ԽԱՂԱՂԱՊԱՀ ԲՐԻԳԱԴՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հունիսի 12-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել ատեստավորման քննությունները հանձնած և բրիգադում հաստիքների նշանակված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներին խաղաղապահի կապույտ բերետ հանձնելու հանդիսավոր միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Շնորհավորելով զինծառայողներին ատեստավորման առաջին փուլը հաղթահարելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ՊՆ խաղաղապահ բրիգադի շարքերը համալրած երիտասարդները պատվով են ստանձնելու իրենց ուսերին դրված պատասխանատու առաքելությունը, քանի որ ծառայելով հայոց բանակում՝ նրանք արտերկրում ներկայացնելու են մեր երկիրը:
ԶՈՒ բարեփոխումների շրջանակում կարևորելով ատեստավորման գործընթացը՝ նախարարը նաև շեշտել է, որ այն պետք է լինի շարունակական՝ դառնալով հայոց բանակի զարգացման կարևոր խթաններից մեկը:
Սուրեն Պապիկյանը ՊՆ խաղաղապահ բրիգադում ծառայության նշանակված երիտասարդներին հանձնել է կապույտ բերետները, ինչպես նաև խորհրդանշական նվերով է պարգևատրել շարքային Նվեր Չավիշյանին՝ որպես «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ատեստավորված առաջին բացարձակ գերազանցիկի:
Միջոցառումը եզրափակվել է խաղաղապահների հանդիսավոր երթով: