ԽԾԱԲԵՐԴ ԵՎ ՀԻՆ ԹԱՂԵՐ
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի գործուն մասնակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ, որի արդյունքում հանրապետության զգալի մասը, Շուշիի եւ Հադրութի շրջանները հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Իսկ նույն թվականի դեկտեմբերի 12-ին, խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի պահանջները, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հարձակվեցին եւ կիրառելով ծանր հրետանային միջոցներ եւ զինտեխնիկա, բռնագրավեցին Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը։ Այդ գործողությունից հետո Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը հանդես եկավ հայտարարությամբ եւ պնդեց, որ այդ երկու գյուղերը՝ Խծաբերդ եւ Հին Թաղեր, իրենց ստորաբաժանումները գրավել են մինչեւ պատերազմի ավարտը, իսկ այնտեղ տեղակայված մարդիկ ահաբեկիչներ են։ Փաստացի, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի տարածքը, որ կազմում է ավելի քան 122 քառ. կմ, հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ահա այս մարտավարական կարեւոր նշանակություն ունեցող եւ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու պատմության մեջ մեծ դերակատարում ունեցող երկու գյուղերի մասին ենք խոսելու այս հոդվածում։
Խծաբերդը Հադրութ շրջկենտրոնից 64 կմ հեռավորության վրա է, իսկ Ստեփանակերտ մայրաքաղաքից՝ 137 կմ։ Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագետիկ եւ Վաղավեր գյուղերի հետ միասին ընդգրկված է Խծաբերդի համայնքի կազմում։ Գյուղի կողքով հոսում է Հագարի գետի վտակներից մեկը։
Տող բերդաքաղաքի թիկունքին՝ Դիզակ գավառի հռչակավոր Գտիչ վանքում Առաքել վարդապետ Կոստանդյանցը 1850-80-ական թթ. բազմաթիվ ձեռագրեր է թողել, որոնցում հիշատակություններ կան նաեւ Ագարի գավառի Եկեղեցաձոր եկեղեցու եւ Օձաբերդ ավանի մասին։ Նշվում է, որ բնակավայրը լեռնային է, օդը՝ պարզ, մաքուր եւ բուրումնավետ, ջուրը՝ սառնափայլ եւ առողջարար, դաշտերը՝ ծաղկազարդ եւ խոտավետ։ Գյուղը գտնվում է Դիզափայտ լեռան ստորոտում, Դիզակ գավառում, որ հնում Հաբանդ էին անվանում, որովհետեւ մտնում էր Փոքր Սյունիքի մեջ։ «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է երկու Հաբանդ։ Արցախի Հաբանդ գավառը անմիջապես սահմանակից է Սյունիքի Հաբանդին։ Արցախի Հաբանդ գավառի տարածքը մոտավորապես համապատասխանում է ներկայիս Արցախի Հադրութի եւ Մարտունու շրջաններին։
Խծաբերդը Քիրս լեռան հարավարեւմտյան լանջին հիմնված մի հնագույն գյուղ է, որի պատմական հուշարձանները թվագրվում են սկսած VII դարից։ Խծաբերդի շրջակայքում գտնվում են բազմաթիվ բերդեր, որոնցից մեկն էլ Օձաբերդն է, որի պատվին էլ գյուղը կոչվել է Օձաբերդ կամ Խծաբերդ։ Եկեղեցաձորը այս տարածքի նշանավոր եկեղեցին էր եւ հարկատու էր Գտիչ վանքին, որ կառուցել էին այդ եկեղեցու եպիսկոպոսներ՝ Տեր Վրթանեսն ու Տեր Սարգիսը։ Իսկ Ագարի (Հագարի) գավառի իշխան՝ եկեղեցաձորցի Վարդանը, որ ունեւոր էր ու հարգված, կնոջ՝ Եղիսաբեթի հետ մտահոգ էր, որ երեխա չեն ունենում։ Նա Ամարասի վանքի մոտ այգի էր հիմնել եւ կաթողիկոս Գրիգորիսի գերեզմանին մատաղ էր անում, որ Տերը երեխա պարգեւի։ Շուտով կատարվում է նրա փափագը, եւ զավակ է ունենում, որին անվանակոչում է Գրիգոր՝ ի պատիվ սուրբ Գրիգորիսի։ Սակայն հրեշտակը նրան երազում հայտնում է, որ իր զավակը հետագայում կմահանա օձի խայթոցից։ Վարդան իշխանը որդուն փրկելու համար բերդ է կառուցում՝ 40 ոտնաչափ բարձրությամբ, 10 ոտնաչափ լայնությամբ։ Սակայն այգուց, այնուամենայնիվ, օձ է սողոսկում եւ հայտնվում փոքրիկ Գրիգորի անկողնում։ Գրիգորը լինելով բավականին ուշիմ երեխա՝ կարողանում է սատկացնել օձին եւ վերջ դնել մոգական գուշակությանը։
