ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Գրիգոր Դավթյանը երեկ է իջել դիրքերից: Մարտկոցի հրամանատար է, ավագ լեյտենանտ: 25 տարեկան է, բայց արդեն երկու անգամ իր զինվորների հետ մասնակցել է մարտական գործողությունների: Պատերազմ է տեսել: Սպորտային կազմվածք ունի՝ լայն ուսեր, մկանուտ մարմին: Ինքը ժպտում է, աչքերը՝ չէ: Աչքերն ասես ուրիշ տարիք ունեն. մի տեսակ խորն են, խոհուն ու լի:
-Մարզի՞կ ես,- ես հայացքով ցույց եմ տալիս զինվորական համազգեստի տակ ընդգծված մկանները:
-Յոթ տարի կարատե եմ պարապել,- պատասխանում է ակնհայտ գոհունակությամբ, հետո ավելացնում՝ ես մարտիկ եմ: Մրցող:
-Մրցո՞ղ,- կրկնում եմ բնազդաբար ու մինչ փորձում եմ հարցնել, թե որն է մրցելու հաճույքը, տղան բացատրում է.
-Սիրում եմ հաղթել, մանավանդ՝ երբ հաղթանակը դժվար է տրվում: Երբ հաղթանակի համար պիտի հավաքես մարմնիդ ու հոգուդ բոլոր ուժերը: Ռինգը ինձ տվեց մի միտք, որն ամբողջ կյանքում կուղեկցի ինձ՝ մարդու մեջ ուժի անսպառ աղբյուրներ կան, պարզապես պիտի գտնես դրանք: Գիտեք՝ ինչո՞վ են տարբերվում ուժեղները թույլերից..
Ես գլխով եմ անում: Տղան հարցական հայացքով սպասում է պատասխանի: Ես լարում եմ ուղեղս և ուզում եմ արագ մի խելամիտ պատասխան գտնել.
-Ուժեղները չեն վախենում ցավից:
Տղան բարձրաձայն ծիծաղում է.
-Թույլերը պարտվում են, ուժեղները՝ չէ…
Ես թոթվում եմ ուսերս, իբր՝ բան ասացիր:
-Քանի, դե, հոգեպես չես պարտվել, ֆիզիկապես չես պարտվի,- բանաձևում է երիտասարդ սպան,- տղաներ կային, որ ռինգ էին մտնում արդեն պարտված: Մարզիկներ կային, որ ֆիզիկապես ավելի ուժեղ էին, քան հակառակորդը, բայց չէին դիմանում հոգեբանական ճնշմանն ու պարտվում էին:
Հակառակորդ բառը ինձ տանում է ուրիշ իրականություն: Որքան էլ փորձում եմ պինդ բռնել ռինգի, մրցության ու հաղթանակի մասին զրույցի թելը, միտքս գնում, սևեռվում է 44-օրյա պատերազմին: Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կա տղայի աչքերի խորքերում, ի՞նչ պատկերներ են ամփոփված անթաքույց ցավի տակ, որ անգամ ծիծաղի ցոլքերից չեն լուսավորվում:
-Դու քանի՞ տարեկան էիր պատերազմի ժամանակ,- հարցնում եմ Գրիգորին:
-Քսաներկու, դասակի հրամանատար էի:
-22 տարեկանում դասա՞կ ես տարել մարտի:
-Կարելի է ասել՝ իմ զինվորների հետ մարտադաշտում եմ ծանոթացել, որովհետև պատերազմից մեկ ամիս առաջ էի մտել զորամաս: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ավարտեցի, ու նշանակեցին ծառայության…
Երիտասարդ սպայի հայացքն այնպես է մթնում, որ ես ակամա ասում եմ.
-Ռինգից ու հաղթանակից էինք խոսում…
-Արդեն պատերազմից ենք խոսում,- պատասխանում է 25-ամյա հրամանատարը:
Իմ փորձառությունն ինձ հուշում է, որ մի քանի րոպե լռելուց, հույզերն ու մտքերը ի մի բերելուց հետո սկսելու է պատմել:
-Վախենում էի,- ասում է հանկարծ: Միտքն այնքան անսպասելի էր, որ ինձ թվում է՝ սխալ լսեցի.
