Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է



ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԷԸնտանիքը փոխադարձ սիրո, հարգանքի, համերաշխության աղբյուր է, ինչի հենքի վրա էլ խարսխվում է հասարակությունը։

Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր եւ ամրակուռ ընտանիքներ, որտեղ ամեն մեկի ես-ը դառնում է համընդհանուր մենք:

Ամենից մեծ դժվարություններ հաղթահարելը, թերեւս, զինվորականների ընտանիքներին է վիճակված. նրանք զինվորականի հետ հավասար ծառայում են՝ մշտապես պատրաստ կիսելու բոլոր փորձությունները. մի ծառայավայրից մյուս ծառայավայր տեղափոխություն, հաճախ հենց սահմանին՝ կրակի տակ, դպրոցահասակ երեխաներն էլ պարբերաբար դպրոցներ են փոխում, փոքրերն էլ՝ մանկապարտեզ… Ընտանիքն էլ իր «խրամատում» է զինվորի ու զինվորականի նվիրումով կանգնած…

Օրերս Ընտանիքի միջազգային տոնի առթիվ ուսումնական զորամասերից մեկում գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել։ Զորամասը հյուրընկալել էր զինծառայողների ընտանիքների անդամներին, զոհված զինծառայողների զավակներին։

Երեխաների բանակը «գրավել» էր տարածքը, շրջում էին իրենց ծնողների ծառայավայրում, զրուցում զինվորների հետ, ծանոթանում զորամասային առօրյային, ցուցադրվող զենքին, փորձում իրենք էլ քանդել-հավաքել ինքնաձիգը:

Համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացում, մուլտհերոսներ…

Ամեն ինչ արված էր խորհրդանշական օրն առավել տոնական ու հիշարժան դարձնելու համար:

«Ընտանիք ասելով՝ նկատի չունենք միայն այն օջախը, որտեղ ապրում ենք, ընտանիք ասելով՝ առաջին հերթին նկատի ունենք մեր պետությունը, համայնքը, ծառայավայրը: Պետք է կարևորենք ընտանեկան մթնոլորտը պետության ներսում, որպեսզի կարողանանք ունենալ ամուր հիմքեր։ Սա է օրվա խորհուրդը։ Պետք է բաց լինենք մեր երեխաների համար այնքան, որ տեսնեն՝ ինչով են զբաղված իրենց հայրիկներն ու մայրիկները, որ իրենք եւս սիրեն զինվորականի գործը, որ ապագայում, ինչու չէ, նրանք էլ զինվորագրվեն,- նշում է գնդապետ Դավիթ Ալեքսանյանն ու հավելում,- առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են մեր զոհված զինծառայողների ընտանիքները, նրանց հայրերը ամենաթանկը՝ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքին… Մենք պարտավոր ենք հարազատի հոգատարությամբ ու սրտացավությամբ մշտապես նրանց կողքին լինել, նրանց աջակցել ու սատարել»:

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԷՄիջոցառմանը ներկա են Հայկ Հարությունյանի զավակները:

-Հաճախ ենք գալիս զորամաս, հայրիկի անունով անվանակոչված լսարան մտնում…

Հայկը հոգատար ամուսին էր, ամեն հարցում թեւութիկունք էր, չէր թողնի, որ տնեցիք մի ծանր գործ անեն, ֆիզիկապես շատ ամուր էր, կոփված, մի շնչով ամենադժվար աշխատանքը կաներ-կավարտեր։ Երեխաներն իր ամբողջ աշխարհն էին, իր թթվածինը։ Հայկը տունը միշտ խինդով, ուրախությունով էր լցնում, օրը տոն դարձնող էր ու երջանկանում էր երջանկացնելով… Սակայն արյունահեղ պատերազմը հազարավոր օջախների երջանկություն փլուզեց…

-Հպարտ եմ, որ հերոս հայրիկ ունեմ, երբ մեծանամ, նրա գործը կշարունակեմ ու հայրենիքս, ընտանիքս կպաշտպանեմ,- ասում է որդին՝ Համլետը:

