Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳՈՒՄԱՐՎԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ



Լիգայում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների ձևաչափով գումարված նիստը քննարկում է Սաուդյան Արաբիայի և ապա Պարսից ծոցի մյուս միապետությունների կողմից իրենց դիտորդներին ետ կանչելու արդյունքում Սիրիայի և այնտեղ Լիգայի դիտորդական առաքելության շուրջ ստեղծված նոր իրավիճակը:

Դիտորդները ետ են կանչվում այն պատճառաբանությամբ, թե «Դամասկոսը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում երկրում արյունահեղությունը դադարեցնելու համար»:

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Ահմեդ բեն Խելլին հայտարարել է, որ մի քանի պետությունների քայլը չի կարող անդրադառնալ ողջ դիտորդական առաքելության ճակատագրի վրա, որի` երկրում մնացած 110 անդամները սովորական ռեժիմով կշարունակեն իրենց աշխատանքները, եթե Սիրիայի իշխանությունները տան իրենց համաձայնությունը: Ետ կանչվող դիտորդներին կփոխարինեն արաբական և իսլամական այլ պետությունների փորձագետները և մի քանի պետություններ Լիգային արդեն տեղեկացրել են իրենց այդ ցանկության մասին: Իսկ Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչները կշարունակեն մասնակցել Սիրիայի հարցով Լիգայի հատուկ կոմիտեի աշխատանքներին:

Միաժամանակ, ըստ շրջանառվող լուրերի, Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի ներկայացուցիչներն առաջիկայում այցելելու են Մոսկվա՝ Կրեմլին համոզելու դադարեցնել Բաշար Ասադի վարչակարգին ցուցաբերվող աջակցությունը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


25/01/2012