Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆ



ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ ԵՆԶինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 22-ի որոշմամբ՝ 2020 թվականից իրականացվում է ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագիր՝ տարեկան 500 զինծառայողի հաշվարկով, յուրաքանչյուրին մինչև 28.5 միլիոն դրամի չափով։

Պետական աջակցության ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների բնակարանային ապահովման խնդրի լուծմանն իրավական, ֆինանսական և կազմակերպչական համապատասխան կառուցակարգերի ներդրման միջոցով աջակցելուն` ապահովելով բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ: Ծրագրի բաղադրիչներից կարևորագույնը պետության մասնակցությունն է գնման գործընթացին։ Ե՛վ շահառուն, և՛ բանկը ստանում են երաշխիքներ գործարք կնքելիս։

Ծրագրի նպատակն առաջին հերթին զինվորական ծառայության գրավչության բարձրացումն է։ Այն ճկուն է, հնարավորություն է տալիս ընտրելու բնակության վայրը՝ անկախ ծառայության վայրից՝ այդպիսով խթանելով նաև մարզերում շինարարությունը։ Հիմնական պայման չի ընդունվում զինծառայողի անօթևան լինելու կամ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքը։ Ծրագրից կարող են օգտվել նույնիսկ բնակարանով ապահովվածները։ Բացի այդ, այս ծրագիրը լավ հնարավորություն է բնակարանային բարելավման կարիքավորների ցուցակում ընդգրկված և տարիներով իրենց հերթին սպասող զինծառայողների համար։ Նախորդ տարվա տվյալներով՝ մոտ 150 զինծառայող այս տարբերակով բնակարան է գնել և դուրս եկել կարիքավորների ցուցակից։

Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկի հատկացումը որոշակի ժամկետով հետաձգվել է մեկ անգամ՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմի պայմաններում զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի անհնարինությամբ: Մասնավորապես` շահառուները ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը՝ համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առուվաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով։

Ծրագիրն իր հստակ չափորոշիչներով ունի նաև զարգացման տեսլական՝ մասնակիցների կարիքներին հարմարվելու հնարավորություն։ Բնակարանային շուկան փոփոխվում է, արժեքները մեծանում են, վարկավորման ընդհանուր տրամաբանությունն է փոխվում։ Եվ որոշակի պարբերականությամբ փոփոխության է ենթարկվում նաև ծրագրում առկա պահանջների ցանկը։ Օրինակ՝ մինչև 2022 թ. դեկտեմբերի 1-ը երկարաժամկետ հիփոթեքային ծրագրով բնակարան ձեռք բերելու հայտ է ներկայացրել 1018 շահառու։ Նրանց բոլորին թույլատրել են մասնակցել՝ հաշվի առնելով առկա մեծ պահանջարկը։ Քանիսը կավարտի գործընթացը և բնակարան կամ բնակելի տուն ձեռք կբերի, այլ հարց է, բայց այդ հնարավորությունը նրանց տրվում է։ Մինչ այդ, վարկի փոխհատուցման վկայագրեր են ստացել ՀՀ ՊՆ համակարգի 1030 զինծառայողներ՝ 223 շահառու` 2020 թ., 249 շահառու` 2021 թ. և 558 շահառու` 2022 թ.: Նրանց հատկացվել է 19.346.767.342 դրամ հիփոթեքային վարկ (միջին վարկը մեկ շահառուի հաշվարկով կազմել է 18.819.928 դրամ): Բնակարանի պայմանագրային գնի 10% կանխավճար տրամադրելու միջոցով հատկացված ֆինանսական աջակցությունը 1030 շահառուի համար կազմել է 2.280.064.072 դրամ:

Ծրագրի կետերի զարգացումը բնական է, որովհետև կատարման ժամանակ խնդիրներ են ծագում, և դրանք հընթացս լուծելով է միայն հնարավոր ապահովել լիարժեք արդյունք։ Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել նաև կառավարության առաջարկած պայմանով այս ծրագրի իրականացմանը ներգրավված բանկի նկատառումները։ Առաջնահերթ սոցիալական բաղադրիչից բացի, սա նաև բանկի կողմից իրականացվող քաղաքականություն է, բիզնես ծրագիր, և բանկը կարող է վերապահումներ ունենալ կառուցապատողների մասով բանկային ռիսկերի հաշվառման քաղաքականության շրջանակում։ Ստուգվում է նաև զինծառայողի վճարունակությունը, գնահատվում են ռիսկերը, ինչից հետո նոր միայն վարկավորման որոշում է ընդունվում։

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում այս տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Քննարկվել են զարգացման ուղղությունները, աշխատակիցները լսել են դիմումատուների անհատական կարծիքները, բողոքները, փորձել ընդհանրացնել դրանք և ներկայացնել առաջարկների տեսքով։ Արդյունքում՝ հենց մասնակիցների դիտարկմամբ ԶՍՊ վարչությունը մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել, և ՀՀ կառավարության արտոնյալ պայմաններով վարկավորման պետական ծրագրում կատարվել են որոշ փոփոխություններ ու լրացումներ։ Մասնավորապես՝ 2023 թ. դիմում-հայտ ներկայացրած, սակայն վիճակահանության արդյունքներով ծրագրում չընդգրկված բոլոր շահառուներն ընդգրկվել են ծրագրում։ Բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման պայմանագրային արժեքի 10 տոկոսի փոխարեն կանխավճարի գծով պետական աջակցության չափը սահմանվել է 2.500.000 դրամ։ Վարկի տարեկան տոկոսադրույքը անմիջապես կառուցապատողից բազմաբնակարան բնակելի շենքում կառուցված կամ կառուցվող բնակարան, կամ կառուցվող բնակելի տուն ձեռք բերելու դեպքում սահմանվել է առավելագույնը 11 տոկոս նախկին 7-ի փոխարեն, որից պետությունը սուբսիդավորում է 5 տոկոսային կետը նախկին 3-ի փոխարեն։ Վարկի տարեկան տոկոսադրույքը երկրորդային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում առավելագույնը 13 տոկոս կլինի, որից կսուբսիդավորվի 5 տոկոսային կետը նախկին 3-ի փոխարեն։ Կնքվող հիփոթեքային վարկավորման պայմանագրի վարկատու կազմակերպության կողմից չեն գանձվի վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման, ձևակերպման միանվագ, ինչպես նաև վարկի սպասարկման ամսական վճարներ նախկինում ապահովագրությունների գծով գանձվող սպասարկման վճարների փոխարեն։

Երևի թե ամենասպասված փոփոխությունը ՀՀ տարածքում գործող բանկերի ու վարկային կազմակերպությունների ներգրավումն է ավելի նպաստավոր պայմաններով։ Նախկինում շահառուները իրավունք ունեին բնակարան գնել միայն մեկ բանկի հետ համագործակցող շինարարարական կազմակերպություններից՝ չկարողանալով գնել իրենց նախընտրած տարբերակը։

Կատարվել են նաև մի շարք այլ փոփոխություններ։

Զինվորականի մասնագիտությունը շատ ռիսկեր է պարունակում և պահանջում է հատուկ հոգածության դրսևորում։ Զինծառայողի պատշաճ գնահատանքի միջոցներից մեկն էլ այս սոցիալական ծրագիրն է, որն ավելի կատարելագործելու, պայմանները բարելավելու ծրագրերը շարունակական են լինելու։

 

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Խորագիր՝ #22 (1487) 07.06.2023 - 13.06.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/06/2023