ԳՐՀԱՄ
Մեծ Հայքի Սյունիք նահանգի 12 գավառներից էր Կովսականը, որ կոչվել է նաև Կուսական, Կոսական և Գրհամ՝ համանուն գլխավոր բերդի անունով։ Ստեփանոս Օրբելյանը նշում է. «Սյունիքի 8-րդ նահանգ, որն այժմ Գրհամ են կոչում»։ Ղևոնդ Ալիշանը գավառը նկարագրում է Բասուտ (Ծավ) և Ողջի գետերի ավազանում։
Գավառի արևմտյան սահմանն անցել է Խուստուփ լեռան հյուսիսային լեռներով և Բասուտի արևմտյան ջրբաժանով, հարավարևելյանը՝ Արաքսով, հյուսիսարևելյանը՝ Ողջի գետով, որի ստորին հոսանքով անցել է գետի ձախ ափը և հասել Հագարի գետին։
Գրհամը մեր օրերում Արցախի հարավային հատվածում՝ Քաշաթաղի շրջանում գտնվող գեղատեսիլ և ինքնատիպ մի գյուղ էր՝ Կերեն գյուղից 1 կմ դեպի արևմուտք։ Հնագետները Գրհամ գյուղի մոտ գտնվող դամբարանաբլուրներից հայտնաբերել են ուշ բրոնզե դարի և վաղ երկաթի դարաշրջաններին վերաբերող նյութեր, ինչպես նաև հնագույն բնակավայրի մնացորդներ։
Գյուղը առավել հայտնի է Գրհամ բերդով։ Գրհամ նշանակում է համեստ, պարկեշտ, ժուժկալ։ Սյունյաց իշխանության (821-987 թթ.), հետագայում Սյունիքի թագավորության տարիներին (987-1070 թթ.) Գրհամ բերդը կարևոր դերակատարություն է ունեցել։ Այն ոչ միայն գավառի գլխավոր բերդն էր, այլև Սյունյաց իշխանների նստավայրը, որ կանգուն է եղել մինչև X-XII դարերը։ Գրհամը հիշվում է նաև 1104 թվականին՝ սելջուկների արշավանքների ժամանակ, իսկ 1166 թվականին Վարդան Արևելցին բերդը հիշում է որպես Սյունյաց թագավորությունից գրավված ամրոց։ Դավիթ Բեկի ազատագրական պայքարի ժամանակներում բերդը հիշատակվում է նաև Գուրհամ ձևով։
Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ, որտեղ ներկայացվում է Սյունյաց աշխարհի եկեղեցական ու քաղաքական ամբողջական պատմությունն ու աշխարհագրությունը, նկարագրում է նաև հայոց 552 թ. (1103 թ.) տեղի ունեցած իրադարձությունները, խոսում է նաև Գրհամ բերդի մասին. «Բոլորովին ավերվեց Բաղաց երկիրը։ Սաստիկ սգի մեջ ընկան Հայաստանի բոլոր եկեղեցիներն ու քրիստոնյաները։ Բայց Բաղաբերդը, Գեղին, Կաքավաբերդը, Շլորուտը, Կարճևանը, Մեղրին, Գրհամը մնացին Աշոտի թոռների՝ Գրիգոր թագավորի ու Սմբատի իրավունքին»։ Գրիգորն ու նրա եղբայր Սմբատը վախճանվել են նույն՝ 1166 թվականին։
Սյունյաց Գրիգոր թագավորը արու զավակ չուներ և իր դստերը՝ Կատային ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշխանի հետ և նրան դարձնում է Սյունյաց թագավոր։ Սյունիքում Հասան Գեռաքարեցու իշխանության շրջանը (1066-1070 թթ.) համընկնում է թագավորության վրա սելջուկ թուրքերի ճնշումների մեծացման հետ։ 1070 թ. սելջուկները նվաճում են Գրհամը, Գեղին, Կաքավաբերդը, Բաղաբերդը։ Հասան Գեռաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով Բաղաբերդից հեռանում է Խաչեն՝ իր հայրական կալվածքը։ Այդ իրադարձություններից հետո Գրհամը կորցնում է իր երբեմնի դերն ու նշանակությունը։
17-18-րդ դարերում Կովսական-Գրհամ գավառը բաժանվում է մի քանի գավառակների՝ Զավանդուր, Գիլաբերդ, Գրհամ, Աճան (Աճանան) մասամբ Բարգուշատ։ Երբեմնի հայաշատ ու հայաշունչ գավառը 18-րդ դարի վերջերին ու 19-րդ դարի սկզբներին թուրքերի ու քրդերի ճնշումների տակ զրկվում է իր նախկին իսկական տերերից։ Գրհամում հաստատված թուրքերն ու քրդերը բնակավայրը վերանվանում են Քեչիկլի։ Հաստատվելով հին հայկական բնակավայրում՝ քոչվոր ցեղերը հիմնահատակ ավերում են հայկական պատմամշակութային հուշարձանները, հայի՝ այս տարածքում ապրելու անխոս վկաները։
Գրհամ բերդի ավերակներ այժմ էլ կան Թղջի գետի ձախ ափին՝ անմատչելի ժայռի կատարին։ Գետափից մինչև բերդի պարիսպները վեր են խոյանում անմատչելի ժայռեր, որոնք բերդն անմատույց են դարձնում երեք կողմից։ Մինչև վերջերս պահպանվել էին պարսպի որոշ հատվածներ, որ նույնիսկ ավերակ վիճակում վեհաշուք տպավորություն են թողնում։
Դեռևս խորդրդային տարիներին Գրհամը բռնակցվում է Ադրբեջանին։ 1923 թ. Գրհամը Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Կարմիր Քուրդիստանի, իսկ 1930 թ.՝ Զանգելանի շրջանի կազմում էր։
1993 թ. նոյեմբերին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտիկներն ազատագրում են հնադարյան հայկական բնակավայրը։
1998 թ. Գրհամը նորից հայանում է, և վերականգնվում է բնակավայրի հին հայկական անվանումը։
2020 թ. 44-օրյա պատերազմում Գրհամը իր շրջակա տարածքներով կրկին հայտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո։
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Հոգևոր-մշակութային