Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ հանրապետությունում ռուսական միջուկային զենքի տեղակայումն իր հրատապ խնդրանքը և պահանջն է եղել Ռուսաստանին՝ երաշխավորելու երկրի անվտանգությունը։ Նրա կարծիքով՝ հազիվ թե որևէ մեկը կցանկանա կռվել մի երկրի դեմ, որը զսպման միջուկային զենք ունի և ագրեսիայի դեպքում պատրաստ է կիրառել այն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծրագիր է մշակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք չունեցող ևս վեց երկիր ավելացնելու համար:

Վաշինգտոնը որևէ ապացույց չունի Պեկինի՝ Մոսկվային զենք մատակարարելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի տարբեր ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն տեխնոլոգիաների տեղափոխմամբ:

G-20-ի օրակարգից դուրս են մնացել Ուկրաինային վերաբերող թեմաները: Հնդկաստանին հաջողվել է ուշադրությունը կենտրոնացնել զարգացող երկրների խնդիրների վրա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը «Կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» հրամանի պահանջների համապատասխան առաջին պայմանագիրը կնքել է «Ախմատ» ջոկատի հետ: Պայմանագիրը սահմանում է ռազմական գործողությունների գոտում կամավորական ստորաբաժանումների իրավական կարգավորումն ու գործունեությունը, ինչպես նաև պետության սահմանած սոցիալական պաշտպանության և աջակցության միջոցառումների տարածումը կամավորների և նրանց ընտանիքների վրա։

Բոլոր կամավորական ջոկատները մինչև հուլիսի 1-ը պետք է պայմանագրեր կնքեն ՌԴ ՊՆ-ի հետ։ Պաշտոնական ձևակերպմամբ՝ դա կբարձրացնի Զորքերի միացյալ խմբավորման կազմում կամավորական ջոկատների ներգրավման արդյունավետությունը:

Ռուսաստանից զեղչով ձեռք բերված նավթահումքի առաջին խմբաքանակը հասել է Պակիստան: Ռուսաստանն առաջին անգամ է նավթ մատակարարել Պակիստանին:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում և համաձայնագրերում:

Իսրայելի պաշտպանական արտադրանքի արտահանումն անցյալ տարի հասել է ռեկորդային՝ 12,556 մլրդ դոլարի։ Արտահանման ամբողջ ծավալի գրեթե մեկ քառորդը բաժին է ընկել արաբական նոր գործընկերներին։

Վլադիմիր Պուտին. «ՌԴ-ն կարող է դիտարկել Ուկրաինայի տարածքում սանիտարական գոտի ստեղծելու հարցը իր շրջանների շարունակվող հրետակոծման դեպքում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ռազմական թղթակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել աղքատացված ուրանով զինամթերք ի պատասխան հակառակորդի կողմից նման արկերի կիրառման։ Ապրիլին աղքատացված ուրանով արկեր Ուկրաինային տրամադրելու մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիան։ Այնուհետև նման ծրագրերի մասին  հայտնել է ԱՄՆ-ը։

ՌԴ նախագահի խոսքով՝ ուկրաինական հակահարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կորուստները 10 անգամ ավելի մեծ են, քան ռուսական բանակինը։

ԱՄՆ-ն ավելի քան 40,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային, նաև աշխատում է իր դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ուկրաինային ինքնապաշտպանության լրացուցիչ տարբերակներ տրամադրելու համար։

Կոսովոյի ալբանական իշխանությունները ցանկանում են Հյուսիսային Կոսովոյում սերբերին թողնել առանց սննդի և դեղորայքի՝ արգելելով կենտրոնական Սերբիայից ապրանքների մատակարարումը, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և հավելել, որ նման սահմանափակող միջոցները հակասում են միջազգային իրավունքին և նախկինում ստորագրված համաձայնագրերին։

Սերբիայի տարածքում ձերբակալել են Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության ուժերի երեք զինծառայողների։ Նրանց մոտ հայտնաբերվել է զենք, տարբեր սարքավորումներ, ռադիոկապի, GPS-նավիգացիայի միջոցներ եւ քարտեզներ:

Եվրամիությունն էլ դադարեցրել է բարձր մակարդակի քաղաքական այցելությունները եւ ֆինանսական աջակցությունը Կոսովոյին՝ երկրամասի վարչապետի՝ սերբական անկլավներում լարվածության լիցքաթափումն ապահովել չկարողանալու պատճառով։ ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ միջոցները դեռ պատժամիջոցներ չեն։

Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչվել է Եվրոպայում աշխարհակարգի ամենալուրջ սպառնալիքը:

