ԳՐԱԴ ՍԵՅՐԱՆ
«1918 թ. մայիսի 15-ին Էսադ փաշայի դիվիզիան և Քյազիմ փաշայի երկու գնդերը մտնում են Ալեքսանդրապոլ, այնտեղից՝ տարբեր ուղղություններով անարգել շարժվում դեպի Երևան։ Իրենց ճանապարհին թուրքերը ավերում, սպանում են գյուղերի բնակիչներին։ Ապարանի ճանապարհին թուրքերը նկատել են նաև սարերի գլխին ծվարած քեշիշքենդցիներին (1936 թ. մեր գյուղը Քեշիշքենդից վերանվանվում է Գեղարոտ): Երիտասարդներին, որոնց թվում և Արշակ պապին (իմ պապի ավագ եղբայրը), զենքի ուժով լցրել են մարագները, գլխագին՝ ոսկի և զենք են պահանջել։ Ով տվել է, ազատվել է, իսկ չվճարողներին, այդ թվում՝ Արշակին, տարել են Խշխշան ձոր, սրի քաշել»: Սա հատված է Լիզա Բերքյան-Աբրահամյանի «Վերհուշի մասունքներ» գրքից: Ես մի քանի անգամ կարդում եմ՝ փորձելով ինչ-որ առանձնահատուկ շեշտ եւ հույզ գտնել, որովհետև թուրքական յաթաղանի զոհ դարձած Արշակը Սեյրան Կարապետյանի մեծ պապն է: Ես ուզում եմ ինչ-որ օրինաչափություն գտնել Սեյրան Կարապետյանի ապրած կյանքի ու անցյալի միջև: Պիտի խոստովանեմ՝ ոչ մի արտառոց դրվագ, ոչ մի անսովոր պատմություն…
-Մի օր, երբ դեռ դպրոցական էի, հասկացա, որ հայրենիք եմ կորցրել ու սկսեցի մտածել այդ մասին,- ասում է Սեյրանը: Ամենասովորական բառերը, երբ հնչում են սահմանին, թշնամու դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա, արտասովոր են թվում:
Սեյրանը չի պատմում կոտորածի մասին, չի հիշում սահմռկեցուցիչ պատմություններ, ուղղակի ասում է՝ թուրքերը խլել են իմ հայրենիքը, և նրա աչքերում ինչ-որ անբնական կրակ է վառվում: Հետո Սեյրանը ուսից իջեցնում է ավտոմատը ու նստում հողաթմբին: Իսկ իմ ուղեղում ծնվում է ամենաանհեթեթ հարցը… կամ գուցե ամենատրամաբանականը:
-Հայրենիքն ի՞նչ է:
Ես իսկապես ուզում եմ իմանալ, թե ինչ է հայրենիքը մի մարդու համար, որն իր հողին սպառնացող վտանգի մասին լսելիս արտերկրից անմիջապես վերադառնում է, մեկնում ռազմաճակատ ու մնում այնքան, մինչև վտանգն անցի: Որդիներին, եղբայրներին ու կնոջն էլ տանում է հետը: Պիտի հասկանամ, թե որդուն կորցնելուց տասն օր հետո, այդ անամոք ցավն զգալուց հետո, ինչպես է մյուս երկու որդիներին իր հետ ռազմաճակատ տանելու որոշում կայացնում… Եվ ինչպես է շարունակում սահման բարձրանալ, երբ երկու որդիներից միայն մեկն է վերադառնում ռազմաճակատից:
-Դուք սովորական մարդ չեք,- ասում եմ ես: Սեյրանը նայում է անհույզ ու նույն հանդարտությամբ էլ սկսում պատմել:
-Մեր ընտանիքում աշխատասիրությունը մարդու ամենակարևոր հատկանիշն է: Մարդը ծնվել, աշխարհ է եկել, որ ինչ-որ բան ստեղծի, կյանքի յուրաքանչյուր րոպեն, ապրելու ժամանակը տրված է, որ մարդը գործ անի: Սա հորս հավատամքն էր, ու փոխանցեց ինձ: Ես 9 տարեկանից սվաղ եմ արել հորս հետ: Հայրս, իր անսահման աշխատասիրությամբ, խորհրդանիշ էր ինձ համար: Ու ես հենց նրա մասնագիտությունն ընտրեցի՝ տուն էի նորոգում: Դա իմ կյանքի ամենամեծ գործն է: Հայրս երբեք մեզ հայրենասիրության դասեր չի տվել, բայց երբ սկսվեց արցախյան առաջին պատերազմը, ես, որ 17 տարեկան էի, երկու ավագ եղբայրներիս՝ Գուրգենի ու Վարդևանի հետ գնացի ռազմաճակատ…
Արցախյան առաջին պատերազմը փոխեց կյանքս: Հայրենիքը կորցնելու վախը ինձ ուրիշ մարդ դարձրեց: Երբ վիրավորվում էի, մեռնելուց չէի վախենում, մտածում էի՝ չեմ կարողանա շարունակել կռիվը: Հոսպիտալից փախչում էի ու վերադառնում ճակատ:
Երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, ես արտերկրում էի աշխատում, անմիջապես վերադարձա ու գնացի սահման:
-Գրադ Սեյրան մականունը ե՞րբ եք ստացել:
