Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԿՈՄԸ



1992-ի փետրվարին, երբ Կապանի տարածքային զինվորական կոմիսարն էր, Գենադի Դավիդյանը հավաքագրեց կամավորների, իր ընկերներին, ինչպես նաեւ շրջանի բնակչության հանգանակած գումարով ու նվիրատվություններով հանդերձավորեց ու զինեց մարտիկներին, նրանց նախապատրաստեց ու մարտի առաջնորդեց։ Շրջանի առաջին ինքնապաշտպանական կամավորական գումարտակն էր դա։

Գումարտակը 90 կմ երկարությամբ սահման է պահել, պաշտպանել, մասնակցել Դավիթ Բեկ, Ներքին Հանդ, Ճակատեն եւ Սրաշեն սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական կռիվներին, մարտերով հասել Կուբաթլու, ապա՝ Հորադիզ…

1992-ի ապրիլի 24-ն էր։ Կապանում կտրուկ սրվեց իրադրությունը։ Առավոտյան սկսվեց հրետակոծությունը։ Զանգելանի շրջանի՝ խոշոր կրակակետերի վերածված Ախքենդ, Ղազանչի եւ Էյներ բնակավայրերից արձակված «Գրադի» արկերից ավերվում էին բնակելի շենքերը, դպրոցներն ու հիվանդանոցները։ Պայթած արկերի ծխով ու փոշու ամպերով ծածկված քաղաքի նկուղային հոսպիտալները լեփ-լեցուն էին վիրավորներով։ Օրվա երկրորդ կեսին հրետակոծությունը սաստկացավ։ Ոռնացող արկերի պայթյունների որոտին ասես վերջ չկար։ Քաղաքի թաղամասերում հրդեհ բռնկվեց։ Բոցավառվող շենքերի նկուղներից լսվում էին կանանց ու երեխաների աղեկտուր ճիչերը: Գենադին, որ մարտերում արդեն վարժվել էր ամեն ինչի, ձեռք բերել ռազմական փորձ, իր ընկերների՝ Միշայի, Ստեփանի, Արմենի ու մյուս քաջերի հետ ուղղաթիռով օդ բարձրացավ՝ կատարելու մարտական առաջադրանքը։ Ուղղաթիռը Վազգեն Սարգսյանի հրամանով գնդապետ Քաջիկ Մնացականյանն էր ուղարկել։ Օդից հուժկու հակահարված հասցվեց հակառակորդի կրակակետերին, որտեղից հրետակոծվում ու գնդակոծվում էր Կապանը։ Գենադին ուղղաթիռի գնդացրորդն էր։ Օդային գրոհներով թշնամու կրակակետերը լռեցվեցին։

-Այդ օրը շատ էին զոհերը,- շարունակում է պատմել Գենադին,- ոսոխի արկի ու ականի բեկորներով սպանված կանանց, ծերունիներին ու երեխաներին հուղարկավորում էինք գիշերը՝ 4-5 հոգով՝ նոր զոհերից խուափելու համար, քանի որ գերեզմանոցը մոտ էր ադրբեջանցիների դիրքերին։

Գենադին պատմեց նաեւ, թե 1992-ին ինչ դժվարին իրավիճակում էր հայտնվել Կապանը։ Քաղաքում լույս չկար։ Չէին բավականացնում սննդամթերքն ու դեղորայքը։ Իրադրությունն ավելի բարդացավ, երբ հակառակորդի ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել քաղաքը։ Մարդիկ ընտանիքներով ապրում էին ցուրտ ու խոնավ նկուղներում։ Ամիսներ շարունակ նկուղային պայմաններում էր ապրել նաեւ Գենադիի ընտանիքը։ 1992-ի մարտին, երբ Գենադին առաջավոր գծում էր, նրա ավագ որդին ծանր հիվանդացավ։ Նելլին՝ Գենադիի երկու անչափահաս երեխաների խորթ մայրը, 4-ամյա Ազատին գրկած (երեք տարեկան էր Ազատը, երբ մայրը մահացել էր), զինամթերքով բեռնված «Ուրալով» գիշերը հասել է Երեւան, ու երեխայի կյանքը հաջողվել է փրկել…

