր:
-Թիվը չգիտեմ,- ծիծաղում է: – Հաշվեմ, ասեմ:
Կնոջն է օգնության կանչում:
-Օլգա՛, քանի՞սն են մեր թոռները:
-Տասնվեցը:
-Ճիշտ է՝ 16-ը: Վեցը՝ լաչառ, տասը՝ աչառ:
-Այսինքն՝ վեց աղջիկ, տասը տղա:
-Բա էլ ոնց: Գևորգս պայմանագրային է: Ամսվա կեսը դիրքերում է, կեսը՝ տանը: Մի գաղտնիք էլ ասեմ, զարմանաս:
-Ասե՛ք:
-Մեր տանը չորս ազգի ներկայացուցիչ կա. հայ, ռուս, մոլդավացի ու գերմանացի: Իմ հորական պապն էլ գերմանացի է եղել:
-Իսկապես որ, զարմացա,- ասում եմ ես:
Հաջորդ տունը, որ այցելեցինք, պայմանագրային զինծառայող, 44-օրյա պատերազմի մասնակից Խաչիկ Թաթունցի տունն է: Մեկհարկանի տան բակը կատարյալ շինհրապարակի էր նման: Մեր այցի պահին տանտերը առաջնագծում էր:
-Շինարարության մեջ ենք, դրա համար այս տեսքն ունի մեր տունը: Ամուսինս մենակ չի հասցնում, քանի որ ամսվա կեսը ծառայության մեջ է,- ասաց տանտիրուհին:
Հինգ երեխա են մեծացնում Թաթունցները՝ երեք տղա, երկու աղջիկ:
-Երեքը դպրոցական են, երկուսը՝ մանկահասակ:
Իմ այն հարցին, թե ինչպես են հասցնում հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը, Արմինեն ասաց.
-Դժվարությամբ, բայց արժանապատվորեն: Ամուսինս չափից դուրս աշխատասեր է: Նա, ինչպես ասում են, կաշվից դուրս գալով էլ լինի, հոգում է ընտանիքի հոգսերը: Ես էլ նրան տանն եմ թև ու թիկունք, տնամերձն եմ մշակում: Լոբի, կարտոֆիլ եմ ցանել: Հավ ու անասուն ենք պահում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մինչև տարեվերջ դրսի շինարարական աշխատանքները կվերջացնենք, իսկ ներսի գործերը ժամանակի հետ կամաց-կամաց կանենք: Մենք սիրում ենք մեր գյուղը, մեր հողը, կարևորը՝ խաղաղություն լինի,- ասաց Արմինեն ու շտապեց տուն. փոքրիկը քնից զարթնել էր:
Արտանիշն ունի իր մերօրյա հերոսը՝ Ռոբերտ Շուշանյան, որը հերոսաբար զոհվեց 44-օրյա պատերազմում: Գյուղի դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասարանը նրա անունն է կրում:
-Մեր դպրոցի ամենալուսավոր անկյունն է այս դասարանը,- ասաց դպրոցի նախկին տնօրեն, ՆԶՊ առարկայի ուսուցիչ Արայիկ Մարգարյանը:
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #18 (1483) 10.05.2023 - 16.05.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում