Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԱՊԱԳԱՅԻՆ, ՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴՆ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ



ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԱՅՆ ԱՊԱԳԱՅԻՆ, ՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴՆ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒԶրույց Արտանիշ գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկ, պահեստազորի լեյտենանտ ԱՐԱՅԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

 

-Պարոն Մարգարյան, Դուք տասը տարի Արտանիշի միջնակարգ դպրոցն եք ղեկավարել, այսօր նույն դպրոցում աշխատում եք որպես զինղեկ: Ավանդույթի ուժով մենք շատ մեծ դեր ենք վերապահում դպրոցին, քանի որ մատաղ սերնդի դաստիարակությունը թերևս ազգի ամենակարևոր խնդիրն է՝ նրանք են կառուցելու վաղվա Հայաստանը, նրանց կերպարով է պայմանավորվելու մեր ապագայի դիմագիծը:

-Սերնդի դաստիարակության շղթայում դպրոցը մի օղակ է ընդամենը: Եվ խիստ անհրաժեշտ է, որ ամբողջ մեխանիզմը գործի փոխկապակցված ու ներդաշնակ: Անշուշտ, հասարակությունը ունի տարբեր շերտեր, տարբեր խավեր, ու հնարավոր չէ ստեղծել մի իրականություն, որտեղ բոլոր ընտանիքներն ու հասարակության բոլոր շերտերը ապրեն բարձր գաղափարներով, բայց նաև չպետք է մեծ խզում լինի նրանց միջև: Եվ, որ ամենակարևորն է՝ հասարակության օրինակելի, կիրթ, հարգված հատվածը պիտի այդ բարձր արժեքների կրողը լինի:

-Դպրոցը մի վայր է, որտեղ մատաղ սերունդը ստանում է գիտելիք, կրթվում, ստեղծում է նախադրյալներ՝ իր ցանկացած ապագան կառուցելու համար: Եվ որպեսզի կրթությունը ու կրթվածությունը լինեն պահանջված, անհրաժեշտ է, որ դրանք լինեն լավ ապագայի երաշխիք:

-Համաձայն եմ: Բայց դպրոցը կերտում է նաև վաղվա հասարակության դիմագիծը: Աշակերտը դպրոցից վերցրած գաղափարներն ու պատկերացումները, բարոյական չափանիշները տանում է հասարակություն, ու եթե դպրոցը իր բարձրության վրա է, ապա վաղ թե ուշ ձևավորելու է ներդաշնակ հասարակություն:

Ազգային ավանդույթները շատ կենսունակ են, դրանք երկար են գոյատևում, նույնիսկ, երբ պայմաններն անբարենպաստ են:

Նույնը կարող եմ ասել հայրենասիրության մասին: Որքան էլ երիտասարդ սերունդը ձգտի բարեկեցության, հայրենիքի զգացողությունը, հայրենիքը պաշտպանելու մղումը նրա հոգում բնատուր է ու շատ ընդգծված:

-Աշակերտի ներաշխարհում հայրենիքի հանդեպ սերը խթանելու անհրաժեշտություն չկա՞…

-Իհարկե, կա: Մենք կազմակերպում ենք զանազան միջոցառումներ, աշակերտները պարբերաբար հանդիպում են պատերազմի հերոսներին, դպրոցի պատից կախված են մեր օրինակելի զինվորների նկարները, հումանիտար առարկաների դասավանդման ժամանակ հայրենիքի մասին խոսվում է ամեն պատեհ առիթով: Բայց, անկախ այդ ամենից, սահմանամերձ տարածքում բնակվող մարդիկ հայրենիքի պաշտպանությունը ամեն ինչից վեր են դասում, ու սա բնական է:

Ինչպես ապրիլյան մարտական գործողությունների, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր աշակերտները ռազմաճակատի համար հանգանակություններ անելուց զատ խնդրում էին, որ զինենք իրենց, որպեսզի գյուղի մեծերի հետ հերթապահեն սահմանին: Մեզ մոտ գրեթե ընտանիք չկա, որ սահմանին պայմանագրային զինծառայող չունենա այսօր:

Մենք պիտի պահպանենք եղածը, զերծ պահենք երիտասարդ սերնդին օտար ազդեցություններից ու արհեստածին արատներից… Պահպանենք մեր ծնողասիրությունը, զավակապաշտությունը, ավագության օրենքը, աշխատասիրությունը… «Արու զավակը հայրենիքինն է» մեծ խորհուրդը:

-Իսկ ո՞րն է զինղեկի գլխավոր անելիքը:

-Ինչ վերաբերում է ՆԶՊ ուսուցչին, նրան պետք է ընտրել բծախնդիր, հաշվի առնելով անցած ճանապարհն ու կենսագրությունը: Հայրենիքի, բանակի մասին խոսողը պիտի արժանի լինի այդ բառերն արտաբերելուն: Զինղեկն առաջին զինվորականն է, որի հետ շփվում է աշակերտը, այդ պատճառով էլ պիտի օրինակելի լինի ամեն ինչով: Զինղեկի գլխավոր անելիքը աշակերտներին զինվորական գործի այբուբենը սովորեցնելն է ու տղաներին նախապատրաստելը գալիք ծառայությանը: Ես այս համատեքստում առաջին հերթին կարևորում եմ հոգեբանական պատրաստությունը և հայրենասիրական դաստիարակությունը: Արդի զենքերի հետ ծանոթանալն ու շարային պատրաստություն յուրացնելը բարդ խնդիր չէ, կարևորը՝ իր զինվորանալու խորհուրդը գիտակցելն ու զինվորական գործին նվիրվելու պատրաստակամությունն է:

-Տարիների հետ փոխվում է երիտասարդ սերնդի դիմագիծը:

-Փոխվում է դրականորեն: Գալիս է մի սերունդ, որը գիտի, թե ինչ է ուզում կյանքից, ինչի է ձգտում: Տեղեկացված է, մրցունակ, աշխատասեր, պայքարող: Տեր է իր պատմությանը, իր անցյալին, ունի հայրենիքի ընդգծված զգացողություն, համարձակ է ու պատրաստ է կառուցել՝ դիմակայելով բոլոր դժվարություններին: Ես հավատում եմ այն ապագային, որը երիտասարդ սերունդն է կառուցելու:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՌԱԶՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #21 (1486) 31.05.2023 - 06.06.2023, Բանակ և հասարակություն


05/06/2023