Թուրքական «Baykar»  ընկերությունը 367 մլն դոլարի Bayraktar-TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Քուվեյթին։ Մատակարարման մրցույթին մասնակցել են նաեւ ընկերություններ ԱՄՆ-ից, ԵՄ-ից եւ Չինաստանից, բայց նախապատվությունը տրվել է թուրքական առաջարկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը նախազգուշացրել է, որ աշխարհն ավելի վտանգավոր կդառնա, եթե թույլ տա Ռուսաստանին հաղթել Ուկրաինայում։ Այդ հաղթանակը կոգեշնչի այլ երկրների, նաև Չինաստանին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ պաղեստինյան հարցի լուծման երեք առաջարկ է ներկայացրել՝ 1967 թվականի սահմաններում լիակատար ինքնիշխանությամբ անկախ պաղեստինյան պետության ստեղծում, պաղեստինյան տնտեսության կարիքների եւ ժողովրդի ապրուստի միջոցների բավարարում, խաղաղ բանակցություններ։ Չինաստանը պատրաստ է նաև դրական դեր խաղալ խաղաղ բանակցությունների կազմակերպման գործում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը մտահոգված է Ռուսաստանի եւ Չինաստանի սերտ համագործակցությունից։

Չինաստանն առնվազն 2019 թվականից Կուբայում հետախուզական կայան է կառավարում և հեշտությամբ լրտեսում ամերիկյան տարածքը։ ԱՄՆ հետախուզական ծառայություններն արդեն որոշ ժամանակ է՝ տեղյակ են ամբողջ աշխարհում հետախուզական տվյալների հավաքման Չինաստանի ավելի մասշտաբային ջանքերի մասին։ Չինական հետախուզական կայանի գոյությունը հաստատվել է «The Wall Street Journal» պարբերականում տվյալների հրապարակումից հետո միայն։ Փաստն ընդունել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը լիակատար աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Ռուսաստանի ժողովրդին եւ ցանկացել բարգավաճում եւ հաղթանակ։ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված շնորհավորական հեռագրում նա հաստատել է Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման պատրաստակամությունը։

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի տվյալներով՝ միջուկային տերություններն ակտիվորեն արդիականացնում են իրենց զինանոցները։ Փաստն անհանգստացնող է հատկապես Ուկրաինայում հակամարտության ֆոնին։

Հունիսի 12-ին Գերմանիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ամենախոշոր ռազմաօդային զորավարժությունները, որոնց մասնակցելու են 250 ինքնաթիռներ եւ 10 հազար զինծառայողներ 25 երկրներից։

Ֆինլանդիան համաձայնագրի ստորագրմամբ ավարտել է ՆԱՏՕ-ին ռազմական ինտեգրման պաշտոնական փուլը։ Սակայն ռազմական ինտեգրումը գործնականում  կարող է տարիներ տևել։ Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին միացել է 2023 թվականի ապրիլի 4-ին՝ դառնալով նրա 31-րդ անդամը։

Թուրքիան երրորդ դիվանագիտական առաքելությունն է բացել Չինաստանում՝ հյուպատոսություն Սիչուան նահանգի Չենդու քաղաքում: Երկիրն արդեն ունի դեսպանություն Պեկինում եւ հյուպատոսություն Շանհայում:

Թուրքական «Akincilar» ընկերության հետ կնքված  պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանում կստեղծվի պաշտպանական նշանակության արտադրական համատեղ ձեռնարկություն եւ լաբորատորիա։ Պատրաստի արտադրանքը նախատեսվում է մատակարարել երրորդ երկրներ։ Այժմ «Akincilar» ընկերությունն արտադրում է զրահաբաճկոններ, սաղավարտներ, զինվորական համազգեստ եւ այլն։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պետք է ավելացնեն տարաբնույթ զորավարժությունների քանակը՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Նման կարծիք է հնչել Մինսկում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, երբ քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները եւ դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին հայտարարել է աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզի վրա առնվազն երեք գերտերությունների գոյության մասին՝ ԱՄՆ, Չինաստան և Ռուսաստան: Միլին նաև խոստովանել է, որ մի շարք երկրներ գնալով ավելի կարևոր դեր են խաղում իրենց տարածաշրջաններում, և հետագայում այդ պետությունները կարող են հավակնել գերտերությունների կարգավիճակին:

Սաուդյան Արաբիան եւ Սիրիան կվերականգնեն տնտեսական համագործակցությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի սպառազինությունը համալրվել է մինչեւ 2000 կմ հեռահարությամբ հրթիռներով։

Իրանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում երկու երկրների միջեւ լարվածությունը նվազեցնելու եւ հարաբերությունները կարգավորելու համար։

Իրանի իշխանությունները հասանելիություն են ստացել Իրաքում միջազգային պատժամիջոցների շրջանակում արգելափակված շուրջ 2,5 մլրդ դոլարի իրենց ակտիվներին։

 

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Տարածաշրջան


19/06/2023