ՀԻՇԱՏԱԿԻ ՈՒՂԵՐՁ՝ ԶՈՐԱՑ ԶՈՐԵՂՆԵՐԻՆ
Մայիսի 19-ին տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած «ԶՈՐԱՑ» հարթակի շնորհանդեսը։ «ԶՈՐԱՑ»-ը հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար մղված պատերազմներում զոհված մարտիկների շիրիմների տեղադրության բացահայտման համար նախատեսված հարթակ է, որը պարունակում է շիրիմների քարտեզներ, կենսագրական և արխիվային նյութեր մարտիկների ու պատերազմի ընթացքի մասին։ Այն ստեղծվել է 2021թ. դեկտեմբերին՝ «Հերոսապատում» նախաձեռնության և «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի անդամներ՝ Ժաննա Գևորգյանի, Սիմա Օհանյանի, Էրիկ Գալստյանի, Մանե Պողոսյանի, Ծովինար Գինոսյանի և Աստղիկ Մախսուդյանի նախաձեռնությամբ։ Հիմնական նպատակն է եղել 44-օրյա պատերազմով անցած, մեր կողքին ապրող, ինչպես նաև զոհված մարտիկների կյանքի և գործունեության լուսաբանումը։ Գրվել են բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ, դիմանկարներ, նկարահանվել հոլովակներ, որոնք առկա են նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։ Այժմ «Հերոսապատում»-ի խմբագիրները, ինչպես նաև մեծ թվով այլ կամավորներ աշխատում են «Զորաց» կայքէջի նյութերի պատրաստման վրա։ Հարթակի նպատակն է ստեղծել և թվայնացնել Արցախյան պատերազմի մասնակիցների՝ Հայաստանում գտնվող շիրիմների քարտեզը և հասանելի դարձնել հանրությանը, բարձրացնել մարտիկների կյանքի ու գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը, ստեղծել հոլովակների, լուսանկարների, ֆիլմերի, փաստաթղթերի, գրականության և այլ նյութերի արխիվ, որը մեծապես կօգնի պատերազմի պատմությունն ուսումնասիրողներին և թեմայով հետաքրքրված անձանց։
Հարթակի անվանման ընտրությունը կապված է Վայոց ձորի Եղեգիս գյուղում գտնվող եկեղեցու հետ, որը նվիրված է եղել զինվորականներին, պատերազմ գնալուց առաջ մարտիկները այցելել են և օրհնանք ստացել այնտեղ։ Ըստ արձանագրության՝ Զորաց եկեղեցին կառուցել է Սյունյաց Ստեփանոս Տարսայիճ եպիսկոպոսը 14-րդ դարի 20-ական թվականներին։ Եկեղեցին ունի հայկական ճարտարապետության մեջ եզակի հորինվածք։ Բաղկացած է միայն խորանից և երկու ավանդատնից։ Աղոթասրահին փոխարինում է եկեղեցու առջևի պարսպապատ հրապարակը։ Ունի երեք կամարաձև մուտք, ինչն արտացոլված է հարթակի տարբերանշանում և ներառում է նաև Եռաբլուրի երեք բլուրների գաղափարը։
ԳԱՅԱՆԵ ԸՌՔՈՅԱՆ
ուսանողուհի
Խորագիր՝ #20 (1485) 24.05.2023 - 30.05.2023, Բանակ և հասարակություն