Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋ-ԱՌՈՂՋ ՀԵՏ ԴԱՐՁԵՔ ՁԵՐ ՄԱՅՐԵՐԻ ԳԻՐԿԸ



-1994 թվականի հունվարի 6-ն էր: Իմ վաշտի տղաներով Եղեգնաձորից դուրս եկանք օրվա երկրորդ կեսին: Առաջադրանք էր տրված գնալ Հորադիզ (պատմական Կովսական), որտեղ այդ օրերին ահեղ մարտեր էին ընթանում, եւ օգնական ուժի կարիք կար,- վերհիշում է Բագրատ Մաթեւոսյանը: -Երբ հասանք Գորիս, օրն արդեն մթնել էր, եւ որոշեցինք գիշերել Գորիսի հյուրանոցում, որտեղ արդեն սպասում էին մեզ: Վաղ առավոտյան, երբ պատրաստվում էինք նստել ավտոբուս՝ ռազմադաշտ մեկնելու, տեսանք հյուրանոցի առջեւ հավաքված կանանց՝ ձեռքներին ջրով լիքը դույլեր: Բարի լույս ասացինք, բարի լույս պատասխանեցին, ու նստեցինք ավտոբուս: Երբ մեքենան շարժվեց, կանայք շտապեցին դեպի ավտոբուսը եւ ջուրը շաղ տվեցին մեր հետեւից: Ականջիս հասան «Աստված ձեզ ողջ ու առողջ հասցնի ձեր մայրերին» խոսքերը: Իրոք, ողջ-առողջ տուն դարձանք, ու հանգամանքների բերումով ծառայության անցա զորամասում՝ ինձ համար հարազատ մի քաղաքում: Այսօր էլ, երբ անցնում եմ քաղաքի փողոցներով ու հանդիպում եմ հայ կնոջ, տատիկի, մի խոսքով՝ հայուհու, ուզում եմ որդիաբար, եղբայրաբար մոտենալ, համբուրել ձեռքը եւ իմ ու ընկերներիս անունից ասել.
-Հիշո՞ւմ եք, ձմռան մի առավոտ էր, մենք պատերազմ էինք մեկնում: Ովքե՞ր էին այն անծանոթ հայ կանայք, որոնք մեզ օրհնանքով ճանապարհ դրեցին: Միգուցե դուք էլ էիք այնտեղ…
Այսպես ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել նրանց, որոնց աղոթքի շնորհիվ գուցե ողջ մնացինք… ի՞նչ իմանաս…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Հոգևոր-մշակութային


21/01/2011