Արցախի բարբառում օձին օխց կամ օղձ են ասում, հետեւաբար, Օձաբերդը այս բարբառում Օխցաբերդ է։ Ուստի, ենթադրվում է, որ օ ձայնավորն անկել է, եւ ց>ծ հնչյունափոխություն է տեղի ունեցել։ Ահա այդպես էլ Օձաբերդը դարձել է Խծաբերդ։
Դեռեւս XX դարասկզբին նշանավոր «Մշակ» թերթը գրում է. «Երկար ժամանակ Օձաբերդ, Հարար գիւղերը հարստահարվում էին ալիանլու ցեղի յայտնի աւազակների յարձակումներից ու կողոպուտներից. այդ ցեղը բացի աւազակութիւնից, ոչ մի արհեստ չունի, եւ ապրում է հայ ժողովրդի… վաստակած աշխատանքով»։
XIX դարի սկզբին Խծաբերդն ուներ 600-700 ծուխ բնակչություն։ Նրանք քաջ ու անվախ մարդիկ էին եւ զենքի ուժով պաշտպանում էին իրենց ինքնուրույնությունը։ Նրանք հրաժարվում են պարսիկ խանին հարկ վճարելուց եւ ամեն անգամ հետ էին մղում ալեանլու ցեղի քուրդ ցեղապետի հարձակումները։ Տեսնելով, որ չի կարողանում զենքի ուժով Խծաբերդի հայերին ծնկի բերել՝ խանը դիմում է իրենց համար սովորական դարձած միջոցի։ Հյուրասիրության պատրվակով ճաշկերույթի է հրավիրում գյուղի երեւելիներին եւ բոլորին թունավորում է, որից հետո հարձակվում է գյուղի վրա, բայց գյուղի առաջնորդների գլխատումից հետո անգամ, խայտառակ պարտություն կրելով, հեռանում է Խծաբերդից։ Խծաբերդցիների նկատմամբ ատելությամբ լցված խանն այս անգամ էլ այլ խարդավանքի է դիմում։ Կրոնական տոներից մեկի ժամանակ, երբ համայնքի անդամները եկեղեցում հավաքված էին քրիստոնեական ծեսի ու աղոթքի, խանը հարձակվում է եւ սրախողխող անում անզեն գյուղացիներին։ Խծաբերդի մոտակա գետակը արյունով է լցվում, եւ այդ ժամանակներից սկսած՝ այն անվանվում է Հարամ (կեղտոտ) անունով։ Գյուղն ամբողջովին ամայանում է, իսկ ողջ մնացածները փախչում են տարբեր տեղեր։ Հիմնական մասը բնակություն է հաստատում Շուշիի մոտակա ժայռի տակ, որ հետագայում անվանակոչվում է Քարին տակ։ Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Քարին տակ գյուղը հիմնադրել են հիմնականում Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերից տեղահանված գերդաստանները։
1991 թ. պատմությունը նորից կրկնվում է։ Թուրքերը նորից այրում են Խծաբերդի տները, սպանում են 7 երիտասարդի։ Ամբողջ գյուղը նորից սգի մեջ է հայտնվում։ Հինգ տարի գյուղում երաժշտություն չէր հնչում, անգամ՝ հարսանիքների ժամանակ։
1991 թ. խծաբերդցի Նարվիկ Գեւորգյանը, որ բնակվում էր Երեւանում, վերադառնում է գյուղ, ինքնապաշտպանական ջոկատ է կազմավորում, եւ ինքն էլ դառնում է ջոկատի հրամանատարը։
Լեգենդար Մոնթե Մելքոնյանը Արցախյան առաջին պատերազմի օրերին այցելում է Խծաբերդ եւ հյուրընկալվում Նարվիկ Գեւորգյանի օջախում։ Տեսնելով հրամանատարի չորս զավակներին՝ Մոնթեն ասում է.
-Նարվո՛, էս լաճերին ո՞ւմ կթողնիս, որ կբարձրանաս դիրքեր։
-Ասլան հայրիկիս, մայրիկիս կթողնեմ, հրամանատա՛ր,- հպարտորեն պատասխանում է Նարվիկ Գեւորգյանը։
Հետո, երբ բարձրանում են դիրքեր, Մոնթեն, որ լավ գիտեր Խծաբերդի դերն ու նշանակությունը, այն անվանում էր Արցախի երկաթյա դարպաս, Նարվիկ Գեւորգյանին դիմում է՝ ասելով.