-Աշխարհում ամենից թանկ արժեքներն են մեր մեծ ու փոքր ընտանիքները՝ հայրենիքն ու հարազատ օջախը, երկուսն էլ կարեւոր ու առաջնային, երկուսն էլ սրբություն, օդի պես անհրաժեշտ,- ասում է մայոր Հայկ Վարդանյանը:

44-oրյա պատերազմի թոհուբոհով է անցել մայոր Վարդանյանը, մարտական գործողությունների մասնակից է:

-Ամուսնանալուց առաջ կնոջս զգուշացրել էի՝ ինչ է սպասվում իրեն որպես զինվորականի կին, թվարկել էի բոլոր դժվարությունները, բացատրել, որ ծառայությունը խլում է ժամանակի առյուծի բաժինը, որ հաճախ չես հասցնում լինել ընտանիքիդ կողքին, որ փայլուն ուսադիրների հետեւում ամեն ինչ չէ, որ փայլուն է….

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԷՀայկի կինը՝ Անին, խոստովանում է՝ իրոք, դժվար է զինվորականի կին լինելը, բայց նաեւ անսահման հպարտություն է: Արդեն վեց տարվա ամուսիններ են, մեկ զավակ ունեն՝ Մարիամը, որ տունը լցրել է անսահման լույսով ու ջերմությամբ…

-Մենք էլ արդեն տասը տարի միասին ենք, երեք երեխա ունենք, առաջին անգամ ենք եկել ամուսնուս ծառայավայր,- զրույցին միանում է ավագ սերժանտ Դավիթ Հայրապետյանի կինը՝ Աղավնին:- Ամուսինս էլ է 44-օրյա պատերազմի մասնակից։ Ինչ խոսք, միշտ էլ անհանգիստ ես որպես զինվորականի կին, բայց կռվի օրերին հոգիդ փոթորկած հույզերն ու ապրումները աննկարագրելի են, անպատմելի: Յուրաքանչյուր մարդ ուժեղ ու հաստատուն է իր ընտանիքով, հարազատ օջախն է մեզնից յուրաքանչյուրի ապավենը, յուրաքանչյուրիս համար էլ ընտանիքը թանկ արժեք է, ու օրվա խորհրդին համահունչ՝ բարեմաղթանքս, ցանկությունս մեկն է՝ թող բոլոր զինվորները, զինվորականները վերադառնան աշխարհի ամենաջերմ անկյունը՝ հարազատ տուն…

-Ամեն ինչ սկսվում է հենց ընտանիքից, ընտանեկան դաստիարակությունից. ազգային արժեքները, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է,- մեկմեկու լրացնելով ասում են ամուսիններ՝ ավագ լեյտենանտ Հարություն Միքայելյանն ու ենթասպա Մարիամ Հարությունյանը.

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է-Նույն գյուղից ենք՝ Ջանֆիդայից, նույն դասարանում ենք սովորել, հիմա էլ երկուսով համազգեստ ենք կրում: Անկեղծ ասած՝ դժվար է, երբ ընտանիքում ծնողները զինվորական են, մանավանդ պատերազմի օրերին գրեթե տանը չէինք լինում…

Որքան էլ որ զինվորական կյանքը լի է տարատեսակ դժվարություններով, միեւնույն է՝ իրենց որդին՝ Վահանը, մտադրվել է ծնողների ուղիով գնալ, ավելին՝ հեռահար նպատակ ունի՝ որոշել է գեներալ դառնալ…

Զորամասի զինծառայող Լիլիթ Հովսեփյանի որդիները՝ Դավիթն ու Դանիելը, զինվորականի մասնագիտություն չեն ընտրել, բայց ասում են՝ հայրենիքում են ապրելու եւ արարելու…

Լիլիթը որդիների հետ Ուկրաինայից է եկել.

-Վերադարձել եմ, որ ծառայեմ իմ երկրին, որ ամուր լինի մեր Հայաստան երկիրը…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


29/05/2023