1993-ին Գենադի Դավիդյանը նշանակվեց Գորիսի տարածքային զինկոմ։ Գորիսը նրա ծննդավայրն է, հայրենի քաղաքը, որտեղ մանկությունն է անցել։ Գենադին զինվորականի ընտանիքում է ծնվել։ Հայրը սահմանապահ զորքերում է ծառայել, ապա՝ Էջմիածնում տեղակայված մոտոհրաձգային գնդում, երկու տարի եղել է Դիլիջանի տարածքային զինվորական կոմիսարը։ Տոկուն ու վճռական մարդ էր Ազատ Դավիդյանը, կարգուկանոնին նվիրված։ Որդու մեջ հայրն է արթնացրել զինվորական համազգեստի հանդեպ սերը։ Ազատ Դավիդյանը կյանքից հեռացավ դեռ 40-ը չբոլորած. 11 տարեկան էր Գենադին։ Նա ավարտեց միջնակարգը, որից հետո՝ Կիեւի հակաօդային պաշտպանության բարձրագույն ինժեներական ռադիոտեխնիկական ուսումնարանը։ Երեք տարի ծառայեց ՀՕՊ զորամասում, տարբեր պաշտոններ զբաղեցրեց հանրապետության մի շարք տարածքային զինկոմիսարիատներում, եղել է նաև Թալինի տարածքային զինկոմը։ Եվ ահա ճակատագիրը նորից նրան բերեց հայրենի քաղաք։ Դեռ շարունակվում էին շրջանի սահմանամերձ գյուղերի՝ Խնձորեսկի, Հարթաշենի, Կոռնիձորի ինքնապաշտպանական ծանր մարտերը։ Այդ մարտերում փառքով պսակվեց 4-րդ պայմանագրային գումարտակը, որի հրամանատարն էր Սուրեն Խաչատրյանը (Սյունիքի ներկայիս մարզպետը)։ Մարտական փառավոր ուղի անցած գումարտակի շարքերում կռվում էին նաեւ զինկոմիսարիատի սպաները՝ զինկոմի հետ։

Գումարտակը արյունահեղ մարտերից հետո նոր էր համալրում ստացել, երբ լուսադեմին լուր ստացվեց, որ ադրբեջանցիները, մարտի նետելով թարմ ուժեր, այդ թվում` զրահատեխնիկա, հարձակում են ձեռնարկել Հարթաշենի ուղղությամբ։ Եվ տղաները նետվեցին առաջ… Կատաղի մարտը տեւեց 4 ժամ։ Ադրբեջանցի հրոսակախմբերի հարձակումը կասեցվեց, հակառակորդը, կրելով կենդանի ուժի ու տեխնիկայի մեծ կորուստներ, հետ շպրտվեց։ Այդ մարտերին մասնակցել է նաեւ Գենադի Դավիդյանը։

Գնդապետը երախտագիտությամբ է հիշում իրենց կյանքը հայրենիքի ազատությանը զոհաբերած մարտական ընկերներին՝ Մուշեղին, Կարենին, Արամին, Մուրադին, Սանասարին, Անդրանիկին, այն քաջ ու կորովի տղաներին, ովքեր գալիս էին կամավոր` համալրելու ստորաբաժանումները…

Գնդապետ Գ.Դավիդյանն այսօր էլ շարքում է, Արարատի տարածքային զինվորական կոմիսարն է։

-Արցախյան պատերազմում հաղթանակներով պսակված բանակն է իմ ամենամեծ պարծանքը,- զրույցի ժամանակ ասաց Գենադին, հետո սեղանին դրված թղթապանակից հանեց ինչ-որ փաստաթղթեր. զորամասերի հրամանատարներից ստացված շնորհակալական նամակներ էին՝ ուղղված այն զինվորների ծնողներին, որոնք զորակոչվել են Արարատի տարածքային զինկոմիսարիատից։ Այդ պահին զինկոմի դեմքն արտահայտում էր հպարտություն ու բերկրանք։

2012 թվականի հունվարի 17-ին լրանում է Գենադի Դավիդյանի ծննդյան 50 տարին։ Այդ օրը երեւանյան իր տանը կհավաքվեն հարազատներն ու բարեկամները, կգան նաեւ գնդապետի մարտական ընկերները՝ Վալերին, Ռադիկը, Գրիշան, Վիտալին, Սլավիկը, Հմայակը… Կգան շնորհավորելու պատերազմը մինչեւ վերջ պատվով անցած իրենց ընկերոջը։

ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Խորագիր՝ #02 (918) 19.01.2012 – 25.01.2012, Ճակատագրեր


25/01/2012