-Թուն հերոս ես, որ այս պայմաններում արծիվներուդ հետ այս գյուղը պահեցիր։
Խծաբերդի ինքնապաշտպանական ջոկատը գյուղի ազատագրումից հետո մասնակցում է նաեւ Ջրականի, Որոտանի, Կովսականի, Վարանդայի շրջաններում հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը, իսկ հրամանատար Նարվիկ Գեւորգյանը հետմահու պարգեւատրվում է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ՀՀ «Արիության» մեդալով։
Խծաբերդ գյուղի շրջակայքում հաշվառված են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ՝ Եղցուն ձոր եկեղեցին՝ համանուն գյուղատեղիով, գերեզմանոց՝ Տեմին սեռ, սրբատեղի՝ Թեղին սուրբ, բազմաթիվ խաչքարեր։ Պահպանվել են Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ բերդերի ավերակները՝ պարիսպների մնացորդներով, Ղալալվի բերդ-քարայրը։ Գյուղամիջում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ սրբատաշ քարերով, եռանավ դահլիճով, որը, սակայն, չի պահպանվել։ Նշանավոր է նաեւ Ալկահան սար բնակատեղին։
Խծաբերդի Եղցուն ձոր եկեղեցին գյուղից հարավ-արեւելք է՝ Եղցուն ձոր կոչված հանդամասում (անվանում են նաեւ Հարթագոմերի եկեղեցի)։ Այն մինչեւ 2020 թ. 44-օրյա պատերազմը կիսավեր էր։ Եկեղեցու շրջակայքում տարածվում է գերեզմանոցը, որտեղ ուշագրավ են երեք խաչքարերը, որոնք հավանաբար 11-13-րդ դարերի են։ Նույն ժամանակաշրջանին է վերագրվում նաեւ եկեղեցին, որ շրջագծով պարփակված է եղել պարիսպներով, որոնց պատերը 1,5 մ բարձրությամբ, պահպանված էին մինչեւ պատերազմը։ Ճարտարապետահորինվածքային քննության համաձայն՝ Եղցուն ձոր եկեղեցին գտնվել է գյուղատեղիի կենտրոնում, կիսավեր վիճակում։ 16-17-րդ դարերի հուշարձան է՝ կառուցված տեղական կրաքարով եւ կրաշաղախով։ Խորանում, արեւելքից բացված կենտրոնական լուսամուտին զուգահեռ նույն ուղղությամբ, պատի մեջ ագուցված են փոքրիկ խաչքարեր, որոնցից յոթն ամբողջական վիճակում պահպանվել են։
Արցախի մեծ պատմություն ունեցող եւ մշակութային հարուստ ժառանգություն ունեցող գյուղերից է Հադրութի շրջանի Հին Թաղերը, ինչը վկայում են գյուղում եւ շրջակայքում պահպանված բազմաթիվ պատմամշակութային հուշարձանները։ Հին Թաղեր գյուղը շրջկենտրոնից 52 կմ հեռավորության վրա է, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 125 կմ։
1988 թ. Հին Թաղերում կազմավորվում է ինքնապաշտպանական ջոկատ (հրամանատար՝ Հ. Ամիրյան), որը 1991 թ. հուլիսից կոչվել է «Վրիժառու»։ Ջոկատը համալրվել է այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի բռնազավթած Արեւշատ եւ Խանձաձոր գյուղերի կամավորականներով։ 1992 թ. հուլիսին ջոկատը փոխակերպվել է որպես Հին Թաղերի առանձին վաշտի, իսկ սեպտեմբերին Հին Թաղերի, Խծաբերդի, Տումիի եւ Մոխրենեսի ջոկատների հիման վրա ստեղծվել է Հադրութի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկը։ Ջոկատը մասնակցել է Հադրութի, Կովսականի, Ջրականի շրջանների ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Հին Թաղեր գյուղում պահպանվել են Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), գերեզմանոցը (XVII դ.), բազում խաչքարեր՝ IX-XI դարերի, գյուղատեղիի մնացորդներ՝ IX-XI դարերի։
2020 թ. դեկտեմբերի 12-ին, 44-օրյա պատերազմի ավարտից 3 օր անց, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը բռնագրավում են ռազմավարական կարեւորություն ունեցող Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը։ Ներկայումս այդ երկու գյուղերի ու այնտեղի պատմամշակութային հուշարձանների մասին ոչինչ հայտնի չէ։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Հոգևոր-մշակութային