Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ



-Մայրս բուժքույր էր Եղեգնաձորի հիվանդանոցում: Այդ օրերին Զանգեզուրի բուժծառայության աշխատակիցները գիշեր ու զօր հիվանդանոցներում էին. ծանր վիրավորներին առաջին բուժօգնությունից հետո ուղարկում էին Երեւան, ում հնարավոր էր բուժել՝ պահում էին: Մեր ջոկատից էլ եղան վիրավորներ, ու նրանց տեղափոխեցին Եղեգնաձոր: Հետագայում մայրս հիշում է. «Երբ լսեցի, որ Հորադիզից շտապօգնության մեքենա է մտել հիվանդանոցի բակ, վայրկյան առաջ ուզում էի տեսնել վիրավորներին, հարցուփորձ անել տղաներից, քեզնից, ի՞նչ վիճակում եք, առանց այն էլ ո՛չ քուն ունեինք, ո՛չ դադար: Երբ իջա բակ ու շտապելով, համարյա վազելով մոտենում էի մեքենայի մոտ խմբված մարդկանց, հանկարծ ոտքս կպավ մի քարի ու… երբ բերանքսիվայր պետք է ընկնեի, ուղիղ աչքերիս առաջ, գետնին տեսա մի բարակ ոսկյա շղթա՝ փոքրիկ ու գեղեցիկ խաչով: Կարծես հրաշք կատարվեց: Ալեկոծված հոգիս մեկեն խաղաղվեց: Փառք տվեցի Աստծուն, վերցրի շղթան ու խաչը եւ արդեն հանդարտ քայլերով մոտեցա մեքենային: Մարդիկ, որոնք տեսել էին, թե ես ինչպես եմ շտապում ու հիմա այդպես հանգիստ քայլում եմ, կարծեցին, թե ընկնելուց ինչ-որ վնասվածք եմ ստացել, ու ընդառաջ եկան ինձ: Ես ձեռքիս պահել էի ոսկյա խաչը ու նրանց հարցնում էի՝ ո՞վ է կորցրել: Ոչ մի արձագանք չեղավ: Հիվանդանոցում բոլորը գիտեին, որ խաչ եմ գտել, բայց այդպես էլ տերը չհայտնվեց: Խաչը գտնելուց հետո հոգիս խաղաղվեց,- ասես միանգամից վերացան կասկածներն ու տառապանքը, եւ առանց երկմտելու սպասում էի քո վերադարձին»:
Մինչ օրս մայրս խաչն ու շղթան պահում է որպես մի մասունք, լուսավոր մի հուշ՝ անցած-գնացած պատերազմական օրերից,- ավարտեց իր պատմությունը Բագրատ Մաթեւոսյանը:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #02 (867) 19.01.2011 – 26.01.2011, Հոգևոր-մշակութային


21/01/2011