Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՔԱՇԱԹԱՂԸ



ՀԱՅՈՑ ՔԱՇԱԹԱՂԸԱրցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը ամենամեծն էր 8 շրջաններից։ Ընդհանուր տարածքը կազմում էր 3376 քառ. կմ։ Արևմուտքում Քաշաթաղը սահմանակից էր Հայաստանի Հանրապետությանը, հարավում Արաքս գետով անցնում էր Իրանի հետ պետական սահմանը։ Մարզկենտրոնը Բերձոր քաղաքն էր, որ հիմնադրվել էր հայկական հին բնակավայրերի տեղում։ Տարածքով հոսում է Աղավնո գետը։

Անանիա Շիրակացին (VII դ.) Քաշաթաղի կենտրոնական հատվածը կոչում է Աղահեճք, որը մ.թ.ա. IV-ից մ.թ. V դարերում գոյություն ունեցած Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից մեկն էր։ Մովսես Կաղանկատվացին նույնպես վկայում է Աղահեճք գավառի մասին։ Աղահեճք անունն օգտագործվել է առնվազն մինչև 13-րդ դարը, ինչի մասին վկայում է XIII դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը։

Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, ըստ Անանիա Շիրակացու, կոչվել է Բաղք, որը Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից էր։ Միջնադարում գավառը բաժանվել է երկու մասի։ Արևմտյան մասը կոչվել է Աճան կամ Աճանան, իսկ արևելյան մասը՝ Քաշունիք։ Հետագայում Քաշունիք անվանը զուգահեռ կոչել են նաև Բարկուշատ։ XVII-XVIII դարերում Բարկուշատը բաժանվում է մի քանի մասերի, որոնց առանձին հատվածները կոչվում էին Մաղանջուղ, Գիլաբերդ, Բարկուշատ։ Խորհրդային տարիներին, երբ շրջանը բռնակցվում է Ադրբեջանին, հայկական անունները ջնջվում են, և շրջանը վերանվանվում է Ղուբաթլու։ Քաշաթաղի շրջանի հարավային ծայրամասը, համաձայն Անանիա Շիրակացու աշխատության, կոչվել է Կովսական։

XIII դարում արդեն Աղահեճք անվանը զուգահեռ օգտագործվում էին նաև Քաշաթաղ և Խոժոռաբերդ անունները, որոնք Աղահեճք գավառի ամրոցներն էին։ Հետագայում այդ երկու ամրոցներից առավել ազդեցիկ դարձավ Քաշաթաղը, որից հետո գավառն սկսեցին կոչել Քաշաթաղ։

XVI դարում Քաշաթաղ անվանը զուգահեռ գործածական է դառնում կրճատ տարբերակը՝ Քշտաղ կամ Քշտաղի երկիր անվանաձևերը։ Մինչև XVIII դարը այն շարունակել է կոչվել Քաշաթաղ՝ ի դեմս Քաշաթաղի մելիքության։

XVI-XVIII դարերում Աղահեճքի հյուսիսարևելյան մասն առավել հայտնի էր Մաղավուզ անվամբ, իսկ XIX դարի սկզբներին՝ Տառիստ անվամբ։ 1930-1991 թթ., երբ շրջանն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, անվանվում է Լաչին։ Եվ միայն Արցախյան ազատամարտի տարիներին, երբ հայկական կամավորական ջոկատներն ազատագրում են շրջանն օտար վերահսկողությունից, շրջանը կրկին վերանվանվում է Քաշաթաղ։ Հայկական բնօրրան Քաշաթաղը հայաթափվել էր 1750-1920-ական թվականների ընթացքում, ընդհուպ մինչև 1950-1990-ական թվականներ։ Եվ միայն 1992-1993 թթ. Արցախյան ազատամարտում մեր փայլուն հաղթանակից հետո է Քաշաթաղն իր շրջակա տարածքների հետ միասին ազատագրվում, և սկսվում է հայության վերաբնակեցումը բնիկ հայկական տարածքներում։

Օրհնությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ օրերս լույս է ընծայել Զոհրապ Ըռքոյանի «Հայոց Քաշաթաղը. Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմամշակութային հուշարձաններ» գիրքը։

ՀԱՅՈՑ ՔԱՇԱԹԱՂԸԶոհրապ Ըռքոյանը 25 և ավելի տարիներ բնակվելով Քաշաթաղում և աշխատելով շրջանի կրթական համակարգում, այնուհետև լինելով «Մերան» շրջանային պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը, շրջել է Արցախի Հանրապետության ամբողջ տարածքով և ուսումնասիրել հայտնի կամ շատերին անհայտ պատմամշակութային հուշարձանները։

Չնայած տասնամյակներ շարունակ Քաշաթաղում և հարակից տարածքներում ապրել ու գործունեություն են ծավալել մեր հարևան քոչվորները, այնուամենայնիվ, պահպանվել էին հայոց դարավոր մշակույթի աննման կոթողները՝ վանքեր, եկեղեցիներ, մատուռներ, տապանաքարեր։ Քաշաթաղում շատ էին նաև նախաքրիստոնեական շրջանի դամբարաններն ու բնակատեղիները, քարանձավ-ճգնարանները, բերդ-ամրոցները։ Զոհրապ Ըռքոյանը պեղել ու բացահայտել է շրջանի գրեթե բոլոր հուշարձանները։ Նա ոչ միայն լուսանկարել, այլ նաև ուսումնասիրել ու հնագետ պատմաբանների հետ նոր կյանք է տվել շատ ու շատ անհետացման եզրին հայտնված կոթողների։

Գրքում հանրամատչելի ակնարկներով՝ հուշարձանի ճարտարապետական հորինվածք, գտնվելու վայր, կառուցման ժամանակաշրջան, ներկայացվում են անձեռակերտ կոթողները՝ Աղավնո հովտի Ծիծեռնավանքը, Մելիք Հայկազյանների մելիքական ապարանքը, Զիրիկի հանգստարանը, Մկնատամի Խաչ եկեղեցին, Պահու բերդը, Բարկուշատի ամրոցը, Եղեգնու ձորի սրբատունը, Զորախաչի եկեղեցին, Քաշունի բերդը, Ճապկուտի եկեղեցին, Արտաշավի գյուղի խաչքարերը, Բերքնի գյուղի եկեղեցին և մոտակա հնավայրը, Վակունիսի եկեղեցին, Լալազարի կամուրջը, խաչքարեր, ժայռապատկերներ, վիշապաքարեր, դամբարաններ ու գյուղատեղիներ, կիսավեր ամրոցներ։

«Հայոց Քաշաթաղը. Աղահեճք-Քաշաթաղ գավառի պատմամշակութային հուշարձաններ» գիրքը ավելի քան 30 տարվա աշխատանքի արդյունք է և ունի աղբյուրագիտական բացառիկ նշանակություն։

Ցավոք, հայոց Քաշաթաղը 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում նորից հայտնվեց ադրբեջանական գերության մեջ, իսկ շրջանի բազմաթիվ ու բազմազան պատմամշակութային հուշարձանների ճակատագիրը մնում է անհայտ։

 

ՀԱՍՄԻԿ  ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Հոգևոր-մշակութային


19/05/2023