Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՊՐԵԼԸ ՆՐԱՆՑ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ՛ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ



ՄԵՐ ԱՊՐԵԼԸ ՆՐԱՆՑ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ՛ ՊԵՏՔ Է ԼԻՆԻՄեծ ընտանիքի՝ երեք դստեր և մեկ որդու հոգատար ու նվիրված  հայր էր Ալեքսանդր Արմաղանյանը, սիրող ու ուշադիր ամուսին, նվիրված ընկեր, աշխատավայրում՝ Երևանի կոնյակի գործարանում, իր աշխատակիցների սերն ու հարգանքը վայելող գործընկեր ու… հայրենիքի պաշտպանության գործում երդվյալ կամավորական, երեք պատերազմների մասնակից:

27 տարեկան էր, չորս երեխաներից երկուսն արդեն ծնվել էին, երբ Ալեքսանդրը կամավոր մեկնեց Արցախ, կռվեց իր բաժին կռիվը, երկու անգամ վիրավորվեց:  Առաջին անգամ վիրակապվելուց անմիջապես հետո կրկին բարձրացել էր իր դիրքը: Օրեր անց երկրորդ՝ ավելի լուրջ բեկորային վիրավորումով՝ հոսպիտալացվել: Ականի պայթյունից բեկորները լռվել-մնացել էին ուսի հատվածում: Բժիշկները խուսափում էին դրանց դիպչել. թեթև սխալի դեպքում ձեռքն ընդմիշտ կանշարժանար: Այդպես էլ մինչև իր կյանքի վերջին օրերը այդ բեկորները կրում էր մարմնում: 1994 թ. մայիսի 9-ը՝ վիրավորվելուց հետո նրա տուն վերադառնալու օրը, մարտական ընկերներն ու ընտանիքի անդամները նրա երկրորդ ծնունդն էին նշում: Ալեքսանդրին բոլոր ճանաչողները վկայում են՝ նա չափազանց համեստ, հավասարակշռված, բարի անձնավորություն էր: Չէր սիրում իր մարտական անցյալից դեպքեր պատմել, գլուխ գովել: Փոխարենը՝ զինվորի համար պատրաստ էր ամեն ինչի: Ալեքսանդրի կինը՝ տիկին Լիանան է պատմում.

-Առաջին պատերազմից վերադարձավ մի շարք հիվանդություններով: Խնդրում էի՝ «Սա վերջին կռիվդ թող լինի», բայց 2016 թ. հենց լսեց, որ մարտեր են ընթանում, առարկություն չընդունող տոնով ասաց. «Զինվորներիս մենակ հո չե՞մ թողնելու»: Առանց ժամանակ կորցնելու՝ իրենց ջոկատով  կազմ ու պատրաստ մեկնեցին առաջնագիծ:

Վերադառնալով՝ տնեցիներին ասել էր. «Սա կիսատ մի բան էր՝ նախերգանք, թեստ: Էս ամենը մի օր շարունակություն է ունենալու…»:

Երբ պայթեց 44-օրյա պատերազմը, չնայելով քայքայված առողջությանը, էլի անհանգիստ էր. ի վերջո չդիմացավ, նորից ճամփա ընկավ. «Մեր զինվորների կողքին պիտի լինենք…»: Ավա՜ղ, դա նրա վերջին կռիվն էր…

