Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ՝ ԱՆԿԱԽ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑ



ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ՝ ԱՆԿԱԽ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑԵրևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը փայլուն հաղթանակ գրանցեց։ Դավիթը պոկեց  172 կգ, հրեց 205 կգ և երկամարտի 377 կգ-ով երկրորդ անգամ անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ միաժամանակ նվաճելով երեք ոսկե մեդալ առանձին մրցաձևերում և երկամարտում։ Ոսկե մեդալակիր մարզիկը ելույթից հետո հայտարարեց. «Իմ հաղթանակը նվիրում եմ մեր հայ զինվորներին՝ թող միշտ ամո՛ւր լինեն»։

 

-Մեր երկրի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում շատ կարևոր  գործ է վերապահված հենց մեր զինվորականներին,- ասում է Դավիթը:- Ես իմ հաղթանակը հենց նրանց նվիրեցի, որպեսզի իմանան, որ մենակ չեն. մենք մեր ջանքերով, մեր հաղթանակով նրանց կողքին ենք։ Իրենք սահմանին են, մենք էլ սպորտային սահմանին ենք բարձր պահում մեր երկրի պատիվը, հեղինակությունը աշխարհում։ Ծածանում ենք մեր դրոշը, որպեսզի բոլորը տեսնեն, իմանան, որ մենք կանք ու ուժեղ ենք։

-Եվրոպայի չեմպիոն։ Ի՞նչ հաղթանակ է սա, ի՞նչ արդյունք։ Ինչպիսի՞ աշխատանք է ենթադրում։

-Անկեղծ ասած՝ շատ լավ էի պատրաստվել, սպասելի էր հաղթանակս։ Կարևոր էր, որ մրցաշարը մեր երկրում էր  տեղի ունենում։ Մի կողմից՝ դա շատ ոգևորիչ էր, որ քեզ քո տանն ես զգում, մյուս կողմից՝ շատ ավելի պարտավորեցնող էր։ Այդ իսկ պատճառով շատ ավելի մեծ եռանդ էինք ներդնում, որպեսզի մեր երկրում մեր դրոշը բարձրացնենք։ Առաջին հերթին՝ դա մեզ համար պատվի խնդիր էր։ Արեցինք առավելագույնը, և ստացվեց։

Մեր սպորտն իր վտանգներն ունի. մարզվելիս պետք է չափազանց ուշադիր լինես, որ վնասվածք չստանաս. սա կարող է շատ ծանր հետևանքների բերել։ Անցյալ տարի ինձ հետ նման բան պատահեց։ Շատ մեծ հույսեր ունեինք ծանրամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ, շատ լավ պատրաստվել էի։ Եվ ահա  առաջնությունից բառացիորեն օրեր առաջ վնասվածք ստացա, ու դա ինձ զրկեց մրցմանը լիարժեք մասնակցելու հնարավորությունից։  Ուստի, պետք է, ուժերդ ճիշտ գնահատելով հանդերձ, նաև մեծ զգուշավորություն ու կենտրոնացում դրսևորես այս մարզաձևում։

ԱՌԱՋ ՇԱՐԺՎԵԼ՝ ԱՆԿԱԽ ԲՈԼՈՐ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻՑԻսկ իմ վերջերս տարած հաղթանակը, իրականում, մասն էր մեր ամբողջ թիմի հաղթական ելույթի։ Մեր ամբողջ հավաքականով շատ լավ էինք աշխատել և արդյունքում՝ տասը մասնակից՝ տասը մեդալ. սա շատ լուրջ արդյունք է, որ սպորտային կյանքում հաճախ չի գրանցվում։ Ես այժմ արդեն աշխատում եմ աշխարհի առաջնությունում լավ արդյունքներ գրանցելու ուղղությամբ։ Խոստանալ չեմ սիրում, բայց ասեմ, որ շանսերը մեծ են։

-Դուք մեր երկրի, կարելի է ասել, սպորտային դեսպաններն եք։ Հայաստանն եք ներկայացնում միջազգային հարթակներում։ Եվ, իհարկե, անհաղորդ չէիք կարող լինել նաև երկրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներին։

-Ես Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղից եմ։ Մեր գյուղում էլ ցավալի կորուստներ ունեցանք բարեկամների, ծանոթների, ընկերների շրջանում, այսքան երիտասարդ տղաների կորուստներ։ Մարզվում էինք, բայց չէինք կարողանում լիարժեք նվիրվել գործին, քանի որ անընդհատ լարված էինք, մտահոգ մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակով։ Իհարկե, պատերազմից հետո արդեն ամբողջ ուժերով լծվեցինք մարզումներին։ Անկախ ամեն ինչից՝ մենք ուժեղ ենք ու դեռ հաղթանակներ ենք կռելու։

-Ի՞նչ կուզեք ասել մեր զինվորներին։

-Թող ամո՛ւր լինեն։ Ես միշտ ասել եմ ու նորից կասեմ՝ մենք միշտ իրենց հետ ենք, իրենց կողքին։ Համբերություն և ուժ եմ ցանկանում մեր զինվորականներին։ Սրանք են այն երկու ամենակարևոր հատկանիշները, որ անհրաժեշտ են հաղթանակի հասնելու համար։ Եվ, իհարկե, մենք բոլորս պետք է միշտ առաջ շարժվենք՝ անկախ բոլոր խոչընդոտներից։

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Մարզաշխարհ


29/05/2023