-Հը՞…
-Շատ էի վախենում:
Ես օրորում եմ գլուխս. զինվորներդ կարդալու են, ի՞նչ վախ:
-Վախենում էի, որ իմ տասը զինվորներից որևէ մեկը կարող է զոհվել: Պատկերացնում էի նրանց մայրերին, ու մարմնովս սարսուռ էր անցնում: Վախենում էր, որ հակառակորդը կխլի մեզ վստահված հողը, մեր պաշտպանությանը հանձնված Հայրենիքը: Դուք գիտե՞ք, թե ի՞նչ է նշանակում զինվորականի համար չկատարել մարտական առաջադրանքը: Առավել ևս՝ նորավարտ սպայի համար, որը մեկ ամիս է, ինչ սպայի ուսադիրներ է կրում:
…Վախենում էի, որ կզոհվեմ, ու մայրս կիմանա այդ մասին: Ես մորս միակ որդին եմ: Հայրս մահացել է…Մայրս մենակ է տանը:
Այնքան պատկերավոր է նկարագրում, որ սրտիս զարկերն արագանում են: Ես ուզում եմ արագ հասնենք զրույցի վերջին:
-Դե, դու մարտիկ ես, վախին հաղթելու մի ձև հաստատ կկարողանայիր գտնել:
-Հետո հասկանում ես, որ հենց վախն է քեզ ստիպում անել անհնարինը: …Հասկանում ես, որ էդ վախի հետ պիտի ապրես մի ամբողջ կյանք: Սահմանին:
-Զինվորներդ…
Ես չեմ ավարտում նախադասությունը, բայց սպան հասկանում է հարցս:
-Ողջ են,- պատասխանում է,- ոչ մի զինվորի չեմ կորցրել: Սահմանապահ սպայի համար ամենակարևորը ինքնակառավարումն է: Երբեք խուճապի մեջ չընկնելու ունակությունը: Ես իմ զինվորների հետ մասնակցել եմ նաև սեպտեմբերյան մարտական գործողություններին: Կարելի է ասել՝ պատերազմի վետերան եմ:
…Մորս տարին երկու-երեք անգամ եմ տեսնում: Նա հեռու է ինձնից, Արմավիրի Մրգաստան գյուղում է: Իսկ ես ծառայում եմ, չեմ կարող հաճախ գնալ գյուղ: Երբեմն անդիմադրելի կարոտում եմ մորս, մեր տունը, մեր գյուղը, իմ մանկության վայրերը: Սա այն է, ինչ ես ամեն օր դնում եմ իմ Հայրենիքի ազատության ու իմ ժողովրդի արժանապատվության նժարին: Չեմ ուզում վերամբարձ բառեր ասել, բայց Հայրենիքն արժանի է ցանկացած զոհողության:
…Հիմա երազում եմ, որ մայրս կողքիս լինի, կարողանամ ավելի հաճախ վայելել նրա ներկայությունը: Երազում եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Նրանց դաստիարակել այնպես, որ ազնիվ, աշխատասեր, ուժեղ ու բարի լինեն, սիրեն Հայրենիքը…
Փոքր ժամանակ ուզում էի ազատամարտիկ դառնալ: Երբ տեսնում էի, թե ոնց են մեծարում Արցախյան կռվի հերոսներին, մտքիս մեջ նրանց սխրանքները վերագրում էի ինձ: Ու երբ հայրս մի օր ասաց, որ ուզում է ինձ համազգեստով տեսնել ու առաջարկեց սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, անմիջապես համաձայնեցի:
Ավագ լեյտենանտ Գրիգոր Դավթյանի դեմքը հետզհետե պայծառանում է, ձայնը դառնում է զիլ ու զրնգուն:
-Աշխարհի ամենալավ հայրենիքը մերն է: Ոչ մի ազգ այնքան կենսունակ ու դիմացկուն չէ, որքան հայերս:
Ես գլխով եմ անում, որ շարունակի: Զգում եմ, թե ինչպես է ոգևորության, լավատեսության մի տաք ալիք խանդավառում սիրտս:
-Ես նոր զինվորներ ունեմ: Հայաստանի տարբեր մարզերից եկած տղերք են, բոլորն էլ խելացի, պատվախնդիր, հայրենասեր, ուժեղ…Դաժան բան եմ ասելու, բայց բնությունն իր չգրված օրենքներն ունի, նա հավասարակշռում է ամեն ինչ, ու 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոս-տղերքի ոգին չի կորել, անցել է բարձրացող սերնդի արյան ու սրտի մեջ … Դու հավատո՞ւմ ես Հայաստանի ապագային,- հանկարծ հարցնում է երիտասարդ սպան:
Ես անմիջապես գլխով եմ անում:
-Ինչո՞ւ ես հավատում,- շարունակում է զարգացնել միտքը:
-Ո՞նց չհավատամ. գրեթե ամեն շաբաթ քեզ նման սպաների հետ եմ զրուցում:
Հրամանատարը լայն ժպտում է:
-Ուզում եմ քեզ զինվորներիս հետ ծանոթացնել:
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1488) 14.06.2023 - 20.06.2023, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում