Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԸ



ՀԱՅԻ ԱՆԿՈՏՐՈՒՄ ԿԱՄՔԸ44-օրյա պատերազմում միակ որդուն կորցնելուց հետո գյումրեցի Մանուկյանների ընտանիքում ասես կյանքը կանգ էր առել։ Հոգեկան ծանր ապրումները դժվարությամբ հաղթահարելով՝ տիկին Հասմիկը ամուսնու և երկու աղջիկների բազմաթիվ հորդորներից հետո որոշեց նորից մայրանալ։

-Շուտով կբոլորի հիսունս, և այս տարիքում կրկին երեխա ունենալու որոշում կայացնելը չափազանց բարդ էր: Բայց այսօր կյանքը նոր իմաստ է ստացել և ապրելու ուժ ու ցանկություն է արթնացել։ Ու հիմա մի նպատակ ունեմ՝ մեծացնել փոքրիկիս, օգնել նրան հասնելու իր երազանքներին,- անկեղծանում է տիկին Հասմիկը:

Փոքրիկ էմմին մեծ դժվարություններով է լույս աշխարհ եկել. թեև ժամանակից շուտ, բայց լիովին առողջ է ծնվել։

-Պետք է լինել ուժեղ ու շարունակել ապրել՝ ապրեցնելով այն տղաներին, որոնք պայքարեցին ու երդմանը հավատարիմ խիզախորեն կատարեցին իրենց վստահված մարտական խնդիրը,- ասում է հերոսի հայրը ու որդեկորույս մյուս ծնողներին էլ հորդորում հետևել իրենց օրինակին ու ոչ մի դեպքում չհանձնվել։

Հենց վերածննդի գաղափարում է ամփոփված հայի անկոտրում կամքը։ Կանցնեն տարիներ, Էմմին կմեծանա և ծնողների, քույրերի պատմություններով կճանաչի իր հերոս եղբորը՝ Պավել Մանուկյանին, որ անմնացորդ նվիրումով կռվեց ու զոհվեց հանուն հայրենիքի պատերազմի առաջին օրերին՝ Ջրականի արյունալի  մարտերից մեկի ժամանակ:

ՀՀ նախագահի հրամանագրով գյումրեցի հերոսը հետմահու պարգևատրվել է արիության մեդալով։

Մանուկյանների շենքի հուշատախտակն ու բակի հուշապուրակը անցորդներին ասում են. այստեղ ապրել է հավերժ զինվոր Պավել Մանուկյանը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


19/05/2023