-Արցախյան առաջին պատերազմում: Երևի հազար անգամ լսած կլինեք, բայց ուզում եմ կրկնել՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերը տասնապատիկ գերազանցում էին մեզ, բայց մենք հարյուրապատիկ էինք գերազանցում նրանց Արցախը փրկելու մեր վճռականությամբ ու միասնականությամբ: Մեկ ամիս սահմանին մնալուց հետո ես ապրիլյան պատերազմից վերադարձա խաղաղված հոգով ու երջանիկ, որովհետև տեսա հայի խիզախությունն ու հայրենասիրությունը: Ես ավագ էի, զինվորներն ինձ կամանդիր էին ասում ու հարգում էին: Երբ նրանք ձեռքիցս ուժով խլում էին սուրճի բաժակն ու ասում էին՝ մենք էստեղ, դո՞ւ պիտի լվանաս բաժակը, ես հասկանում էի, որ հաղթելու ենք կռիվը: Առաջին հայացքից կթվա՝ պարզունակ բաներ եմ ասում, բայց հայրենիքի հանդեպ սերը սկսվում է մարդու հանդեպ սիրուց: Երախտագիտությունից, պատասխանատվությունից: Իրականում հայրենասիրությունն այդ բոլորն է՝ միասին ու էլի շատ բաներ, որ պիտի մայրական կաթի հետ տաս զավակիդ ու շարունակես տալ ամբողջ կյանքում: …Տասը երեխա ունեցող մարդը չի կարող չմտածել, թե ինչպես հայրենասեր դարձնի իր զավակներին, մանավանդ, երբ նրանցից 6-ը տղա են:
Ապրիլյան պատերազմից հետո ես Հայրենիքս առանց որևէ կասկածի ու մտավախության հանձնեցի նրանց՝ երիտասարդ զինվորներին, ու գնացի աշխատելու՝ կառուցելու մարդկանց տները:
…2020-ը իմ կյանքի ամենադաժան տարին էր: Սեպտեմբերի 13-ին դպրոցական տղայիս՝ Արսենիս, օձը կծեց, բժիշկները չկարողացան փրկել: Մայրս չդիմացավ ցավին ու օրեր անց նույնպես մահացավ: Իսկ կես ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը: Կռիվ գնացինք ես, երկու որդիներս՝ Արթուրն ու Գառնիկը, եղբայրս՝ Գուրգենը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից երջանկահիշատակ եղբորս՝ Վարդևանի տղան՝ Վարշամը:
…Պատերազմն ինձնից տարավ ամենաթանկը՝ Հայրենիքս, ու որդուս՝ Արթուրիս: Երկու ամսում զրկվեցի երկու զավակներիցս ու մորիցս: Բայց Հայրենիքի կորստի հետ չեմ հաշտվում…
-Ինչո՞ւ…
Ես ուրիշ բան եմ հարցնում: Ես Հայրենիքը կշռել եմ հազար անգամ: Ամեն հերոսի, ամեն որդեկորույս մոր ու անհայր մեծացող երեխայի հետ զրույցից հետո տեսել եմ, թե ինչպես է ծանրանում Հայրենիքի նժարը: Բայց հիմա ուզում եմ չափել սահմանին, թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա նստած մարդու՝ Գրադ Սեյրանի Հայրենիքի մեծությունն, ու միտքս քարանում է այդ անհավանական ընդգրկումից:
-Հայրենիքի համար պիտի կռվի կամավորականը: Պատերազմի ժամանակ և՛ զինվորականների, և՛ քաղաքացիների համար առաջնագիծ գնալը պիտի կամավոր լինի: Որովհետև կռվում ու հաղթում է միայն կամավորականը: Կարևոր չէ, թե ինչքան զորք ունես, կարևոր է, թե քո ռազմիկներից քանիսն են կամավորական: …Նրանք կամավորականներ են:
Սեյրանը ձեռքով ցույց է տալիս դիրքապահ տղաներին: Բոլորն էլ ժպտուն են, բարձրահասակ ու պինդ:
-Գրադն իսկական հրամանատար է: Ես վաղուց նրա կողքին եմ ու միշտ նրա կողքին եմ լինելու, կատարելու եմ նրա բոլոր հրամանները:
Բարձրահասակ, թավ մորուքով, վառվռուն աչքերով, թխահեր տղամարդ է:
-Գրադն իր ապրած կյանքով սովորեցնում է, թե ինչպիսին պիտի լինի հայ տղամարդը, և ինչպես պիտի սիրել հայրենիքը: Եթե երբևէ տղաս՝ Արենս, հրամանատար ունենա, կուզենամ, որ Գրադի նման լինի: Արենս 2 տարեկան է, ամեն գիշեր զինվորական պատվի առած՝ լսում է իր երկրի պետական հիմնը ու դրանից հետո միայն պառկում քնելու: Ես եմ այդպես սովորեցրել, ու ես էլ մինչև վերջին շունչս պայքարելու եմ մեր ամեն թիզ հողի համար, որ մեծ Հայրենիք ժառանգեմ տղայիս: Մեծ հպարտություն: Սա Գրադ Սեյրանի ու մեր բոլոր դիրքապահ տղաների երդումն է:
-Սևակ Մովսիսյանն է,- ասում է Սեյրան Կարապետյանը,- անհիշելի ժամանակներից միասին ենք:
Ես փորձում եմ շարունակել մեր ընդհատված զրույցը:
-Դիրքապահ տղաներից հաճախ եմ լսել, որ հայրենիքը թանկ է կյանքից, բայց…
44-օրյա պատերազմից հետո ես չեմ գնացել արտերկիր: Վաշտ եմ հավաքել, միացել եմ երկրապահներին: Կինս՝ Անուշը, նույնպես ինձ հետ է, մեր վաշտի սանհրանգիչն է: Չկան մեծ ու փոքր հայրենիքներ: Հայաստանի ուժը յուրաքանչյուր հայի սրտի մեջ է:
Գրադ Սեյրանը ձեռքը դնում է սրտին: Ես ակամա շոշափում եմ սեփական սիրտս:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #19 (1484) 17.05.2023 - 23.05.2023, Ճակատագրեր