Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ



ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐՏպավորիչ կեցվածք, գրավիչ համազգեստ, բարձր ինտելեկտ…  Նման տպավորություն ես ստանում, երբ հայտնվում ես օդաչուների միջավայրում: Գույներն է՛լ ավելի են խտանում, երբ շփվում ես ռազմական օդաչուների հետ։

Առավել տպավորիչ են արդեն իսկ մարտական թռիչքներ ունեցող օդաչուների հետ զրույցները, թեպետև նրանք սակավախոս են, բայց անգամ լռությունը, հատկապես լրագրողի համար, խիստ գայթակղիչ է։ Ինչևէ, սա գուցե մասնագիտության գրավչությունն ընդգծելու համար, իսկ իրականությունը սա է՝ արհեստավարժ օդաչու դառնալու համար երկար ճանապարհ պետք է անցնել՝ ուսումնական չորս գերհագեցած տարիներ ռազմաավիացիոն համալսարանում, ֆիզիկական ու մտավոր լարվածություն, պատասխանատվության  գերզգացում, պատվի և արժանապատվության բարձր ընկալում, մասնագիտական գիտելիքների գերազանց իմացություն: Սրանք անհրաժեշտ նախապայմաններ են, սակայն օդային մարտը թելադրում է սեփական կանոնները, ուստի անձնային որակներ ու հմտություններ կան, որ երիտասարդ մասնագետները դեռ պետք է հասցնեն կուտակել ու կոփել, մինչև որ կարժանանան բաղձալի՝ մարտական առաջադրանք կատարելու պատվին։

-Ուսումնական թռիչքների ընթացքում է, որ հրահանգիչ օդաչուները կամ առավել փորձառու օդաչուները, կարողանում են հենց օդում, ինքնաթիռի խցիկում նկատել իրենց կրտսեր ծառայակիցների մասնագիտական թերությունները, որոնք շտկման կարիք ունեն,- ասում է հրահանգիչ օդաչու Գևորգ Սիմոնյանը:

Ուսումնական վարժանքներից հետո ավագ հրահանգիչներն ու  հրամանատարական կազմը անհատապես վերլուծում են յուրաքանչյուր կուրսանտի թռիչքը, մանրամասն քննարկում բացթողումները, ոմանք նույնիսկ ինքնուրույն թռիչք կատարելու իրավունք են ստանում։ Ահա այսպիսի ճանապարհ են անցնում ազգային բանակի օդաչուները մինչև որ նրանց կվստահվի մեր երկրի օդային սահմանի լիարժեք պաշտպանությունը։

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Ազգային բանակ


12/06/2023