Բոլոր երեք պատերազմներում էլ նույն հատվածում էր մարտնչել Ալեքսանդրը: Մարտակերտի՝ իրեն ծանոթ ու հարազատ դարձած դիրքերում էր նաև 44-օրյա պատերազմի ընթացքում: Ընտանիքը շատ քիչ տեղեկություն էր ստանում նրա մասին: Հոկտեմբերի 4-ին միայն մեկ զանգ էր հասել տուն. տեղեկացնում էր, որ տեղ են հասել:  «Որտե՞ղ ես»,- հարցրել էր կինը: «Իմ նույն տեղում»,- պատասխանել էր զգուշավոր, որից հասկացել էին, որ Մարտակերտում է: Կինը խնդրել էր, որ ընդամենը մի կարճ զանգով ժամանակ առ ժամանակ ակնարկի, որ ողջ է: Երկրորդ ու վերջին զանգը եղել էր հոկտեմբերի 12-ին: Իսկ դեպքը եղել է հոկտեմբերի 13-ի լուսադեմին:  Հոկտեմբերի 12-ին ու 13-ին ամենակատաղի մարտերն էին ընթանում: Նրանց դիրքի  ուղղությամբ ռմբակոծություն է սկսվել: Անմիջապես տղաներին ապահով թաքստոցներում տեղավորելուց հետո Ալեքսանդրը դուրս է եկել թաքստոցից՝ փորձելով կտրել թշնամու ճանապարհը: Մինչ օգնությունը տեղ կհասներ, մերձամարտ էր սկսվել, որում և հրազենային մահացու վիրավորում էր ստացել անձնազոհ կամավորականը: Զինվորները հետագայում պատմել էին, որ այդ նույն տեղով ամեն անգամ անցնելիս ակնածանքով պատվի են առնում՝ հիշելով  քաջի մահով ընկած իրենց ավագ մարտընկերոջը, ինչպես իրենք էին նրան  անվանում՝ «Հոպարին»:

Այդ օրերին զինվորի, կամավորի, սպայի անձնուրաց ու հերոսական պայքարի շնորհիվ Մարտակերտն անառիկ մնաց:

Կամավորական Ալեքսանդր Արմաղանյանը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

-Շատ էր սիրում կյանքը…,- ասում է տիկին Լիանան,- աշխույժ էր, կենսուրախ, սիրում էր պարել: Պարզ ու մաքուր սիրտ ուներ: «Անշահախնդիր» արտահայտությունը կյանքի բանաձև էր նրա համար: «Երբ մարդ ինչ-որ մեկին ուզում է օգնել,- ասում էր,- պետք է մոռանա իր մասին. բարի գործը անշահախնդրորեն պետք է արվի»: Հայրենասիրության մասին չէր սիրում բարձր խոսքեր հնչեցնել. դա գործով էր ապացուցում:

-Անչափ հոգատար էր բոլորիս հանդեպ և իր ազնվությամբ մեզ համար կենդանի օրինակ էր,- ասում է դուստրը՝ Անին:- Արդեն 3-րդ տարին է, որ մեզ հետ չէ, բայց նրա շունչը մեզ ուղեկցում է ամենուրեք: Փորձում ենք նրա նման լինել, նրա պես ապրել: Նա միայն հայրենասեր չէր. զինվորը նրա համար ամենաբարձր արժեքն էր: Մեզ՝ իր չորս երեխաներին անչափ սիրում էր, բայց  իր համար զինվորը ամենից բարձրն էր, իր հոգածության, մտահոգության  կենտրոնն էր, հատկապես, երբ մարտեր էին գնում… Ասում էր. «Գնա՛մ, էդ էրեխեքիս կողքին լինեմ: Մի օր էլ գուցե նրանցից մեկը իմ երեխայի կողքին կկանգնի: Չեք պատկերացնի,- ասում էր,- թե տղերքս ո՜նց են ոգևորվում մեզ տեսնելով: Կողքներին են մարդիկ, որ պատերազմով են անցել, գիտեն՝ ինչը որից հետո է»: Գիտեր, որ սա 90-ականների պատերազմը չէ, որ շատ անհավասար կռիվ է: Պարզապես նրա մարդկային տեսակը թույլ չէր տա, որ տանը ձեռքերը ծալած նստեր: Վստահ եմ, որ նրա գերագույն նպատակը հենց զինվորին ամենադժվար պահին մենակ չթողնելն էր: Սա էր, որ նրան հոգեկան հանգստություն էր պատճառում: Չէ՞ որ 1990-ականներին ինքն էլ դեռ երիտասարդ էր ու ստիպված էր պատերազմական բոլոր դժվարություններով անցնել ու ապրել: Երբ վերադարձավ ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից, հիացած էր. «Շա՜տ լավ տղերք ունենք, հզոր էրեխեք, հայրենասեր»:

