Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸ



Երկրի ուժն ու փառքը` բանակն ու մշակույթը, քայլել են կողք կողքի, զինվորն ու մտավորականը միասին են անցել անկախության դժվարին ճանապարհը: Միասին են պաշտպանել մեր հայրենիքի ֆիզիկական եւ հոգեւոր սահմանները: Պաշտպանել են ու արարել: Զինվորը զորություն է տվել մտավորականի գրչին, մտավորականը զինել է զինվորի հոգին, որ մեր դարավոր երթը լինի հարատեւ ու հաղթական:

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր պատմության քառուղիներում հաճախ զրկվել ենք ամենակենսական ու կարեւոր արժեքներից, ինչպիսիք են պետականությունը, բանակը, պատմական հայրենիքը։ Կառուցել ենք ուրիշի համար, ծառայել ենք օտարի բանակում, ու բնական է, որ սեփական պետություն ու ազգային բանակ ունենալու երազանքը եղել է ամենաբաղձալին ու նվիրականը։ Հայ մարդը բնազդով է զգացել բանակի կարեւորությունն ու անգնահատելի արժեքը։ Երբ եղբորս բանակ էին տանում, Երեւանից զանգեցի հորս, որ Ստեփանավանում էր, ու ասացի, որ Հայկին զորակոչում են։ Հայրս երկար լռեց ու անջատեց հեռախոսը։ Ամիսներ անց հանդիպեցի հորս (եղբայրս արդեն բանակում էր)։ «Տղա՛,- ասաց հայրս,- ռուսները մեզ ձրի ռազմական գործ են սովորեցնում, փոխանակ ուրախանանք, նազուտո՞ւզ ենք անում։ Ամեն հայ տղա պիտի զենք բռնել սովորի, տիրապետի ռազմական գործին, որ իր հողը, իր տունը պաշտպանել կարողանա»։ Հայրս իմաստուն մարդ էր ու հասկանում էր, որ վաղ թե ուշ մենք պիտի լինենք մեր ճակատագրի տերը։ Չեմ մոռանում հայկական բանակի փոքրիկ խմբի շքերթը Սիսիանում (բանակը նոր-նոր էր կազմավորվել), բոլորս ուրախությունից արտասվում էինք։ Մեր հայ տղաները զինվորական համազգեստով էին, ձիգ, հպարտ, կրակոտ, հայրենասեր, ազգային բանակի ծնունդը շատ էր սպասված, շատ էր բաղձալի, շատ էր թանկ։ Դաժան ու անարդար աշխարհում ազգային բանակը մեր հույսն է, մեր ապագայի երաշխավորը։ Ազգային բանակի զինվորականները՝ շարքայինից մինչեւ գեներալ, մեր երկրի ամենակարեւոր, ամենահարգված ու ամենասիրելի քաղաքացիներն են։ Նրանք ամեն օր թշնամու նշանառության տակ են։ Նրանք են մեզ տալիս խաղաղ ու անվտանգ ապրելու բարեբախտությունը։

Ես կարծում եմ, որ մեր ժողովրդի երկու մեծագույն նվաճումները՝ Անկախությունն ու Բանակը, անքակտելի իրողություններ են։ Առանց անկախության բանակ չկա, առանց բանակի չկա անկախություն։

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒԺՆ ՈՒ ՓԱՌՔԸՎԱՐԴՈՒՀԻ  ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ

Մարդու համար ամենաթանկ բանը Հայրենիքն է։ Քաղաքացու եւ արվեստագետի իմ աչքերով տեսա, ապրեցի մեզ պարտադրված պատերազմի ծանր օրերը, համոզվեցի, թե ինչ ինքնամոռաց նվիրումով հայ տղամարդիկ ռազմաճակատ մեկնեցին։ Քանի՜ քանիսը զոհվեցին։ Ինքս էլ մայր եմ, տատիկ, գիտեմ, թե ինչպիսի ծանր կորուստ է մոր համար զավակի կորուստը, զավակ, որ զոհաբերվում է հանուն հայրենիքի։ Եվ երբ ես փողոց եմ դուրս գալիս ու տեսնում սեւազգեստ կանանց, ցանկություն է առաջանում խոնարհվելու նրանց առաջ, որովհետեւ նրանք մեզ են զոհաբերել ամենաթանկը, ինչն ունեցել են կյանքում…

Անկախությունը մեր երբեւէ նվաճած պարգեւներից ամենանվիրականն ու սուրբն է, որը պետք է աչքի լույսի նման պահպանենք: Ազատությունն էլ ազգային իր պատկանելությունն ունի, արտահայտման ու կիրառման ձեւը։ Ազգի ոգուն ու յուրահատկություններին համահունչ։

 

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Հոգևոր-մշակութային


19/05/2023