-Թե՛ Ապրիլյանին, թե վերջին՝ 44-օրյա պատերազմին, երբ հիշում եմ նրա՝ պատերազմ մեկնելը, զարմանում եմ, -ասում է Անին:- Մարդիկ նույնիսկ հարսանիքի չեն պատրաստվում այդպես բարձր տրամադրությամբ: Խանդավառված գնում էր առաջնագիծ: Փորձառու էր. այս վերջին անգամ էլ իր ուսապարկը անհրաժեշտ բոլոր իրերով պատրաստեց, միայն դեղերն ավելացրեց, քանի որ շաքարախտ ուներ, տեսողության խնդիր, ինսուլին էր ներարկվում: Իրերը հավաքեց, դուրս եկավ տնից, մի ակնթարթ անգամ չշրջվեց. գնաց առանց ետ նայելու…

ՄԵՐ ԱՊՐԵԼԸ ՆՐԱՆՑ ԶՈՀՈՂՈՒԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԻ՛ ՊԵՏՔ Է ԼԻՆԻՊապայիս հետ ընկերներ էինք,- շարունակում է Անին,- նա միայն հայր չի եղել մեզ համար: Եթե ծնողները մի անգամ են իրենց երեխաներին քայլել սովորեցնում, մեր հայրը անընդհատ, մեր ամեն մի քայլափոխին մեր կողքին էր՝  ճիշտն ու սխալը սովորեցնելով: Երբեք չէր թողնում, որ վայր ընկնենք. կողքներիս էր, երբ դժվարության մեջ էինք: Նա մեր առաջնորդն էր, մեր ուղենիշը: Նրանից հետո շատ դժվար է ապրելը… Մեզ ամեն ինչ սովորեցրեց՝ բացի առանց իրեն ապրելուց:

Ամենամեծ ցավը, իհարկե, զոհվածի ընտանիքինն է,- խոսում է Անին,- բայց, այդուհանդերձ, կռվում մեզանից հեռացողները, հենց իրենց ընտանիքների համար են մարտնչում: Մտածում էի՝ ինչպե՞ս հայրս կարողացավ իր երեխաներին մենակ թողնել, իսկ զինվորներին՝ ոչ… Բայց ժամանակի հետ հասկացա, որ իրավունք չունեմ այսպես դատելու: Միշտ նրա այս բառերն եմ հիշում.  «Ե՛ս չգնամ, մյուսը չգնա, բա ո՞վ է գնալու: Գան հասնեն մեր դռան դիմա՞ց»: Ավելի լավ է՝ թշնամուդ տնիցդ հեռու դիմագրավես,  հնարավորինս շուտ կասեցնես նրան:

Ալեքսանդրի առանձնահատուկ տեսակը նրա հարազատների համար մի պարզ բացատրություն ունի՝ նրա արյան հիշողությունը: Նրա հոր մեծ տատը 17-18 դարերի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման մեծ երախտավոր, Արցախի հայտնի իշխանական տոհմի ներկայացուցիչ Եսայի Հասան-Ջալալյանի թոռնուհին է եղել: Հայրական կողմը Իգդիրից Հայաստան գաղթածների ընտանիքից էր: Մոր մեծ պապը՝ Ավագ Սադյանը, Անդրանիկի հրամանատարներից մեկն է եղել: Վերջինիս սրերը՝ որպես ընտանեկան սուրբ մասունք, պահպանելու պատիվը հենց Ալեքսանդրին էր տրվել: Նա ասում էր. «Երբ ես չլինեմ, այս սրերը ինձ հետ կդնեք՝ աջ և ձախ ձեռքերիս մոտ»: Զոհվելուց հետո նրա կամքը կատարեցին. այնպես որ, նա չբաժանվեց իր համար խորհրդանշական զենքերից:

-Ես չեմ համարում, որ պապաս չկա,- ասում է Անին,- նա հավերժության մեջ է ու միշտ ապրելու է մեր՝ իր չորս երեխաների ու մեր սերունդների մեջ: Սերունդ թողած մարդու առավելությունը հենց դա է: Ինձ համար մեծ ցավ է, որ մեր ջահել տղաները՝ դեռ սերունդ չտված, հեռացան կյանքից: Մեր անձնազոհ, հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին, բացի նրանց ծնողներից, քույր ու եղբայրներից, մեր ամբողջ ազգը պետք է հիշի՝ հատ-հատ, անուն առ անուն: Եվ մեր ապրելը նրանց չապրելուն արժանի՛ պետք է լինի:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Ճակատագրեր


19/05/2023